5,3 միլիոն եվրո՝ Երևանում վտանգավոր թափոնների կառավարմանը. կազատվի՞ արդյոք մայրաքաղաքը ժամկետնանց թունաքիմիկատների և ԴՏՏ-ի գերեզմանոցներից

5,3 միլիոն եվրո՝ Երևանում վտանգավոր թափոնների կառավարմանը. կազատվի՞ արդյոք մայրաքաղաքը ժամկետնանց թունաքիմիկատների և ԴՏՏ-ի գերեզմանոցներից

ԷկոԼուր

Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հունվարի 21-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.326.377 եվրո:

Նշենք, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում` Ջրաշեն, Գեղանիստ և Մուշավան համայնքների հարևանությամբ է գտնվում վտանգավոր թափոնների՝ ժամկետնանց թունաքիմիկատների գերեզմանոցը: Այստեղ թաղված է մոտ 1050 տոննա 1-ին դասի աղտոտվածություն ունեցող թունաքիմիկատ, 4100 տոննա 2-րդ դասի և 8500 տոննա 3-րդ դասի աղտոտվածություն ունեցող հող: Այն գտնվում է ակտիվ սողանքային գոտում և խիստ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Գերեզմանոցը հարակից է «Էրեբունի» պետական արգելոցին, որտեղ պահպանվում են ցորենի և այլ հացազգի բույսերի վայրի տեսակներ:

2018թ-ին բնապահպանական փորձաքննության ներկայացվեց Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, որի վերաբերյալ տեղի ունեցավ 2 հանրային լսում: Սակայն այս ծրագրով դեռևս հստակ չէ, թե որտեղ պետք ժամանակավորապես պահվեն ժամկետնանց թունաքիմիկատները, որ երկրում ոչնչացվեն: 

Բացի այս գերեզմանոցից, Երևանի Էրեբունի շրջանում առկա է նաև ԴՏՏ-ի գերեզմանոց, որի խնդիրն անցյալ տարի բարձրաձայնեց «Շանթ» հեռուստաընկերությունը:

Այս գերեզմանոցների լիկվիդացման հարցը օրակարգային է:

Հուշագրի ստորագրման արարողությանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է. «Վտանգավոր թափոնների կառավարման հարցում Երևան համայնքը մեծ բացեր ունի, պարզ ասած՝ համայնքը երբեք խորապես չի զբաղվել այս հարցով: Եվ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ոլորտի հետ կապված համալիր խնդիրների լուծման նպատակով»:

Քաղաքապետը նշել է, որ Երևանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները, հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությունները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկզբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքերի իրականացումը:

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքվել է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային N(NEAR-TS/2019/412-943) պայմանագիրը, որի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ: Վերջինս հնարավորություն կտա ապահովել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ներդրման գործընթացը, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակումն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրումը:

 

17:17 Հունվար 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news