ԷկոԼուրի թիմն Արագածոտնի մարզի Թալին համայնքում ակտիվ բնակիչների և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ անցկացրեց հանդիպում։ Հանդիպման նպատակն էր նպաստել համայնքի լիարժեք ներգրավմանը և իր շահերի պաշտպանությանը կլիմայական և էներգետիկ ոլորտներում որոշումների ընդունման գործընթացում, մշակել առաջարկություններ համայնքի կլիմայի փոփոխության հարմարվողականության, «կանաչ» էներգետիկայի և «կանաչ» աշխատատեղերի ստեղծման, համայնքի կայուն զարգացման համար։
ԷկոԼուրի փորձագետները ներկայացրին «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում «կանաչ» էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և միջոցառումները» տեղեկատվական մոդուլը։ Փաստաթղթում վերլուծվել են հողային ռեսուրսների, վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումների, կանաչ տարածքների, ընդերքօգտագործման, աղբահանության խնդիրները։ Ուսումնասիրվել են համայնքային բյուջեի հնարավորությունները, սուբվենցիոն և զարգացման ծրագրերը։ Ներկայացված են Թալին համայնքում կլիմայական և «կանաչ» էներգետիկայի քաղաքականությունների տեղայնացման խնդիրների կարգավորման առաջարկությունները։
Կլիմայական մարտահրավերներ
Թալին համայնքը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ: 2022 թվականին Թալինը Հայաստանում առաջինն էր ամառային օրերի գումարային թվի նորմայից շեղումով՝ 71 օրով։ Թալինին բնորոշ են հողերի դեգրադացիան և էրոզիան։ Համայնքն ավելի խոցելի է դառնում սակավանտառ լինելու պատճառով։ Անտառային ֆոնդի հողերը կազմում են 1082,09 հեկտար, որը համայնքի ընդհանուր տարածքի շուրջ 1 տոկոսն է: Դրանք հիմնականում անտառածածկ չեն։
«Մենք, միանշանակ, զգացել ենք մեզ վրա գլոբալ տաքացման հետևանքները։ Ամեն տարին ավելի չորային է լինում, տեղումների քանակն է նվազում, անասնապահության և գյուղատնտեսության համար ստեղծվում են անբարենպաստ պայմաններ», - ասաց «Համայնքը և երիտասարդները» տեղական ՀԿ-ի նախագահ Նարեկ Թութխալյանը։
Ըստ Թալինի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ Մնացական Ներսիսյանի՝ անհրաժեշտ է իրականացնել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումներ՝ անտառտնկման աշխատանքներ համայնքային անտառային հողերում, ստեղծել կանաչ գոտիներ։
Կլիման և ջրի հասանելիությունը
Թալինում տեղումների քանակը Հայաստանի նորմայից պակաս է շուրջ 60%-ով: «Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակի են դարձել երաշտները, նվազել է բերքատվությունը։ Ջրի խնդիրը լուծելու դեպքում գյուղացու հոգսը կթեթևանա», - ասաց Թալինի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի երկրորդ կարգի մասնագետ Անժելա Դիլանյանը։
Թալինի բնակիչ Նարեկ Խաչատրյանը նշեց․ «Ջրի խնդիրը հրատապ է։ Խմելու ջրի խնդիր կա: Մեզ պետք է ջրամբար, որպեսզի խնդիրը լուծվի»։
Էներգետիկան՝ գյուղատնտեսության փոխարեն
ՀՀ պետական քաղաքականության արդյունքում Թալին համայնքը դարձել է Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման կենտրոն՝ նպաստելով երկրի ստանձնած կլիմայական պարտավորությունների կատարմանը՝ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և ջերմոցային գազերի կրճատմանը։ Այստեղ է կառուցվում Հայաստանի ամենամեծ՝ 200 Մվտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանը։ Արդեն իսկ էլեկտրաէներգիա է արտադրում 6 արդյունաբերական արևային ֆոտովոլտային կայան՝ ընդհանուր 26.953 ՄՎտ հզորությամբ։ Կառուցման փուլում է գտնվում ևս 7 արևային կայան։
Արևային կայանների կառուցման համար հատկացվել է 630 հեկտար հողատարածք, որից 547.31 հեկտար «Այգ-1» արևային կայանի համար։ Գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան փոխվեց էներգետիկ նշանակության։ ՀՀ կառավարությունն «Այգ-1» ծրագրի համար նվիրաբերված հողամասերը ներդրել է ՀՀ կառավարության ներքո գործող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում (Armenian National Interests Fund/ANIF)։ ANIF-ը ստացել է 15% բաժնեմասնակցություն «Այգ-1» ծրագիրն իրականացնող «Մասդար Արմենիա» ընկերությունում։ Բաժնետոմսերի մնացած 85%-ը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերությանը։ Թալին բնակավայրից նվիրաբերված հողերի հաշվին ՀՀ կառավարության 2023թ․ հուլիսի 6-ի N 1137-Ն որոշմամբ ավելի քան 2 միլիարդ դրամով ավելացել է ANIF-ի կանոնադրական կապիտալը։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2021թ․հոկտեմբերի 28-ի 1777-Ն որոշմամբ Դաշտադեմ բնակավայրից նվիրաբերված 377.4 հա հողերը 822 միլիոն 84 հազար 793 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ներդրվել են ANIF-ի կանոնադրական կապիտալում։
«Այգ-1» ծրագրի շրջանակներում «Մասդար» ընկերությունը Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքած նվիրաբերության պայմանագրով իրականացրել է 320 միլիոն դրամի չափով համայնքային զարգացման վճարում։ Եվս 700 միլիոն դրամ գումար համայնքին կհատկացվի պետական բյուջեից՝ այսինքն ՀՀ հարկատուների, այդ թվում և Թալին համայնքի բնակիչների հաշվին: Այսպիսով, «Այգ-1» ծրագրից ազդակիր համայնքին հատկացվող սոցիալական աջակցության գումարը կկազմի 1 միլիարդ 20 միլիոն դրամ միանվագ վճարման տեսքով:
Տրամադրված գումարով ներկայում իրականացվում է Դաշտադեմ բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացումը։ «Ոռոգման համակարգի արդիականացումից հետո Դաշտադեմի տնամերձ հողամասերն ամբողջապես կոռոգվեն, ինչի արդյունքում ակնկալում ենք 80 տոննա բերքի ավելացում։ Իսկ հատկացվելիք 700 միլիոն դրամով նախատեսում ենք իրականացնել ջրամատակարարման համակարգերի արդիականացում, գազաֆիկացում, ասֆալտապատում, նախնական ուսումնական հաստատությունների վերանորոգում», - ասաց Մնացական Ներսիսյանը։
Ըստ «Համայնքը և երիտասարդները» տեղական ՀԿ-ի նախագահ Նարեկ Թութխալյանի՝ համայնքի նվիրաբերած հողերի դիմաց ստացված սոցիալական աջակցությունը համարժեք չէ։ «Այդ հողի արժեքն ավելի բարձր է, արդարացի չէ։ Դեռ հանրային քննարկումներ պետք է լինեն ներդրողների հետ, պետք է հստակ պայմանագրի մեջ պարտավորություններ սահմանվեն։ Կարող են մանկապարտեզը դարձնել էներգախնայող կամ նորարար գյուղատնտեսական նշանակության ծրագրեր իրականացնեն, քանի որ կայանի շահագործման հետևանքով մեր հողերը խախտվում են։ Համայնքի բնակիչները պետք է պահանջեն, որ նման որոշումները կայացվեն բնակիչների հետ քննարկման արդյունքում»։
ԷկոԼուրի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ, բացի միանվագ սոցիալական աջակցությունից, «Մասդար Արմենիա» ընկերությունը ANIF-ի հետ միասին կարող է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում տրամադրել տեխնիկական ու մարդկային ռեսուրսներ և աջակցել միջազգային ներդրողների ներգրավմանը՝ ուժեղացնելու համայնքի կարողությունները կլիմայի հարմարվողականության ու մեղմմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման գործում։
Նշենք, որ Թալինը նախաձեռնել է ԵՄ Քաղաքապետերի դաշնագրին միանալու գործընթաց, ինչը համայնքին հնարավորություն կտա ստանալ փորձագիտական աջակցություն՝ ուժեղացնելու կարողությունները և մշակելու ռազմավարություններ՝ կլիմայական և «կանաչ» էներգետիկայի ոլորտներում։
Հաշվի առնելով, որ համայնքը կորցնում է իր գյուղատնտեսական նշանակության հողերը էներգետիկայի զարգացման համար, քննարկվեց հողերի նպատակային օգտագործման հարցը։ Ինչպես նշեց Մնացական Ներսիսյանը՝ շատ բնակավայրեր չեն զբաղվում գյուղատնտեսությամբ։ «Դա պայմանավորված չէ միայն արևային կայանների կառուցմամբ։ Այսօր գյուղատնտեսությունը չի ծածկում իր ծախսերը, հողերը ենթարկվել են դեգրադացիայի», - ասաց Մնացական Ներսիսյանը։
Շեշտվեց, որ հողային ռեսուրսների խելամիտ օգտագործումը խիստ կարևոր է համայնքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար։
Բոլոր արևային կայանների ծրագրերում բացակայում է էլեկտրոնային թափոնների՝ այդ թվում շահագործումից դուրս եկած ֆոտովոլտային վահանակների թափոնների չեզոքացման միջոցառումները։ ՀՀ-ում դրանց օգտահանման, չեզոքացման, պահման և վնասազերծման համապատասխան օրենսդրական դաշտը մշակված չէ։
Հանդիպման ժամանակ ԷկոԼուրի փորձագետներն առաջարկեցին պահանջել ընկերություններից ներկայացնել ճանապարհային քարտեզ էլեկտրոնային թափոնների կառավարման վերաբերյալ՝ նշելով պատասխանատու անձանց, անհրաժեշտ գումարները, ժամկետները և միջնաժամկետ գործողությունները ռիսկերի դեպքում։
Թալինի զարգացման հեռանկարները
Թալին համայնքի զարգացման հիմնական խոչընդոտներն են ֆինանսական, մասնագիտական ռեսուրսների պակասը։ «Գրեթե բոլոր բնագավառներում ունենք մասնագետների խնդիր։ Հիմք ենք դրել կրթական համակարգի բարձրացման համար։ Ծրագրեր ենք մշակել, որոնցով նախատեսում ենք նորարարական ուսումնական կենտրոնների հիմնում», - նշեց Մնացական Ներսիսյանը։
«Թալինի երիտասարդներն ընտրության հնարավորություն չունեն, - շեշտեց բնակիչ Նարեկ Խաչատրյանը, - համայնքում աշխատատեղերը, զբաղվածության կենտրոնները շատ քիչ են: Ուսանողները փնտրում են նոր հորիզոններ, գնում են Երևան կամ լքում հայրենիքը: Երիտասարդները պետք է մնան և զարգացնեն համայնքը»։
«Գործազրկությունը մեծ խնդիր է, ուզում եմ իմ քաղաքում աշխուժություն տեսնել», - ասաց Անժելա Դիլանյանը։
ԷկոԼուրի փորձագետները գնահատել են Թալին համայնքի զարգացման հնարավորությունները։ Բացի «Այգ-1» ծրագրից ստացվող ֆինանսական միջոցներից, համայնքը կարող է էներգետիկ աղքատության նվազեցման համար կառուցել համայնքային նշանակության սեփական արևային կայան, խթանել ինքնավար արևային կայանների, ջրատաքացուցիչների ներդրումը։ Համայնքում արևային էներգետիկայի զարգացման ներուժը կարող է օգտագործվել ժամանակակից արևային տեխնոլոգիանների մշակման և ներդրման կենտրոնի ստեղծման համար։ Նաև հնարավորություն է կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացումը, դրա հիման վրա գյուղմթերքների վերամշակման փոքր արտադրությունների ընդլայնումը։ Նաև կան բարենպաստ պայմաններ զբոսաշրջության զարգացման համար։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում «կանաչ» էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և միջոցառումները» մոդուլը մշակվել է «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ՝ «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հուլիս 27, 2023 at 15:52