ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՂԵՏԻ «ՈՐՋԸ» ՋՐԱՌԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Է

Քրիստինե Աղալարյան, Հետք

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի թունաքիմիկատների նախկին պահեստի տարածքում այժմ ձկնաբուծական տնտեսություն է գործում:

Բայց պահեստի դեռեւս կանգուն երկու շինություններում կան հարյուրավոր կիլոգրամներ թունաքիմիկատներ, որոնց մի մասը պարկերի, մյուսը` տակառների մեջ է, իսկ որոշ մասը սփռված է պահեստի տարածքում: Թունաքիմիկատների պարկերը պատառոտված են եւ քանդված շինություններից հեշտությամբ տարածվում են քամու եւ անձրեւաջրերի միջոցով` դեպի ձկնաբուծարան եւ շրջակա միջավայր:

Չեխական «Արնիկա» կազմակերպությունն այնտեղից նմուշներ է վերցրել եւ պարզել, որ որոշ պարկերում ԴԴՏ-ի պարունակությունը 50 տոկոսից ավելի է: Փորձաքննված պարկերից մեկում 1 կգ թունաքիմիկատում 647 գրամը ԴԴՏ է եղել: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության հիգիենայի եւ էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանն ասում է, որ դա շատ մեծ թիվ է. «Նմուշներում պահպանում են նաեւ ԴԴՏ-ի քայքայման նյութեր` մետաբոլիտներ, ԴԴՏ եւ այլ նյութեր, բոլորն էլ ունեն տոկսիկ մեծ հատկություն»:

Պահեստի տարածքի հողից եւս նմուշներ են վերցվել, եւ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ մոտ 1 կգ հողում 280 մգ ԴԴՏ կա, ինչը նշանակում է, որ թունաքիմիկատներն անցել են շրջակա միջավայր: «Քամիների ժամանակ, շոգ եղանակին շատ հնարավոր է, որ այդ փոշին ամբողջությամբ տարածվի շրջապատի մեջ»,- մտահոգվում է Լիլիկ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2010 թ. բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանն ասում էր, որ բացի Նուբարաշենի թունաքիմակատների գերեզմանոցից` Հայաստանի այլ վայրերում թունաքիմիկատներ չկան: «Հետքի» հարցին` «Կոնվենցիան պարտավորեցնում էր հաշվառել եւ հստակ իմանալ, թե երկրում որքան թունաքիմիկատ կա: Այսինքն` չե՞ք կարողացել պարզել, թե Հայաստանում որքան ժամկետանց թունաքիմիկատ կա եւ որտեղ է պահված», Ա. Ալեքսանդրյանը պատասխանել է. «Քանի որ ԴԴՏ-ն 1970 թվականից էր արգելված, պաշտոնապես, բացի Նուբարաշենի գերեզմանոցից, այլ տեղ չկա: Շատ հնարավոր է, որ կան գյուղերում, տներում` շատ քիչ քանակությամբ, հնարավոր է, որ ինչ-որ մեկը պահել է եւ օգտագործում է: Եթե կա, թող գյուղնախարարությունը մեզ հայտնի: Մենք գերեզմանոցն ենք հայտնաբերել: Ծրագրի շրջանակներում չի հայտնաբերվել, որովհետեւ չկար, ասում էին, որ չկա: Ինչքան որ հայտնաբերվել է, սա է: Եվ մի ծրագրի շրջանակներում, որը նախնական է, մենք գտանք թեժ կետերը, թեժ կետը գերեզմանոցն է»:

Մանրամասները հաջորդ համարում

Լուս.` Արնիկա Պետրլիխ

Նոյեմբեր 00, 0000


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր