

Հայաստանում վերջին տարիներին դրական փոփոխություններ են նկատվում թափոնների վերամշակման «մշակույթում»: Երևանի վարչական շրջանների բազմաթիվ հասցեներում տեղադրված են պլաստիկի, թղթի ու ապակու հետագա վերամշակման համար նախատեսված 440-ից ավելի թափոնամաններ: Այս ամենով հանդերձ բնության համար մեծ վտանգ ներկայացնող ու թունավոր քիմիական նյութեր պարունակող բանեցված մարտկոցների խնդիրը մնացել է առկախված: Աղբարկղ նետելը կոպտագույն սխալ է. բնության մեջ հայտնվելու դեպքում մարտկոցները մեծ վնաս են հասցնում՝ աղտոտելով շրջակա միջավայրը: Մեկ մարտկոցի վնասակար տարրերը աղտոտում են 400 լ ջուր և 20 քմ հող: Բանեցված մարտկոցների կազմում կարող են լինել կապար, կադմիում, սնդիկ, նիկել, ցինկ և այլ թունավոր նյութեր:
Մարտկոցների վրա, որպես կանոն, դրված է աղբարկղի վրա գիծ քաշած նշան, որը նշանակում է, որ մարտկոցները աղբաման չի կարելի նետել: Սակայն բանեցված մարտկոցների ընդունման կետեր Հայաստանում չկան, և մարտկոցների վերամշակումը չի իրականացվում։ Բնության համար մտահոգ շատ մարդիկ հավաքում են դրանք՝ հույս ունենալով, որ մի օր Հայաստանում հնարավոր կլինի վերամշակել դրանք։
Ներկայացնենք մի քանի եվրոպական երկրների փորձը, որոնց հիմքում ընկած է թափոնների տեսակավորման և հետագայում վերամշակման սկզբունքը: «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը ճանաչողական այցով եղել է Չեխիայում և Ֆինլանդիայում, ծանոթացել երկու երկրների կենսաբազմազանության պահպանությանն առնչվող հարցերին:
«Առաջինը, ինչ գրավել է մեր ուշադրությունը՝ թափոնների տեսակավորման բազմազանությունն է: Չեխիայում թափոնների տարանջատումն ու հավաքագրումն ավելի լայն շրջանակ ունի, քան Հայաստանում: Թղթից, պլաստիկից, ապակուց բացի վերամշակման ենթակա են նաև մարտկոցները, մետաղե իրերն ու հին հագուստը:
Ֆինլանդիայում թափոնների վերամշակումը նույնպես բազմազան է: Այստեղ փողոցներում ու տարբեր հասարակական նշանակության շենքերում, հատկապես՝ ճաշարաններում, կարելի է հանդիպել սննդի մնացորդների համար նախատեսված թափոնամանների: Հավաքված սնունդը հետագայում օգտագործում են բիովառելիք արտադրելու համար»,- ասում է Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
Մարտկոցների վերամշակում Չեխիայում
Այսպիսով, տեսնենք, թե ինչպես է դա տեղի ունենում Եվրոպայի զարգացած երկրներից մեկում՝ Չեխիայում։ Նախ և առաջ, այս երկիրն օրենք է ընդունել երկրորդական հումքի հավաքման և վտանգավոր թափոնների օգտահանման մասին։ Բացի այս օրենքով նախատեսված շրջակա միջավայրի աղտոտման համար պատասխանատվությունից, յուրաքանչյուր մարդ գիտակցում է շրջակա միջավայրի պահպանման կարևորությունն ի շնորհիվ մեծ բացատրական աշխատանքի:
Կատարվում է աղբի առանձին հավաքում, իսկ խոշոր խանութներում և նույնիսկ փոքր մանրածախ կետերում կա հատուկ տարա՝ օգտագործված լամպերի և մարտկոցների հավաքման համար։ Դպրոցականներին ցույց են տալիս օգտագործված մարտկոցի ներսը, բացատրում դրա վնասը և նույնիսկ չնչին գումար են վճարում հավաքված մարտկոցների համար։
Հավաքված մարտկոցները տարվում են հատուկ «Ecobat» գործարան, որտեղ վերջնական տեսակավորումը կատարվում է կախված նպատակից՝ աղային, ալկալային, լիթիումային, հեռակառավարման վահանակի կամ հեռախոսի համար։ Այնուհետև հատուկ գործարաններում կատարվում է վերջնական մշակումը փոքր ֆրակցիաների:
Չեխիայում, ինչպես նաև այլ փոքր երկրներում նման գործարաններ չկան, և նյութը գնում է Գերմանիա, Ֆրանսիա կամ այլ երկրներ, որոնք ունեն մարտկոցների վերամշակման գործարաններ։ Այսպիսով, մարտկոցների մշակման կենտրոնական հաստատությունը միայն հավաքում, տեսակավորում և ուղարկում է դրանք վերամշակման գործարաններ:
Համապատասխան օրենքների և կանոնակարգերի բացակայությունը լուրջ խոչընդոտ է դարձել շրջակա միջավայրն էլեկտրոնային թափոններից պաշտպանելու գործում: Հայաստանն էլեկտրոնային թափոնների էկոլոգիական օգտահանման քաղաքականության կարիք ունի։
Մայիս 30, 2022 at 17:11