ՀՀ-ն չունի արևային ֆոտովոլտային վահանակների օգտահանման, չեզոքացման, պահման և վնասազերծման հարցերը կարգավորող նորմատիվային բազա

ՀՀ-ն չունի արևային ֆոտովոլտային վահանակների օգտահանման, չեզոքացման, պահման և վնասազերծման հարցերը կարգավորող նորմատիվային բազա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը 25.02.2022թ. NՀՎ//4783-2022 նամակով պատասխանել է ԷկոԼուրի հարցերին՝ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման վերաբերյալ:

ԷկոԼուր.

- Խնդրում ենք նշել բնակավայրերի անունները, որտեղ տեղակայվելու են արևային կայանները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան.

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայելու են 36 արևային էլեկտրակայաններ (Գեղարքունիքի մարզում 12, Արագածոտնի մարզում 15, ՀՀ Վայոց ձորի մարզում 8, Շիրակի մարզում 1):

«Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրով Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում իրականացվում է «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը:

Ներկայում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) կողմից նախապատրաստվող 120 Մվտ հզորությամբ 5 արևային կայանների կառուցման ծրագրի շրջանակներում առկա են նախնական առուվաճառքի պայմանագրով գրանցված՝ Վարդենիս համայնքում 48 հա, Թալին համայնքում 87 հա հողամասեր, նախատեսվում է ընդլայնել 40 հա Գեղամասար և 40 հա Արծվանիստ համայնքներում: Ներկայացված հողամասերն ընդհանուր կազմում են  215 հա, որոնց վրա կկառուցվի մոտավորապես 45,5 ՄՎտ ՖՎ կայան:

ԷկոԼուր.

- Կա՞ն արդյոք հաշվարկներ, թե ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը) նշված արևային կայանների 1000 ՄՎտ հզորության ցուցանիշին հասնելու համար քանի հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք է օգտագործվելու:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան.

- Նման հաշվարկներ չկան, քանի որ կախված կիրառվող տեխնոլոգիայի տիպից և կոնկրետ կայանի նախագծից՝ արևային ֆոովոլտային կայանների միավոր հզորությունների համար կարող են պահանջվել տարբեր մակերես ունեցող հողատարածքներ:

ԷկոԼուր.

- 2022թ-ի դրությամբ որքա՞ն է կազմում արևային էներգիայի մասնաբաժինը էներգահամակարգում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան.

- Արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինն ընդհանուրի մեջ կազմում է շուրջ1,15%:

01.01.2022թ. դրությամբ մինչև 500 կՎտ հզորություն ունեցող 6940 ինքնավար էներգաարտադրողներ (գումարային շուրջ 163,08 ՄՎտ հզորությամբ) կնքել են պայմանագրեր «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, ևս 518 ինքնավար էլեկտրաարտադրողներ (գումարային շուրջ 11,5  ՄՎտ հզորությամբ) ստացել են տեխնիկական պայմաններ:

01.01.2022թ. դրությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն՝ կառուցման փուլում են գտնվում էլեկտրական էներգիա արտադրող մինչև 5 ՄՎտ հզորությամբ 34 արևային էլեկտրակայաններ՝ գումարային շուրջ 154 ՄՎտ դրվածքային հզորությամբ: Ըստ տրամադրված լիցենզիաների՝ էլեկտրաէներգիա են արտադրում 27 արևային էլեկտրակայաններ՝ գումարային շուրջ 55.8 ՄՎտ դրվածքային հզորությամբ:

ԷկոԼուր.

- Կա՞ արդյոք նորմատիվային բազա, որը կկարգավորի շահագործումից հանված ֆոտովոլտային վահանակների օգտահանման, չեզոքացման, պահման, վնասազերծման հարցերը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան.

- ՀՀ-ում առկա չէ նորմատիվային բազա, որը կկարգավորի շահագործումից հանված արևային ֆոտովոլտային վահանակների օգտահանման, չեզոքացման, պահման և վնասազերծման հարցերը: Մյուս կողմից, պետք է նշել, որ աշխարհի շատ երկրներում դեռևս առաջին քայլերն են արվում այդ ուղղությամբ: Հայաստանն էներգետիկայի բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում կարող է իրականացնել միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն:

ԷկոԼուր.

- Քանի որ արևային էներգետիկայի ոլորտի զարգացումն իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողային ֆոնդի հաշվին, ապա ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը, որպեսզի այդ ֆոնդը չկրճատվի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան.

- Գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանվում են ՀՀ կառավարության 2021թ-ի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ:

Մարտ 02, 2022 at 09:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր