

ԷկոԼուր
«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության: ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ ասված է. «Սույն թվականի հոկտեմբերի 23-ին «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության (երրորդ անձիք՝ Կապան քաղաքապետարան և «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲԸ)՝ Գեղանուշի պոչամբարի պատվարի ամրացման հարցով հանրային քննարկումները առոչինչ ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 19-ին «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության ինֆորմացիոն կենտրոնում և 2015թ. սեպտեմբերի 23-ին Կապանի քաղաքապետարանում տեղի են ունեցել քննարկումներ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ «Գեղանուշի պոչամբարի կայունության բարձրացում» նախագծի հայտի և դրա հիման վրա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ընդունված՝ նախնական գնահատման փորձաքննական որոշման վերաբերյալ:
Հայցապահանջի նորմատիվային հիմքն են կազմում ընթացակարգային նորմերի խախտման հիմնավորումները: Հայցվորի գնահատմամբ, օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի խախտման հետևանքով խախտվել են ազդակիր համայնքների ներկայացուցիչների և շահագրգիռ հանրության (այդ թվում հասարակական կազմակերպությունների)՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային և ներպետական օրենսդրությամբ ամրագրված՝ շրջակա միջավայրին առնչվող հարցերում տեղեկատվության մատչելիության, ինչպես նաև որոշումների ընդունմանը հանրության մասնակցության իրավունքները:
«Ռեգիոնալ Մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ տարածքում գործող միավորում, որի կանոնադրական նպատակներից է շրջակա միջավայրի պահպանությունը»:
Նոյեմբեր 06, 2015 at 17:35
