Ախթալան՝ հանքարդյունաբերության թիրախում

Ախթալան՝ հանքարդյունաբերության թիրախում

Լոռու մարզի Ախթալա համայնքի բնակիչները և շրջակա միջավայրը հանքարդյունաբերության բացասական ազդեցության կրողն են: Այս մասին են վկայում տարբեր գիտական և փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները:

Ախթալայում է գործում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքավայրը գտնվում է Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի վարչական տարածքում, Ախթալա գետի ավազանում: Կոմբինատի գործունեության ընթացքում Ախթալա համայնքում ձևավորվել են 3 պոչամբարներ՝ «Նազիկ», «Պահեստի ձորի»/պահուստային/ և «Նահատակ»։ «Նահատակ» պոչամբարը գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջև։ 2016թ. «Ախթալայի ԼՀԿ»-ն ընդլայնել է պոչամբարի տարածքը՝ կառուցելով 8 մ բարձրությամբ պատվար, սակայն պոչամբարի ընդլայնումը շարունակվում է մինչև օրս: Մեծ Այրում գյուղի բնակելի տները պոչամբարից գտնվում են 50-100 մետր հեռավորության վրա։ «Նազիկ» պոչամբարը գտնվում է Ախթալայի վանական համալիրի մոտ, և համարվում է ռեկուլտիվացված: Սակայն պոչամբարը ծածկած հողի շերտը գրեթե չկա, և չծածկված պոչերը տեղումների հետ միասին միախառնվում են Ախթալա գետին: «Պահեստի ձորի» պոչամբարն էլ գտնվում է Շամլուղ տանող ճանապարհին: Այս բոլոր երեք պոչամբարները շրջակա միջավայրի և մարդկանց առողջության աղտոտման աղբյուրներ են:

Ինչով են աղտոտված Ախթալա խոշորացված համայնքն ու այնտեղ ապրող մարդկանց օրգանիզմը

2014թ. քիմիկոս Սեյրան Մինասյանը Մեծ Այրումի դեղձը ենթարկեց փորձաքննության և պարզեց, որ նրանց մեջ ծանր մետաղների առկայությունը գերազանցում է նորման բազմաթիվ անգամներ:  

2015թ. Հայաստանի Ամերիկյան համալսարանը Ախթալա քաղաքի երեխաների արյան փորձաքննություն իրականացրեց և պարզեց, որ ծանր մետաղները երեխաների արյան մեջ գերազանցում են նորման բազմաթիվ անգամներ:

2018-2021թթ.  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «Առնիկա» կազմակերպության համագործակցությամբ իրականացվել են հետազոտություններ, որոնք հիմնավորում են Մեծ Այրումում և Ախթալայում հանքարդյունաբերական աղտոտիչների առկայությունը և դրանց տարածումը հողերում, միրգ-բանջարեղենում և մարդու օրգանիզմում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ախթալա համայնքից վերցրած բոլոր նմուշների 26,7%-ում կապարի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ)։ Մկնդեղի նմուշների 93,6%-ում այն նույնպես գերազանցում է ՍԹԿ-ն: Ըստ նույն հետազոտությունների՝ Ախթալայում ապրող երեխաների 84,6%-ի արյան մեջ կապարը գերազանցում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ ՀՎԿ-ների առաջարկած սահմանային մակարդակը: Ախթալա քաղաքի, Ճոճկան, Քարկոպ և Նեղոց համայնքների տարածքներում աճեցված գյուղմթերքներում սնդիկ հայտնաբերվել է մշակաբույսերի 5 նմուշներում` ՍԹԿ նորմերը գերազանցվել են 2,6-11,6 անգամ։ Կադմիում հայտնաբերվել է գյուղմթերքի բոլոր նմուշներում, չորս նմուշում գրանցվել են ՍԹԿ-ի գերազանցումներ։

Նեղոց գյուղում ստացված ազնվամորու մեջ կադմիումի պարունակությունը 131,9 անգամ գերազանցել է ՍԹԿ-ն:

Կապար հայտնաբերվել է բուսական բոլոր նմուշներում, այն նույնպես գերազանցել է ՍԹԿ-ն։ Հետազոտության ամենամտահոգիչ եզրակացությունն այն է, որ Ալավերդի քաղաքում և մոտակա գյուղերում (Նեղոց, Քարկոփ, Ճոճկան) ստացվող գյուղմթերքը չի համապատասխանում ՀՀ-ում և արտերկրում գործող սննդամթերքի անվտանգության նորմերին: Վտանգավոր գյուղմթերքը սպառվում է ոչ միայն արտադրողի կողմից, այլև թափանցում է տեղական շուկա, ինչը հանդիսանում է ռիսկի գործոն բնակչության առողջության համար: 

Ալավերդի, Ախթալա քաղաքների, Ճոճկան, Քարկոպ և Նեղոց համայնքների տնամերձ հանդակների հողերում գրանցվել են մի շարք ծանր մետաղների գերնորմատիվ պարունակություններ, այդ թվում վտանգավորության I (As, Pb, Zn) և II (Cu) դասի տարրերի համար /«Exposure assessment of potentially toxic trace elements via consumption of fruits and vegetables grown under the impact of Alaverdi's mining complex», D.Pipoyan, M.Beglaryan, L.Sireyan, N. Merendino, Human and Ecological Risk Assessment: An International Journal, Volume 25, 2019 - Issue 4/: 

Վերջերս Ախթալայի և հանքարդյունաբերական ազդեցության տակ գտնվող այլ համայնքների խնդիրները լրագրողներին ներկայացնելու համար կազմակերպվեց լրագրողների այցելություն Ախթալա: «Մենք ասում ենք՝ հողեր ենք կորցնում պատերազմի հետևանքով: Բայց դրանք էլի հետ ենք բերելու: Իսկ այս աղտոտված հողերը 500-600 տարի չենք կարողանալու հետ բերել: Մեր պետությունը պետք է սրա մասին օր առաջ մտածի: Մտածի հանքարդյունաբերությանն այլընտրանք ուղղությունների զարգացման մասին: Մենք մտավոր մեծ պոտենցիալ, գյուղատնտեսություն և տուրիզմ զարգացնելու համար հեռանկարներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ տեղի բնակիչների օրգանիզմն անընդհատ է ենթարկվում այս աղտոտվածությանը: «Պետք է քաղաքական կամք դրսևորել և գոնե անվճար կամ ընկերության միջոցներով անցկացնել մարդկանց առողջության մոնիթորինգ: Գոնե՝ տարին մեկ անգամ»,- ասաց նա:

Ըստ Ինգա Զարաֆյանի՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունները մեկ խնդիր ունեն՝ ավելացնում են արտադրությունը տարեցտարի, սակայն չեն փորձում ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ, չեն փորձում կորզել ավելի շատ օգտակար հանածոներ:  «Մեծ քանակի հանքանյութ են վերամշակում, ինչը ենթադրում է, որ ավելի շատ թափոն են արտադրում: Բայց որտե՞ղ լցնեն այդ թափոնները: Պոչամբարները սահմանափակ են»,- ասաց նա:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ նշեց, որ պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան օրենսդրության ներդրում, որտեղ համայնքի բնակիչների իրավունքներն ու շահերը պաշտպանված կլինեն: «Այս պահի դրությամբ օրենսդրությունը գործում է միայն ի շահ հանքարդյունաբերողի: Ցանկացած ազդակիր համայնքի ՏԻՄ պետք է ներդնի քաղաքականություն՝ համայնքի սոցիալ-էկոլոգիական իրավունքները պաշտպանելու և համայնքի այլըտնրանքային զարգացման ուղղություններ տալու համար»,- ասաց նա:

Հոդվածը պատրաստվել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Դեկտեմբեր 17, 2021 at 09:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր