Լոռու քիմիական աղտոտվածության վերաբերյալ հետազոտությունը ներկայացվեց ազդակիր համայնքում

Լոռու քիմիական աղտոտվածության վերաբերյալ հետազոտությունը ներկայացվեց ազդակիր համայնքում

Լոռու քիմիական աղտոտվածության վերաբերյալ հետազոտությունը ներկայացվեց ազդակիր՝ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող նորակառույց Գրին Քեմփ էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության տուրիզմի կենտրոնում: Հանքարդյունաբերության հետևանքները մասին խոսեցին հանքարդյունաբերողները, ազդակիր համայնքների բնակիչները, համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները։

Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն ներկայացրեց վերջին 4 տարիներին կազմակերպության կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Լոռու մարզի արդյունաբերական համայնքներում և աղտոտված տարածքներում իրականացված «Ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների բաշխման քարտեզագրում Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների լեռնահանքարդյունաբերական տարածքներում» հետազոտության արդյունքները, մասնավորապես՝ մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա ծանր մետաղների ազդեցության վերաբերյալ տվյալները։

Թումանյանի ու Ստեփանավանի տարածաշրջանի տարբեր կետերից վերցվել ու հետազոտվել են շրջակա միջավայրի բաղադրիչների՝ հողի, գետի հատակային նստվածքների ու կենցաղային փոշու, սննդամթերքի՝ հավի ձվերի, ձկան, պանրի ու տեղում աճեցվող պտուղ-բանջարեղենի նմուշներ:

Հետազոտվել են նաեւ տեղացիներից վերցված կենսաբանական՝ մեզի, մազերի ու եղունգների նմուշները: Ընդհանուր առմամբ վերցվել է 400 նմուշ, որոնցում ուսումնասիրվել է պղնձի (Cu), ցինկի (Zn), կապարի (Pb), մկնդեղի (As), կադմիումի (Cd) եւ այլ ծանր մետաղների ու կայուն օրգանական աղտոտիչների առկայությունը: Համեմատության համար նմուշներ են վերցվել նաեւ Տավուշի մարզից ու Լոռու մարզի լեռնահանքարդյունաբերական ազդեցության գոտուց դուրս գտնվող տարածքներից:
Ծանր մետաղների ու կայուն օրգանական աղտոտիչների ամենամտահոգիչ արդյունքերը արձանագրվել են Ալավերդի և Ախթալա քաղաքներում։ Ալավերդիում նմուշառված հավի ձվերում դիոքսինների բարձր մակարդակ է հայտնաբերվել։

«Այն մարդիկ, ովքեր ապրում են այստեղ, պարբերաբար ենթարկվում են կանցերոգեն և ոչ կանցերոգեն նյութերի ազդեցությանը, դրանք տարբեր կերպ կարող են ազդել մարդկանց առողջության վրա», -ասում է Վալերիա Գրեչկոն։

Ծանր մետաղների բարձր մակարդակներ են հայտնաբերվել Ախթալա քաղաքի և հարակից բնակավայրերի հողերում՝ բաց հանքի, պոչանքների և պոչամբարների մոտակայքում։ Բացի այդ, Դեբեդ գետի ջրով ոռոգվող Ճոճկան գյուղի մասնավոր տնամերձ հողամասում ևս նկատվել է ծանր մետաղների բարձր մակարդակ։ Ամենախնդրահարույցը մարդու և հատկապես երեխաների առողջության համար՝ մկնդեղի առկայությունն է։

«Հանդիպումը շատ կարևոր էր նրանով, որ իմացանք այն վնասակար նյութերի մասին, որոնք առկա են մեր շրջապատում»,-ասում է Օձուն խոշորացված համայնքի ընտանեկան բժիշկ Անահիտ Նալբանդյանը։ Հավելում է, որ այսպիսի համապարփակ վերլուծություն առաջին անգամ է լսում. «Գուցե արդեն իսկ սկսենք վերլուծել, թե այն հիվանդությունները, որ ունենք այս պահին, արդյոք կապված են դրա հետ, թե՝ ոչ։ Բայց այս պահին մենք հստակ վիճակագրություն չունենք»։

«Ոչ մի համայնքի ղեկավար կամ բնակիչ չի ցանկանա նման թափոններով շրջապատված լինել, բայց ամեն դեպքում պետք է փորձենք այնպես անել, որ ռիսկայնությունը քչացնենք»,-ասում է Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։ Ըստ համայնքի ղեկավարի՝ ՏԻՄ-երն այսօր մեծ դերակատարում չունեն էկոլոգիական խնդիրների լուծման գործում։  

«Այնինչ շատ կարևոր է, որ տեղական մակարդակում ՏԻՄ-երն ունենան սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն, որով կկարողանան դիմագրավել էկոլոգիական խնդիրներին, կարգավորել հարաբերությունները հանքարդյունաբերական ընկերությունների հետ»,- ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Ասում է՝ 2019թ. առողջապահության նախարարությունը քաղհասարակության հետ դիմեց Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը, հրավիրվեցին փորձագետներ, որոնք պետք է օգնեին ազդակիր համայնքի բնակիչների առողջության գնահատում իրականացնել,  օգնեին մշակել չափորոշիչներ, սակայն գործընթացը կանգ առավ։

«Քանի որ մենք ազդակիր համայնքի բնակիչներ ենք, մեզ հետաքրքրում է մեր գյուղի, մեր երեխաների ապագան, ուզում ենք մեր երեխաներին ապրեցնենք Թեղուտում, ոչ թե արտագաղթեն։ Դժվար է արդյունքների հասնել, որովհետև դեռ նախկին իշխանությունների օրոք համակարգն այնպես են ձևավորել, որ մարդը կախվածության մեջ է հանքարդյունաբերոող ընկերությունից։ Կոնկրետ նշեմ՝ թեղուտեցիների հողը խլել են գերակա շահի ազդեցության տակ, մարդկանց թողել առանց գործի, որ մոտենում ես՝ ասում ես էս մարդը ո՞նց ապրի, ոչ մեկ դրա պատախանը չի կարոնում տալ»,-ասում է Թեղուտի բնակիչ Մարտին Շախկյանը։ Առաջընթաց է համարում այս հանդիպումը այն առումով, որ  անմիջական կապ ստեղծվեց արդյունաբերական ընկերության ու բնակիչների միջև։ Մինչ այժմ նման հանդիպումներ չեն եղել։ Այսկերպ բնակիչներն իրենց հուզող խնդիրների մասին անմիջականորեն խոսեցին ընկերության ներկայացուցիչների հետ, ներկայացրին իրենց դժգոհությունները, պահանջները, բարձրացրին Շնող գետի արտադրական թափոնաջրերով աղտոտման հարցը։ «Թեղուտ» ըներության ներկայացուցիչն ասում է՝ պոչամբարից արտադրական ջրերի հոսք դեպի ջրային բաց ավազաններ չի լինում։ Բնակիչները հակառակի մասին փաստարկներ են բերում։

«Երբ որ լինում են վթարային վիճակներ կամ հեղեղներ, որի պատճառով լինում է նաև գետի աղտոտվածություն, դա չի նշանակում, որ մենք անընդհատ գետը թունավոր նյութեր ենք լցնում»,- ասում է Թեղուտ ընկերության բնապահպանության բաժնի պետ Արմեն Ղարագյոզյանը։

Ելնելով հավաքագրված տվյալներից՝ արդյունաբերական գործունեության հետևանքով տուժել է նաև Ախթալա գետը։ Ախթալա գետի արդյունաբերական ազդեցության չենթարկված հատվածներում, որոնք գտնվում են Շամլուղի մերձակայքում գտնվող անտառներում, ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն ցածր է, քան ստորին հոսանքներում, Ախթալա քաղաքի տարածքում։ Ախթալա գետը հոսում է պոչամբարից դուրս եկող՝ այդ թվում և ռեկուլտիվացված, պոչանքների, լցակույտերի տարածքով։
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Դավիթ Աբգարյանի խոսքով՝ գետի աղտոտման հիմնական աղբյուրը Շամլուղի չշահագործվող հանքուղիներից արտահոսած ջրերից են։ «Դա տարիների առաջվա խնդիր է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ հիմա արտահոսքեր չլինի։ 2018 թ․ կառուցել ենք նոր արտադրամաս պոչերի չորացման, որը նույնպես ունի հաստատված նախագիծ, ՇՄԱԳ դրական եզրակացություն է ստացել։ Պոչերի չորացման նոր տեխնոլոգիա է, մենք հիմա այդ գործընթացն ենք կատարում, պոչերը չորացնում ենք և տեղավորում մեր նախկին բաց հանքի տարածքում»,-ասում է Դավիթ Աբգարյանը։

Քանի որ ծանր մետաղները և կայուն աղտոտիչները արագ չեն քայքայվում, այդ նյութերը երկար ժամանակ մնում են շրջակա միջավայրում՝ տևական ժամանակ վտանգ ներկայացնելով տեղի բնակիչների առողջության համար։

 www.cvmedia.am

Դեկտեմբեր 17, 2021 at 11:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր