Սեւանա լճի մերձակայքում աղբը լուրջ հիմնախնդիր է

Սեւանա լճի մերձակայքում աղբը լուրջ հիմնախնդիր է

News.am

Սեւանա լճի մերձակա 92 համայնքներում գործում են 27 պաշտոնական աղբավայրեր, ինչպես նաեւ` բազմաթիվ տարերայնորեն ձեւավորված եւ չհսկվող աղբավայրեր:

ՀՀ քաղաքաշինության նախարարության տվյալներով` այդ աղբավայրերը չեն համապատասխանում բնապահպանական եւ սանիտարական նորմերին, հանդիսանում են ջրերի, հողի եւ օդի ախտոտման աղբյուրներ, Սեւանա լճի ավազանի ողջ տարածքում առաջացնում են բնապահպանական եւ առողջապահական լուրջ խնդիրներ եւ խոչընդոտում են Սեւանի էկոհամակարգի վերականգնմանն ու պահպանմանը:

Անհամեմատ մեծացել են լիճ թափվող կենսածին (ազոտ, ֆոսֆոր եւ այլն) եւ տոքսիկ նյութերի քանակները, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել Սեւանա լիճ թափվող գետերում:

Անթույլատրելի մեծությունների են հասել գետերի ջրերի մեխանիկական, քիմիական, կենսաբանական աղտոտման ծավալները:

Գոյություն ունեցող աղբավայրերի տեղադրման ժամանակ հաշվի չեն առնվել բազմաթիվ քաղաքաշինական սահմանափակումներ (մակերեւութային ջրերի հոսք, հեղեղաբեր գետակներ, ձվադրման վայրեր, արգելոցային հատվածներ գետերի ներքին հոսանքներում, գրունտային ջրերի բարձր մակարդակ, գոյություն ունեցող արգելոցներ եւ արգելավայրեր, կոյուղու մաքրման կայանների բացակայություն, լողափի, առողջարանների, հանգստյան տների առկայություն եւ այլն): Հաշվի չեն առնված ուժեղ քամիների առկայությունը, որոնք աղբը տարածում են` գրավելով ավելի մեծ տարածքներ:  Ոչ մի աղբավայր ցանկապատված չէ: Ընտրված տարածքների չափերը նույնպես չեն համապատասխանում նորմերին:

Բնապահպանական աղետը կանխելու նպատակով` քաղաքաշինության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել Սեւանա լճի մերձակա տարածքում աղբավայրերի տեղադրման նոր ուրվագիծ, որով կթողնվեն միայն 5 աղբավայր:

Ընտրված աղբավայրերը նախատեսվում են որպես վերաբեռնման կայաններ` աղբը կտեղափոխվի եւ կմշակվի Գագարինում նախատեսվող աղբամշակման գործարանում: Առաջարկվում է աղբավայրեր թողնել հետեւյալ համայնքներում` Շորժա, Վարդենիս, Մարտունի, Ծովազարդ, Գեղամավան:

Հունիս 08, 2011 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր