Չորս նոր արևային կայան կկառուցվի Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքի տարածքում

Չորս նոր արևային կայան կկառուցվի Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքի տարածքում

ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքը կունենա չորս նոր արևային ֆոտովոլտային կայան՝ յուրաքանչյուրը 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել իրար հետ փոխկապակցված «Սուն Սոլար», «Դուստր Սոլար», «Արմ Սոլար» և «Այ Սոլար» ընկերությունների հայտերին: 

Չորս փորձաքննական եզրակացություններն էլ տրվել են միևնույն պահանջների պարտադիր կատարման պայմանով: Մասնավորապես, նախարարությունը պահանջում է արևային կայանների շինարարության և շահագործման ընթացքում պարբերաբար  իրականացնել շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգ, կազմել հետնախագծային վերլուծության ծրագիր, որը պետք է հասանելի լինի պետական շահագրգիռ մարմիններին և հասարակությանը: Պահանջներից է անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աշխատանքներ և դիմել լիազոր մարմնին, եթե նախատեսվող գործունեության տարածքում կհայտնաբերվեն ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սապսան թռչնատեսակի բներ, որտեղ կլինեն ձվեր կամ ձագեր:

Գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոններն ընկերությունները նախատեսում են պահել թափոնների պահման տեղամասում, որից հետո կհանձնվեն լիցենզավորված ընկերությանը, որն էլ կիրականացնի դրանց տեղափոխումն ու կառավարումը: Այս հարցը բարձրացվել էր նաև հայտերի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ: 

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն էր տվել «Էդմ Սոլար» և «Էտ Սոլար» ընկերությունների՝ Ազատեկ բնակավայրում արևային կայանների կառուցման և շահագործման հայտերին: Այսպիսով, Վայոց ձորում կշահագործվի վեց նոր արևային կայան:

Հունիս 03, 2022 at 14:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր