45 հարց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

45 հարց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Սույնով ներկայացվում են Երևան քաղաքի կառավարման հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարցերը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Ակնկալում ենք, որ նշված հարցերին կստանանք լիարժեք պատասխաններ: Նաև հուսով ենք, որ հարցերի միջոցով ներկայացվող խնդիրներն ու դրանց համար առաջարկվող լուծումները կարտացոլվեն համապատասխան նախընտրական ծրագրերում։

Համաչափ և մարդակենտրոն քաղաքային զարգացում

Տասնյակ տարիներով Երևանի կառուցապատումը ակտիվ ընթացել է Երևան քաղաքի կենտրոնում կամ մյուս վարչական շրջանների՝ Կենտրոնին հարող տարածքներում՝ որպես կանոն, առանց հաշվի առնելու քաղաքի ծանրաբեռնվածությունը, փողոցների և այլ ենթակառուցվածքների թողունակությունը, կոմունալ ենթակառուցվածքների կարողությունները, հարակից շենքերի ինսոլյացիան և այլն։ Քաղաքի գլխավոր պլանը (հատակագիծը) և գոտևորման նախագծերով սահմանված պահանջները խախտվել և խախտվում են պաշտոնատար անձանց հայեցողական որոշումների և կամայականությունների արդյունքում: Դրանք հաճախ կատարվում են կեղծ «բացառիկ՝ գերակա հանրային շահի» անվան տակ, կոռուպցիոն գործարքների ուղեկցմամբ, սակայն դրանք երբևէ պատշաճ իրավական կամ քաղաքական գնահատականների չեն արժանանում․ հանրային շահը, փաստացի, ոտնահարվում է, քաղաքացիները մնում են ձեռնունայն, իսկ Երևանի քաղաքապետարանը, չհանդիսանալով «բացառիկ՝ գերակա հանրային շահի» անվան տակ կնքված պայմանագրերի կողմ, որևէ պատասխանատվություն չի ստանձնում իր համայնքում և, հաճախ, իր միջնորդությամբ իրականացվող կառուցապատման արդյունքում ստեղծված խնդիրների համար։

1․ Ի՞նչ քայլեր եք նախատեսում՝ վերանայելու Երևանի քաղաքային պլանավորման ողջ տրամաբանությունը, որոշումների ընդունման գործընթացների հանրային մասնակցայնության որակը, ապահովելու միջոլորտային և բազմաշերտ վերլուծությունների վրա հիմնված համաչափ զարգացում՝ տեղափոխելով կառուցապատումն ու հնարավորությունների ստեղծումը քաղաքի ծայրամասեր։

2․ Ինչպե՞ս եք գնահատում նախկինում «բացառիկ՝ հանրային գերակա շահի» անվան տակ իրականացված մասնավոր շահ հետապնդող կառուցապատումները (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Գլխավոր պողոտա, Ֆիրդուսի թաղամաս, Աֆրիկյանների հուշարձան-շենքի տարածք և այլ): Ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել՝ բարեփոխելու պրակտիկան, այդ թվում՝ հանուն «բացառիկ՝ հանրային գերակա շահի» օտարվածը ծառայեցնելու հանրային շահին:

3․ Ի՞նչ քայլեր եք նախատեսում Երևան քաղաքի նախատեսվող գլխավոր պլանի (հատակագիծ) և բոլոր վարչական շրջանների գոտևորման նախագծերի պատշաճ կատարումն ապահովելու համար՝ կանխելով տարբեր ոտնձգությունները, այդ թվում՝ ապօրինի կառուցապատումները, շինթույլտվությունները, բացհանքերը՝ քաղաքացիներին վերադարձնելով զավթված մայթերը և բակերը, ապահովելով շինարարության անվտանգությունը։

Պատմամշակութային միջավայր

Վերջին 20 տարիների ընթացքում կոռուպցիոն գործընթացներով ուղեկցվող կառուցապատման արդյունքում վերացվել, վնասվել են և ներկայումս էլ շարունակում են ոչնչացվել կամ խեղվել Երևան քաղաքի, առանց այն էլ, սակավ, պատմամշակութային շերտերը, ընդ որում՝ ինչպես առանձին ճարտարապետական հուշարձանները, այնպես էլ պատմական և մշակութային միջավայրը/թաղամասերը։ Ներկայումս այդպիսի «վայրենի» կառուցապատման թիրախում են Ֆիրդուսի թաղամասը, Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը, Կոնդը։ Մինչև օրս քանդվել-ոչնչացվել է մոտ 30 շենք, ևս 30-ը վտանգված է, մոտ 15-ը ապամոնտաժվել է և չի վերականգնվել։ Բացահայտվել են մի շարք նոր հուշարձաններ, որոնց մի մասը, սակայն, մինչև պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառվելը, ոչնչացվել է (օրինակ՝ Ֆիրդուսի թաղամասում), մյուսների պահպանման ծրագիրը պարզ չի (օրինակ՝ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավան,[1] Դալմայի այգիներ[2]): Վտանգված են տեղափոխման ենթակա որոշ հուշարձան-շենքերի՝ մասնավորի հսկողության տակ գտնվող ապամոնտաժված քարերը:

4․ Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում քանդված-ոչնչացված մոտ 30 հուշարձան շենքերի (այդ թվում՝ Սպայի տուն, Աֆրիկյանների տուն, Ալեքսանդրյան իգական գիմնազիա, Քաղաքային դումայի և վարչության շենք, Գիլանյանցի լիմոնադի գործարան, Արամի 9 հասցեով շենքերը և այլն), վնասված (ԱՕԿՍ, Արամի 23 և այլն) շենքերի և ձևախեղված հուշարձան-շենքերի (այդ թվում՝ «Այրարատ» կինոթատրոնի շենքի («Ռոսիա» կինոթատրոն), «Մոսկվա» ամառային կինոթատրոնի, «Հրազդան» մարզադաշտի) վերականգնման և/կամ պահպանության ուղղությամբ։

5․ Ի՞նչ եք նախատեսում պատմամշակութային արժեք ներկայացնող միջավայրերում (օրինակ՝ Ֆիրդուսի թաղամաս, Ֆիզիկայի ինստիտուտի գիտավան, Արամի-Կողբացու-Բուզանդի-Աբովյան փողոցներով պարփակված տարածք) ընթացող կոռուպցիոն սխեմաներով հնարավոր դարձած խնդրահարույց շինարարությունը կանգնեցնելու և քանդված արժեքավոր շենքերն ու խաթարված միջավայրը վերականգնելու ու պահպանելու ուղղությամբ։

6․ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու նորահայտ հուշարձանների (և՛ շենք, և՛ միջավայր) տարածքներում կառուցապատումները (այդ թվում՝ արդեն շինթույլատվություն ստացած) բացառելու ուղղությամբ։

7․ Պատմամշակութային արժեք ունեցող ի՞նչ նոր շենքեր և նոր միջավայրեր/թաղամասեր եք նախատեսում առաջարկել՝ ներառելու ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվող պատմամշակութային հուշարձանների ցանկում դրանց հնարավոր ոչնչացումը (այդ թվում՝ տեղափոխումը), վնասումը, աղավաղումը կանխելու և համապատասխան խնամքն ու պաշտպանությունը կազմակերպելու համար։

Կանաչ տարածքներ

Երևան քաղաքի կանաչ զանգվածը կազմում է 6758,5 հա, որից ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը 862,0 հա է։ Համեմատության համար պետք է նշել, որ 1990 թ. մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը եղել է 908,3 հա, իսկ 2003 թվականին՝ 540,0 հա։ Հանրային կանաչ տարածքները վերջին 5 տարում ավելացել են ընդամենը 9 հա-ով[3]: Ներկայումս մեկ բնակչին հասնող կանաչ տարածքների մակերեսը 7,6 քառ. մետր[4] է, որը ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից խորհուրդ տրվող նվազագույն՝ 9 քառ. մետրից[5]։ ԱՀԿ-ն նաև առաջարկում է, որպեսզի քաղաքի ցանկացած բնակիչ իր բնակության վայրից հինգ րոպե կամ 300 մետր հեռավորության վրա ունենա կանաչ տարածքի հասանելիություն, որի նվազագույն մակերեսը պիտի լինի առնվազն 0,5 -1 հա[6]։

Երևան քաղաքը քամիներից ու փոշուց պաշտպանելու համար ի սկզբանե կարևորագույն նշանակություն են ունեցել քաղաքը շրջապատող լեռնալանջերը, անտառները, որոնց զգալի մասը, սակայն, կառուցապատվել է կամ զրկված է կանաչից, ինչն էլ անդրադարձել է Երևանի միկրոկլիմայի վրա։ Երևանի մի շարք կանաչ տարածքներ վարձակալական պայմանագրերով հանձնվել են տարբեր տնտեսվարողների և ոչ բոլորն են պատշաճ խնամվում։ Կանաչ տարածքների նվազման արդյունքում կտրուկ մեծացել է աղտոտվածությունը, քաղաքային աղմուկը և սթրեսը[7]։

8․ Ի՞նչ մեթոդով և կոնկրետ ո՞ր կանաչ գոտիներն եք նախատեսում մաքրել կառուցված շինություններից, և արդյո՞ք դրանք ներառում են Հաղթանակի զբոսայգին, Օպերայի պուրակը, Օղակաձև զբոսայգին, Հրազդանի կիրճը՝ ամբողջապես։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու մասնավորին հատկացված կանաչ տարածքները մայրաքաղաքին վերադարձնելու և պատշաճ խնամք ապահովելու համար։

9․ Ի՞նչ եղանակով եք նախատեսում Երևան քաղաքը շրջապատող լանջերի կանաչի վերականգնումը և պահպանումը քաղաքը փոշուց պաշտպանելու համար, մասնավորապես՝ Սարալանջի կանաչ գոտին, Նորքի անտառները։

10․ Ինչպե՞ս և կոնկրետ ո՞ր տեղերում եք նախատեսում նոր կանաչ գոտիների ստեղծում, հանրային սեփականություն հանդիսացող այլ տարածքների (օրինակ՝ բակեր, մանկապարտեզներ, դպրոցներ, հիմնարկներ և այլն) կանաչապատում, մասնավոր տարածքներում կանաչի ավելացում, արհեստական աղմուկի/երաժշտության կանխարգելում և միջազգային նորմերի այլ եղանակներով ապահովում։

Տրանսպորտ

Երևանում վայրի կառուցապատման՝ բարձրահարկ շենքերի ու հսկայական նոր թաղամասերի շինարարության ընթացքում առհասարակ հաշվի չեն առնվել քաղաքի փողոցների թողունակությունը, անվտանգության կարմիր գծերը, հանրային տրանսպորտի կազմակերպման խնդիրները։ Անտեսվել են հանրային տրանսպորտից օգտվող խմբերի, այդ թվում՝ տարեցների, երեխաների, հաշմանդամների կարիքները։ Այս խնդիրը մասնավոր փոխադրամիջոցների կտրուկ աճի հետ համատեղ փաստացի կաթվածահար է արել քաղաքը, առանձին ժամերի անանցանելի դարձրել քաղաքի Կենտրոնը և մյուս վարչական շրջանները Կենտրոնին միացնող փողոցները։

Պաշտոնատար անձանց կողմից, ըստ ճաշակի ու հայեցողության, հայտարարվում են Երևանում հանրային տրանսպորտի խնդրի լուծման առանձին նախաձեռնություններ, որոնք հակասում են Երևանի գլխավոր պլանի (հատակագծի) փաստաթղթին, օրինակ՝ նոր ճոպանուղու, մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման հայտարարված ծրագրերը:

Փողոցներում գծանշումները և ճանապարհային կահավորումը հաճախ բացակայում են կամ անհրաժեշտից պակաս են, ինչը մեծացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը։ Կայանատեղիները չեն բավարարում քաղաքի բնակիչների կարիքները, որոշ տնտեսվարողներ կամ իրավաբանական անձինք ինքնակամ տեղադրում են պատնեշներ, արգելափակոցներ, կառուցապատված մայթերի փոխարեն բնակիչները քայլում են փողոցների երթևեկելի մասերով, ինչն առաջացնում է լրացուցիչ խցանումներ։ Հեծանվուղիների բացակայության պայմաններում հետիոտնի համար վտանգավոր են դարձել մեծաքանակ էլեկտրական ինքնագնացները։ Որոշ կայանատեղիներ սպասարկում են բացառապես ընտրյալներին, որոշ հանրային կայանատեղիներում անհայտ անձինք անօրինական դրույքաչափերով հրամայական բռնագանձումներ են իրականացնում ավտոկայանումների համար, ինչը շոշափելի ստվերային ֆինանսական շրջանառություն է ապահովում իրենց համար: Այս իրավիճակում հանրային ուղևորափոխադրման պատշաճ կազմակերպումը, ավտոբուսները փոխելուց անդին, դառնում է անհնարին։

Քաղաքային աղմուկին ու սթրեսին գումարվում է մեքենաների բարձր երաժշտությունը: Բազմաթիվ տաքսիներ չունեն հաշվիչներ, ինչը հատկապես խոցելի է դարձնում քաղաքի հյուրերին: Հանրային տրանսպորտում վարորդները չեն դադարում ծխել:

11․ Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում՝ նվազեցնելու մասնավոր փոխադրամիջոցների քանակը քաղաքի Կենտրոնում, այդ թվում՝ բարձրահարկ շենքերի կառուցապատման քաղաքականության վերանայման միջոցով։

12․ Ի՞նչ եք պատրասվում անել ապահովելու հանրային տրանսպորտի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող այլ անձանց, ինչպես նաև մանկահասակ երեխաներով ծնողների և այլ խոցելի խմբերի համար։

13․ Ի՞նչ քայլեր եք նախատեսում՝ ապահովելու քաղաքի հանրային տրանսպորտի պատշաճ կազմակերպումը, ներառյալ՝ ժամանակացույցով կարգավորվող աշխատանքը, ուղևորներով գերծբեռնվածության նվազեցումը, տոմսերը, կանգառների պատշաճ կահավորումը, ինչպես նաև տրանսպորտում ծխելու, բարձր երաժշտություն միացնելու և վարորդների անտակտ վարքագծի հարցերը։

14․ Ինչպե՞ս եք նախատեսում երաշխավորել Երևանի գլխավոր պլանով (հատակագծով) նախանշված լուծումները, այդ թվում՝ ճոպանուղու և մետրոյի կապուղիների առումով: Մասնավորապես՝ ինչպե՞ս եք նախատեսում վերականգնել գլխավոր պլանով (հատակագծով) նախատեսված Հերացու փողոցը Նորք թաղամասի հետ կապող ճոպանուղին:

15․ Ի՞նչ քայլեր եք նախատեսում՝ ապահովելու մասնավոր տաքսիների հաշվիչների առկայությունը, մասնավոր տրասպորտային միջոցներից հնչող բարձր երաժշտության հարցերը:

16․ Ինչպե՞ս եք նախատեսում ապահովել հեծանվուղիների ավելացումը, և դրանց անվտանգության խնդիրների լուծումը։

17․ Ինչպե՞ս եք նախատեսում ապահովել կայանատեղիների պատշաճ կազմակերպումը, այդ թվում՝ մասնավոր օբյեկտների տարածքում։ Ի՞նչպես եք նախատեսում իսպառ վերացնել հանրային կայանատեղիների տարածքներից անօրինական բռնագանձումները:

18․ Ի՞նչ քայլեր եք նախատեսում կանխելու հանրային և մասնավոր տրանսպորտի հետևանքով մթնոլորտային արտանետումների նվազեցումը՝ այդ թվում՝ բացառելով առանց կատալիզատորների մեքենաների շահագործումը։

Կրթություն

Անկախության տարիներին Երևան քաղաքի մի քանի տասնյակ մանկապարտեզներ օտարվել են տարբեր կոռուպցիոն գործարքներով, ինչի արդյունքում խոչընդոտվում է երեխաների նախադպրոցական կրթության իրավունքը: Խնդրահարույց է երեխաների գրանցումը, գոյանում են հերթեր, երեխաները ստիպված են լինում երկար սպասել իրենց հերթին: Բազմաթիվ մանկապարտեզներում անբավարար են շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները:

19․ Ի՞նչ եղանակով եք նախատեսում վերջնական և արդյունավետ լուծել մանկապարտեզներով ապահովման և դրանց վիճակի բարելավման խնդիրները:

Առողջապահություն

Երևան քաղաքում խնդրահարույց է պոլիկլինիկաների մատչելիության հարցը, խիստ անբավարար են շենքային պայմանները և ծառայությունների որակը։

20․ Ի՞նչ եղանակով եք նախատեսում վերջնական և արդյունավետ լուծել պոլիկլինիկաների մատչելիության, շենքային պայմանների, սարքավորումներով վերազինման, սպասարկման որակի, հերթերի կարգավորման խնդիրները:

Համատիրություններ

Երևանի համատիրությունները նախորդ 25 տարիների ընթացքում դրսևորել են իրենց անճարակությունը: Բնակարանային ֆոնդը հիմնականում չի կառավարվում՝ չնայած տարատեսակ հարկերի ու վճարումների գանձմանը: Նոր բնակելի շենքերում կառավարիչների ինստիտուտը դեռևս համատարած կիրառություն չունի։

21․ Ի՞նչ եղանակով եք նախատեսում լուծելու բազմաբնական շենքերի պահպանման, ընթացիկ և կապիտալ վերանորոգման, վերելակների շահագործման, մուտքի դռների, վճարների հավաքագրման ու դրանց օգտագործման, բակերի բարեկարգման և առնչվող այլ հարցերը։

Գերեզմանատներ

Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 4-5 տոկոսը զբաղեցնում են 21 գերեզմանատները, որոնց մակերեսը տարեցտարի ընդլայնվում է։ Գերեզմանատները պատշաճ չեն կառավարվում, բարձիթողի վիճակում է աղբահանումը, չկա ոճային ձևավորում, չկան կառուցապատման/խնամքի պահանջներ։ Առանձին խնդիր են «անտեր» գերեզմանների զավթման, գերեզմանների հաշվառման, հողի սեփականության ամրագրման, ժառանգման, միևնույն գերեզմանում մի քանի թաղումների իրականացման հարցերը։

22․ Ինչպե՞ս եք կանխելու գերեզմանների անվերջ ընդլայնումը, օրինակ՝ դիակիզարան կառուցելու և գործարկելու կամ այլ միջոցներով։

23․ Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել գերեզմանատների կառավարման խնդիրը, այդ թվում՝ աղբոտման/աղտոտման կանխումը, կանոնավոր մաքրման և բարեկարգման աշխատանքները, կանաչապատումը, շիրմաքարերի ոճային ձևավորումը և միասնական նորմերի կիրառումը։

24․ Ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել այցելուներ չունեցող գերեզմանների խնամքն ու պաշտպանությունը զավթումից։

Աղբահանություն

Երևան քաղաքում վերջին տարիներին որոշ առաջխաղացում կար աղբահեռացման հարցում, սակայն ծայրահեղ վատթարացել է մաքրումը, աղբահավաքումը։ Նկատելի չէ աղբի թափումը կանխարգելելու, տարանջատման, վերամշակման քաղաքականություն։ Խնդրահարույց է վարչական պատասխանատվության առկա միջոցների արդյունավետությունը։

1950-ական թվականներից սկսած գործում է Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որը չի համապատասխանում միջազգային կամ տեղական տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին: 2015 թվականին ՀՀ կառավարությունը վարկային համաձայնագրեր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ իրականացնելու Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը, ռեկուլտիվացնելու գործող աղբավայրը և կառուցելու նոր աղբավայր, սակայն մինչ օրս այդ ծրագիրը կյանքի չի կոչվել:

25․ Ի՞նչ քաղաքականություն եք պատրաստվում որդեգրել կանխելու աղբոտումը/աղտոտումը, օրինակ՝ տեսախցիկների տեղադրման, հանրային գիտակցության բարձրացման ու մշակույթի փոփոխման ակցիաների կամ այլ եղանակներով։

26․ Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում ապահովելու քաղաքի պատշաճ մաքրման համակարգի վերջնական ձևավորումը և գործարկումը։

27․ Ի՞նչ քաղաքականություն եք նախատեսում վարել՝ ապահովելու աղբի տարանջատումը, վերամշակումը, հսկողությունը։

28․ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու մայրաքաղաքում վերջապես միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայրի ստեղծման ուղղությամբ: Ինչպե՞ս եք մինչ այդ նախատեսում կանխարգելել Նուբարաշենի աղբավայրի հրդեհները:

Թափառող կենդանիներ

Չնայած թափառող կենդանիների կառավարմանն ուղղված որոշ քայլերին՝ խնդիրը չի լուծվել։ Քաղաքում չեն նվազել այդ կենդանիների հետ կապված միջադեպերը։ Ձմեռային եղանակին կտրուկ աճում է սոված և ագրեսիվ շների քանակը։ Կենդանիներ պահող անձինք երբեմն տարբեր պատճառներով ազատվում են իրենց կենդանիներից և ավելացնում խնդիրները։

29․ Ինչպե՞ս եք նախատեսում կարգավորել թափառող կենդանիների խնդիրը:

30․ Ի՞նչ գործուն մեխանիզմներ եք պատրաստվում ներդնել, որպեսզի տնային կենդանիների բուծումը և խնամքը դառնան ավելի պատասխանատու։

Հանքարդյունաբերություն

Երևանի տարածքում տրված է ընդերքօգտագործման 19 իրավունք՝ հիմնականում շահագործելու բազալտ, գիպսատար կավ, քարաղ: Գրեթե բոլոր հանքավայրերը գտնվում են քաղաքի բնակելի թաղամասերին մոտ: Դրանց շահագործումն իրականացվում է բաց եղանակով և ուղեկցվում ռելիեֆի էական փոփոխություններով ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններով. դեգրադացվում է հողը, առաջանում են գոգավորություններ և փոսորակներ, որոնց պատճառով ձևավորվում են լանջային պրոցեսներ, սողանքներ, փլվածքներ, տեխնածին գրունտներ, կատարվում են ջրային ռեսուրսների ձևավորման և տեղաբաշխման փոփոխություններ, աղտոտվում է հողը և մթնոլորտային օդը: Ընդ որում՝ ընդերքօգտագործողները չունեն Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցմանն ուղղված պարտավորություններ, օրինակ՝ փոշու արտանետումների մեղմում, կանաչ գոտիների ստեղծում, իսկ որոշ հանքեր առհասարակ լքված են:

31․ Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում՝ պարտավորեցնելու ընդերքօգտագործողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի նկատմամբ սոցիալ-տնտեսական և բնապահպանական հստակ պարտավորությունների ստանձնման ուղղությամբ։

32․ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու հանքարդյունաբերության առաջացրած շրջակա միջավայրի բացասական ազդեցությունների մեղմման և ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ։

33․ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու` ապահովելու լքված հանքերի ռեկուլտիվացիան:

Գնումներ և այլ գործարքներ

Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մեկ անձից գնումների քանակը շատացել է։ Այսպես, 2022 թվականին իրականացվել է 254 մեկ անձից գնում[8]` ի տարբերություն 2019 թվականի 130-ի[9], ինչը խնդրահարույց է:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը բազմաթիվ հետաքննությունների արդյունքում արդեն իսկ հաստատել է 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին տեղի ունեցած բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ, որոնց արդյունքում ապօրինաբար օտարվել էր համայնքային գույքը և պետությանը հասցվել առանձնապես խոշոր չափերի վնաս:

Երևան քաղաքի զարգացման բազմաթիվ գործընթացներ, այդ թվում՝ մեծածավալ կառուցապատման ծրագրերը, պատվիրվել կամ վստահվել են կոնկրետ անձանց՝ առանց հաշվի առնելու նրանց նախկին գործունության պատշաճությունը (due diligence)։ Օրինակ՝ Ֆիրդուսի թաղամասում առանց մրցույթի գերակա հանրային շահի անվան տակ ձեռքբերող են ճանաչվել փոխկապակցված ընկերություններ, որոնց սեփականատերը նախկինում մի շարք կառուցապատման ծրագրեր ձախողած և քրեական հետապնդման ներքո գտնվող անձ է, իսկ կառուցապատման ծրագրի գլխավոր ճարտարապետը՝ 2000-ականների սկզբին Երևանի Կենտրոնի պատմամշակութային շերտի ոչնչացման համար պատասխանատու պաշտոնյան։

2019 թվականին մեծ աղմուկ հանեց Երևանի քաղաքապետարանին աղբատար մեքենաների նվիրաբերությունը, որի դիմաց հետագայում նկատվել էր առանձին նվիրատուներին շինթույլտվությունների տրամադրման փաստը:

34․ Ի՞նչ քայլեր եք նախատեսում՝ ապահովելու Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքների և ծառայությունների գնումների մրցակցայնությունը, այդ թվում՝ մեկ անձից գնումները սահմանափակելու, միջազգային դերակատարներին հնարավորություն տալու միջոցով։

35․ Արդյո՞ք նախատեսում եք վերանայել կոռուպցիոն կամ կասկածելի գործարքներով ընդունված որոշումները և նախագծերը։ Ի՞նչ քայլեր եք նախատեսում՝ վերականգնելու կոռուպցիոն գործարքների արդյունքում օտարված կամ այլ կերպ հատկացված համայնքային գույքն ու Երևանի քաղաքացիներին հասցված վնասը: Արդյո՞ք նախատեսում եք դիմել իրավապահ մարմիններին նման վիճահարույց դեպքերի շուրջ քննություն հարուցելու նպատակով:

36․ Ի՞նչ քայլեր եք նախատեսում կանխելու տարբեր անօրինական գործարքներում ներգրավված և պատասխանատու անձանց հետ կապալային կամ այլ ձևաչափի համագործակցությունը, օրինակ՝ քաղաքապետարանում ներդնել պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց նախկին գործունության պատշաճության (due diligence) ուսումնասիրության պահանջներ, «սև ցուցակի» կազմում և քաղաքային ծրագրերում հետագա ներգրավման արգելք։

37․ Արդյո՞ք նախատեսում եք շարունակել կամ դադարեցնել «բարեգործություն՝ արտոնությունների դիմաց» ձևաչափի համագործակցությունը մասնավորի հետ, երբ օրինակ՝ որևէ գործարար կարող է քաղաքապետարանին հատկացնել որևէ գույք, իսկ փոխարենը ստանալ կառուցապատման թույլտվություն կամ պատվեր։

Լեզվաքաղաքականություն

Հայաստանում պետական լեզուն հայերենն է։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, ի թիվս այլ մարմինների, Երևանի քաղաքապետարանը ևս ունի պետական լեզվաքաղաքականություն իրականացնելու գործառույթ: Մասնավորապես, ակնկալվում է, որ Երևան քաղաքում սպասարկման ոլորտում գործող կազմակերպությունները պետք է երաշխավորեն հայերեն լեզվով սպասարկում հայալեզու այցելուներին և իրենց ցուցանակները համապատասխանեցնեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։

Վերջին տարվա ընթացքում Հայաստանում ապաստանած օտարերկրացի քաղաքացիներին աշխատանքի ընդունող բազմաթիվ կազմակերպություններ հաճախ անտեսում են օրենքի պահանջը և չեն ապահովում առաջնահերթ հայալեզու սպասարկում: Այս խնդիրը հատկապես ցայտուն է դրսևորվում սննդի օբյեկտներում, որտեղ երբեմն գնացուցակները օտար լեզվով են, սպասարկող անձնակազմը չի տիրապետում հայերենին և այլն։

38․ Ի՞նչ քաղաքականություն եք նախատեսում իրականացնել՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության պետական լեզվաքաղաքականության իրականացումը՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքով ՏԻՄ-երին վերապահված իրավասությունների հիմքով:

Բարեվարքություն և հաշվետվողականություն

Քաղաքի կառավարման գործընթացում և հանրային վստահություն ձեռքբերելու նպատակով կարևորագույն նշանակություն ունի պաշտոնատար անձանց բարեվարքությունը, պատասխանատու, ազնիվ և հաշվետու վարքագիծը: Երևանի ավագանու անդամները տարիներ շարունակ համայնքային բյուջեից ստանում են երկրում սահմանված նվազագույն աշխատավարձի չափ ամսական վճար` որպես իրենց պարտականությունների կատարման հետևանքով արված ծախսերի օրենքով սահմանված փոխհատուցում, սակայն որևէ ծախսային ապացույց կամ հիմնավորող փաստաթուղթ հրապարակային առկա չէ: Համայնքային բյուջեից ֆինանսավորվող բազմաթիվ կազմակերպություններում հաստիքների կամ դրույքների մի մասի կարիքը հիմնավորված չէ արդյունավետ կառավարում ապահովելու և հանրային միջոցների վատնումը բացառելու տեսանկյունից:

39․ Ինչպիսի՞ չափանիշներ ու պահանջներ եք սահմանելու քաղաքապետարանի համայնքային պաշտոնյաների ու ծառայողների բարեվարքության ու գործունեության նկատմամբ՝ կանխելու խնդրահարույց անցյալ ունեցող անձանց ներգրավումը, ինչպես նաև՝ ապահովելու նրանց հետագա բարեվարք և հաշվետու աշխատանքը։ Ինչպե՞ս եք նախատեսում գնահատել քաղաքապետարանի և համայնքապատկան կառույցների արդյունավետությունը և հաստիքների բավարար/անվաբարար լինելը կամ ծառայողների համապատասխանությունը պահանջներին:

40․ Ինչպե՞ս եք նախատեսում բացահայտել պաշտոնատար անձանց կամայականությունները և վերացնել Երևանի քաղաքապետարանում գործող կոռուպցիոն սխեմաները, օրինակ՝ շինթույլտվությունների և այլ ոլորտներում։

41․ Ի՞նչ մեխանիզմներով եք բացահայտելու ավագանու անդամների՝ որպես կատարած ծախսերի փոխհատուցում նախկինում հատկացված բյուջետային միջոցների ծախսման հիմնավորվածությունը, և դրա չբացահայտման դեպքում ի՞նչ մեխանիզմով եք այդ միջոցները վերադարձնելու համայնքին: Հետագայում ինչպե՞ս եք նախատեսում ապահովել ավագանու անդամների՝ իրենց պարտականությունները կատարելու հետևանքով արված ծախսերի փոխհատուցման հիմնավորման, թափանցիկության, ֆինանսական և ծրագրային հաշվետվողականությունը:

42․ Հաշվետվողականության ի՞նչ գործիքակազմեր եք նախատեսում ընդհանուր քաղաքապետարանի համար հանրության առջև առավել թափանցիկ ու հաշվետու գործունեություն կազմակերպելու առումով:

Հանրության մասնակցություն

Երևանի քաղաքապետարանը, որպես կանոն, չի ապահովում ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N660 որոշմամբ սահմանված պահանջների կատարումը և շահագրգիռ հանրությանը չի ներգրավում տարբեր խմբերին վերաբերելի որոշումների ընդունման գործընթացներում։ Կառուցապատողները ևս չեն ապահովում պատշաճ իրազեկում իրենց կողմից իրականացվող շինարարության վերաբերյալ՝ կառուցվող շենքերը քողարկելով «Ավելի բարեկարգ Երևան» կեղծ կարգախոսով պաստառներով։

Երևան քաղաքի ավագանու նիստերը թեև հրապարակային են, առկա չեն մեխանիզմներ հանրությանը ներգրավելու, ձայնը լսելու և հաշվի առնելու համար։ Եղել են դեպքեր, երբ հանրության ներկայացուցիչները ավագանու նիստերին անձամբ են ներկա գտնվել և ներկայացրել կառուցապատման խնդիրները (օրինակ՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցով), սակայն բարձրաձայնած հարցերն ամբողջովին անտեսվել են։ Հանրային խորհրդակցություններն անցկացվում են ընտրովի ծրագրերի համար, օրինակ՝ վերջերս քննարկման դրված Մերգելյանի այգու բարեկարգման նախագիծը:

43․ Ինչպիսի՞ ինստիտուցիոնալ և կայուն բարեփոխում եք նախատեսում՝ ապահովելու կենսամիջավայրի փոփոխություն նախատեսող որոշումների թափանցիկությունը և հանրային մասնակցությունը դրանց ընդունման գործընթացներում, այդ թվում՝ նոր մշակվող գլխավոր պլանի (հատակագծի) քննարկումներում:

44․ Ընդհանրապես ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում ավագանու հրապարակային նիստերին շահագրգիռ հանրության, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, մասնագիտական հանրույթի և ազդակիր համայնքի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունն ապահովելու, նրանց ձայնը լսելի դարձնելու և որոշումների ընդունման գործընթացում կարծիքները հաշվի առնելու նպատակով:

Միջազգային համագործակցություն

Երևան քաղաքը համագործակցության պայմանագրեր ունի 56 քույր և գործընկեր[10] քաղաքների հետ, սակայն անհասկանալի է համագործակցության նպատակն ու բովանդակությունը։ Գտնում ենք, որ առհասարակ որևէ համագործակցություն պետք է միտված լինի փորձի ձեռքբերմանը, փոխօգնության կատարելագործմանը և նպաստի Երևան քաղաքի զարգացմանը:

45․ Որո՞նք են այն 5 քաղաքները, որոնց քաղաքային կառավարման փորձը կարծում եք օգտակար կլինի Երևանի համար: Դրանցում որո՞նք են այն աշխատանքները/նախաձեռնությունները, որ կցանկանայիք իրականացնել Ձեր քաղաքական ուժի՝ Երևան քաղաքի ավագանու կազմում ընտրվելու պարագայում: Ի՞նչ եք նախատեսում այդ քաղաքների հետ համագործակցության խորացման և իրական կամ շոշափելի օգուտներ քաղելու համար:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ - «Հոդված 3» ակումբ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն


[1] ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի փետրվարի 1-ին որոշմամբ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ է շնորհվել, 1 փետրվարի 2021, https://escs.am/am/news/7886, Ինֆոկոմ, Անհայտ նկուղ, պատմության եւ մշակույթի հուշարձան, բարձրահարկի շինարարություն ու քրեական գործ․ «Ֆիզգոռոդոկի» պատմությունը, 10 սեպտեմբերի, 2021, https://infocom.am/hy/Article/64627 
[2] 20 տարի անց Դալմայի այգիներին վերադարձվել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակը, 16 հունվարի 2020, https://www.ecolur.org/hy/news/biodiversity/11991 
[3] Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 45-Ա որոշման հավելված, Երևանի զարգացման 2019-2023 թթ. հնգամյա ծրագիր, https://www.yerevan.am/uploads/media/default/0001/86/5def862b88111fcfe3a6d9b99785219536429b06.pdf 
[4] Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի N 21-Ա որոշման հավելված, Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր, https://www.yerevan.am/uploads/media/default/0001/82/a1fb05c6c1ce38ca1807b35d07ada8789e7fd871.pdf 
[5] World Health Organization . Health Indicators of Sustainable Cities in the Context of the Rio+20 UN Conference on Sustainable Development. WHO; Geneva, Switzerland: 2012. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6209905/?  fbclid=IwAR1MBVPxvMQadMxfa162BNDsEnHBMaePxao3PSILVW0JvDOuBMPrFuzMw88#B36-ijerph-15-02180  
[6] World Health Organization. Regional Office for Europe. Urban green spaces and heallth, 2016, https://apps.who.int/iris/handle/10665/345751 
[7] Էկոլուր, Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը և դրա իրականացումը․ զեկույց, 2023, https://shorturl.at/ayGT5; Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի N 21-Ա որոշման հավելված, Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր, https://www.yerevan.am/uploads/media/default/0001/82/a1fb05c6c1ce38ca1807b35d07ada8789e7fd871.pdf 
[8] Հետք, Պետական գնումներ․ Հայաստանի պետական ֆինանսական կառավարման համակարգի աքիլեսյան գարշապարը, մաս 3, 3 ապրիլի 2023, https://hetq.am/hy/article/154683 
[9] Փաստերի ստուգման հարթակ, Երևանի քաղաքապետարանի առանց մրցույթի գնումները, 2 փետրվարի 2020, https://fip.am/10271 
[10] Երևանի քաղաքապետարան, Քույր և գործընկեր քաղաքներ, https://www.yerevan.am/hy/sister-and-partner-cities/ 

Հուլիս 25, 2023 at 10:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր