ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ բնակավայրը կունենա երկու նոր արևային կայան

ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ բնակավայրը կունենա երկու նոր արևային կայան

ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ բնակավայրում կկառուցվի 5 ՄՎտ հզորությամբ 2 արևային ֆոտովոլտային կայան: Յուրաքանչյուր կայանը կզբաղեցնի 4.5 հեկտար հողատարածք:  Կայանները կշահագործվեն 25 տարի:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել կայանների կառուցման «ԷԴՄ ՍՈԼԱՐ» և «ԷՏ ՍՈԼԱՐ» ընկերությունների հայտերին՝ պարտադիր կատարման պահանջներով: 

Պահանջներից է, որպեսզի կայանների շահագործման ժամկետի ավարտից հետո ժամկետանց կամ վնասված արևային ֆոտովոլտային մոդուլները («ԷԴՄ ՍՈԼԱՐ»՝ 9360 հատ, «ԷՏ ՍՈԼԱՐ»՝ 10738), որպես վտանգավոր թափոնատեսակ, որոնք պարունակում են կապար, քրոմ, կադմիում, սիցիլիում և այլ նյութեր, պահեստավորվեն, տեղափոխվեն, վերամշակվեն, վնասազերծվեն ընկերության միջոցներով՝ Ազատեկի համայնքապետարանի վերահսկողությամբ: Փորձաքննական պահանջներից է նաև ընկերությունների կողմից Ազատեկ բնակավայրում սոցիալական ծրագրերի իրականացումը:

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «ԷկոԼուր»-ին տեղեկացրել էր, որ ՀՀ-ն չունի արևային ֆոտովոլտային վահանակների օգտահանման, չեզոքացման, պահման և վնասազերծման հարցերը կարգավորող նորմատիվային բազա: Իսկ ս.թ. ապրիլի 28-ին Ազատեկ բնակավայրում անցկացված հանրային լսումների ժամանակ ընկերության ներկայացուցիչը նշել էր, որ կայանի շահագործումից հետո վտանգավոր թափոնները կհանձնվեն վնասազերծման և պահման լիցենզիա ունեցող կազմակերպությունների: 

«ԷկոԼուր»-ը ողջունում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի առաջին քայլերը՝ կապված արևային էներգետիկայի ոլորտում վտանգավոր թափոնների կառավարման հարցի կարգավորման հետ, ինչպես նաև գործող բիզնեսի կողմից սոցիալական և բնապահպանական պատասխանատվությանն ուղղված քաղաքականության որդեգրումը:

Հունիս 01, 2022 at 14:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր