ՀՈՂՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՄԿՆԴԵՂԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ

ՀՈՂՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՄԿՆԴԵՂԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ

Լարիսա Փարեմուզյան, Հետք

Պետական հիգիենիկ  հակահամաճարակային տեսչության  Լոռու  մարզային կենտրոնի պետի տեղակալ Ժաննա Բեդյանն այսօր «Հետք»-ին տեղեկացրեց, որ ալավերդցիներին խիստ մտահոգող Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհաեզրին տեղավորված մկնդեղի թափոնների գերեզմանոցի կողմից շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները պարզելու նպատակով,  պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի Ալավերդու տեղամասի կողմից վերջերս անց է կացվել մի շարք լաբորատոր հետազոտություններ. «Մեր կողմից նմուշառվել են օդի, հողի և ջրի նմուշներ, որոնք հետազոտվել են  մեր լաբորատորիայում և ուղարկվել  են «Երևանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիան, որը զինված է ամենավերջին սարքավորումներով:  Հետազոտությունների արդյունքում մթնոլորտային օդում մկնդեղ չի հայտնաբերվել:  Մկնդեղ չի հայտնաբերվել նաև հետազոտության ենթարկված խմելու ջրի փորձանմուշում: Մկնդեղ հայտնաբերվել է հողում:  Մեր կողմից հողի նմուշներ վերցվել է մկնդեղի գերեզմանոցի շրջակա տարածքից և Մադան թաղամաս տանող ճանապարհի համարյա բոլոր հատվածներից, որտեղ էլ մկնդեղի պարունակությունը թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններից 5-ից մինչ 26 անգամ բարձր է եղել»,- ասաց Ժաննա Բեդյանը:

Ըստ վերջինիս`  թույլատրելի սահմաններից մկնդեղի պարունակությունը 26 անգամ բարձր է եղել հատկապես գերեզմանոցի և նրան հարող տարածքում, գերեզմանոցի հարող ճանապարհով իջնելով Ալավերդու պղնձաձուլական գործարանի տարածք` այն աստիճանաբար նվազել է: Ճանապարհի  եզրին գտնվող քարի արտադրամասի մոտ`  հողում մկնդեղի պարունակությունը թույլատրելի սահմաններից բարձր է եղել 5 անգամ:

Այս առումով Ժաննա Բեդյանն իր մտհոգությունը հայտնեց Մադան տանող ճանապարհաեզրերին սփռված մոշի և այլ հատապտուղների թփերի առկա վտանգների մասին, որից օգտվում է բնակչությունը: Ժաննա  Բեդյանը նաև հայտնեց. «Քանի որ գերեզմանոցի շրջակա տարածքում և նրան հարող ճանապարհաեզրերի հողում հայտնաբերվել են մկնդեղի սահմանայինից խիստ բարձր քանակ, մենք փորձանմուշներ ենք վերցրել նաև «Լալվար» գետից, որը հոսում է հենց մկնդեղի գերեզմանոցի ստորոտով և թափվում է Դեբեդ գետը:  Լաբորատոր ստուգումների արդյունքում  Լալվար գետակի և Դեբեդ գետի փորձանմուշներում չեն հայտնաբերվել մկնդեղ»:

Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային պետի տեղակալը գտնում էր, որ գերեզմանոցի և նրան հարող տարածքների, ինչպես նաև Մադան տանող ճանապարհաեզրերի հողում հայտնաբերված մկնդեղը բնապահպապանական լուրջ խնդիր է առաջացնում և կարևորում այդ տարածքը մկնդեղից մաքրելու անհրաժեշտությունը:

Ժաննա Բեդյանի տեղեկատվությունը նաև փաստում է, որ գերեզմանոցից  դեպի ճանապարհ անձրևաջրերի հոսքերի միջոցով մկնդեղը տարածվում է շրջակա միջավայրում, որը թեև առայժմ քաղաքի այլ հատվածներ չի հասնում, սակայն հետագա անհետևողականության դեպքում այն կարող է լուրջ վտանգներ առաջացնել նաև քաղաքի մյուս թաղամասերի համար:

Մարտ 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր