Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ բաց նամակով դիմում են ՀՀ պետական լիազոր մարմիններին Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով Երևանի և հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու պահանջով։
Բաց նամակը՝ ստորև։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար
պարոն Լևոն Հովհաննիսյանին
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
պարոն Հակոբ Սիմիդյանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար պարոն Գնել Սանոսյանին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
պարոն Արմեն Փամբուխչյանին
ՀՀ առողջապահության նախարար
տիկին Անահիտ Ավանեսյանին
ՀՀ ներքին գործերի նախարար պարոն Վահե Ղազարյանին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
պարոն Հովհաննես Մարտիրոսյանին
24 մայիսի, 2023թ․
Լիազոր մարմիններ, պատասխանատվություն վերցրե՛ք Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով Երևանի և հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար
Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով մայրաքաղաք Երևանը և մոտակա բնակավայրերը բնապահպանական և առողջապահական աղետի մեջ են։ Կոչ ենք անում Երևանի քաղաքային իշխանություններին և ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, ներքին գործերի նախարարություններին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հրատապ ձեռնարկել բոլոր միջոցները Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տուժած բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես հայտնի է, հրդեհը բռնկվել է մայիսի 18-ին, և մայիսի 24-ի դրությամբ հրդեհը մարել չի հաջողվել։ Ավելին, հրդեհը սկսել է տարածվել. ծուխը հասել է Երևանի Փոքր կենտրոն։
Լռում են պատկան կառույցները: Պատասխանատու գերատեսչություններից և ոչ մեկը չի նշում նման լայնամասշտաբ հրդեհի բռնկման պատճառները։ Վարկածներից մեկն աղբավայրում մեծ քանակությամբ մեթանի կուտակումն է, որն առաջանում է թափոնների դանդաղ այրման հետևանքով։ Այս օջախները կարող են հեշտությամբ բռնկվել և նպաստել հրդեհի տարածմանը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մայիսի 19-ի հայտարարության մեջ նշված են տեսական ենթադրություններ առ այն, որ «Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ»:
Չկա տեղեկատվություն արտանետումների իրական կազմի մասին, որոնք կարող են չափազանց թունավոր լինել մարդկանց համար, քանի որ պարունակում են ոչ միայն թափոնների այրման համար բնորոշ միացություններ, ինչպիսիք են՝ ազոտի օքսիդները, ածխածնի երկօքսիդը, այլև՝ այլ թունավոր միացություններ, որոնք բնորոշ են հին աղբավայրերին, որտեղ կուտակված են մեծ քանակությամբ թափոններ: Ի լրումն դիօքսինների, պոլիքլորացված բիֆենիլների, պոլիարոմատիկ ածխաջրածինների՝ դրանց ցանկում կարող են լինել ծծումբը, կապարը, սնդիկը, մկնդեղն ու ֆուրաները: Չի ձևավորվել շարժական նմուշառման կայան, որը կհետևեր և կզեկուցեր հենց այս աղտոտիչների պարունակությունը՝ Երևանի մթնոլորտում։
Հաշվի առնելով Երևանի ծայրահեղ անբարենպաստ էկոլոգիական վիճակը, պաշտպանիչ կանաչ գոտիների բացակայությունը և օդում փոշու և կախված մասնիկների ֆոնային արդեն իսկ բարձր պարունակությունը՝ աղբավայրից արտանետումները դառնում են ավելի վտանգավոր։
Աղբավայրերում նման հրդեհների արդյունքում որպես կանոն արձանագրվում են բնակչության շրջանում շնչառական, նյարդաբանական, հենաշարժողական համակարգի խնդիրների հետ կապված գանգատներ, հղիների շրջանում վաղաժամկետ ծննդաբերություններ, երեխաների շրջանում՝ իմունային համակարգի և թոքերի ֆունկցիայի խանգարում։
Այս շարունակական վտանգավոր իրավիճակում աղբավայրին հարակից տների բնակչությունը չի տարհանվել, երեխաները չեն մեկուսացվել։ Չկա հաղորդագրություն այն մասին, թե ով և որ պահին պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի արտանետումներից պաշտպանվելու համար, և առհասարակ որոնք են այդ կանխարգելիչ-պաշտպանիչ միջոցառումները՝ ըստ ազդեցության գոտիների, և արդյոք սկսվել է որևէ հետաքննություն։
Առաջարկում ենք, վերը նշված պատասխանատու լիազոր մարմինների ղեկավարների անմիջական մասնակցությամբ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հրդեհի անհապաղ մարման ուղղությամբ արտակարգ միջոցառումներ նախաձեռնելու նպատակով, ինչպես նաև ապահովել բնակչության անվտանգությունը և տրամադրել ամբողջական անհրաժեշտ տեղեկատվություն, որը կօգնի նվազեցնել մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը։ Հետագա քայլերով անհրաժեշտ է մշակել նման բռնկումներից ապագայում խուսափելու, ինչպես նաև աղբավայրից արտահոսող դրենաժային ջրերում վերոհիշյալ վտանգավոր նյութերի ազդեցության գնահատման և դրանցով ընդերքային ջրերի աղտոտման ռիսկերի մեղմման քայլեր։
1. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
2. Հայկական բնապահպան ճակատ կամավորական նախաձեռնություն
3. Սիլվա Ադամյան, «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
4. Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
5. «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
6. Աստղինե Պասոյան, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն
7. Ռուզաննա Ղազարյան, «Դալմա-Սոնա» կրթա-մշակութային, սոցիալ-բնապահպանական Հիմնադրամ
8. Սամվել Պիպոյան, «Մասնագիտական կրթական բարեփոխումներ» ՀԿ համանախագահ
9. Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
10. «Էպիկենտրոն» ՀԿ
11. Նունե Սաքանյան, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ
12. «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ
13. Լիաննա Ասոյան, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ նախագահ
14. Հռիփսիմե Պետրոսյան, «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ նախագահ
15. Անահիտ Բախշյան
16. «Հայաստանի անտառներ» ՀԿ
17. «Կանաչ Հայաստան» ՀԿ
18. «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
19. Դշխուհի Սահակյան
20. «ՖԻԻԴ» էկոլոգիական կրթության և նախագծման հիմնադրամ
21. «Գալար Վազեր» ՍՊԸ
22. Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» ՀԿ-ի Նախագահ
23. Մանյա Մելիքջանյան, «Լոռե» Էկո֊Ակումբ»ՀԿ-ի Նախագահ
24.Հռիփսիմե Մկրտչյան, «Էկո Աղբ» բնապահպանական ՀԿ
25. Քնարիկ Գրիգորյան, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
Մայիս 24, 2023 at 14:05