

ԷկոԼուր
Երևանի քաղաքապետարանը պարզաբանումներ ներկայացրեց ԷկոԼուրին Երևանի կենցաղային թափոնների կառավարման վարկային ծրագրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս 24 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոական բանկի (EBRD), Եվրոպական ներդրումային բանկի (EIB) և Եվրամիության NIF հիմնադրամի կողմից:
ԷկոԼուրի նամակում արտացոլված էին ծրագրի թերությունները և մասնավորապես նշված էր, որ նախագծում նախատեսված չէ աղբի տեսակավորում և վերամշակում, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ պոտենցիալ ներդրողների համար: Մյուս հարցը վերաբերում էր աղբի կազմի, աղբավայրում կուտակված մեթանի քանակի գնահատմանը և էլեկտրաէներգիա ստանալու համար կենսագազի օգտագործմանը:
ԷկոԼուրը Երևանի քաղաքապետարանին խնդրել էր պատասխանել հետևյալ հարցերին՝
1. ինչպիսի՞ն է Նուբարաշենի աղբավայրի սկզբնական կազմը՝ համաձայն 1999/31 / ԵՄ Դիրեկտիվի տարանջատումների, և ի՞նչ կերպ են պահվելու այդ թափոնները՝ ըստ իրենց վտանգավորության կամ անվտանգության դասի
2. ի՞նչ լրացուցիչ ֆինանսավորում անհրաժեշտ կլինի պլաստիկի տեսակավորման և վերամշակման համար
3. ի՞նչ փուլում են գտնվում վերամշակող գործարանի կառուցման վերբերյալ պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունները
4. ինչպե՞ս է օգտագործվելու այլընտրանքային վառելիքը՝ բիոգազը, և արդյո՞ք այն վերածվելու է էլեկտրաէներգիայի, թե՞, ինչպես «Շիմիզու» ընկերության դեպքում, այրվելու է մթնոլորտում:
Երևանի քաղաքապետարանի պատասխան նամակում նշված է. «2015 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից վարձված խորհրդատուն, հիմք ընդունելով կոշտ թափոնների կառավարման ծրագրի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը, մշակել էր շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվություն, որը 2015 թվականի հունիս ամսին տեղադրվել է ինչպես ՎԶԵԲ-ի, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հաշվետվության տպագիր օրինակները տեղադրվել են Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների վարչական շենքերում՝ հասարակության համար հասանելի վայրերում:
Կոշտ թափոնների կազմի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է ինչպես Ֆիխտներ ընկերության, այնպես էլ Էնվիրոպլան ընկերության հաշվետվություններում, որոնք արտացոլում են համապատասխանաբար 2010 և 2016 թվականների տվյալները:
Կոշտ թափոնների տեսակավորումը և վերամշակումը ոչ միայն բացառված չեն, այլև բխում են Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող շարունակական ծրագրերի էությունից՝ հանդիսանալով աղբի հավաքում-մշակում-տեղադրում/թափում ցիկլի բաղադրիչներից մեկը:
Գործող աղբավայրի փակման ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել գործող աղբավայրում գոյացող ընդհանուր գազի ծավալները, դիտարկվել է նաև Շիմիզու ընկերության կողմից այրվող գազի ծավալներ, ուստի կատարված հաշվարկները լիարժեք են:
Անդրադառնալով Ձեր կոնկրետ հարցադումներին՝ հայտնում ենք.
• Նոր աղբավայրը նախատեսված է կենցաղային աղբի համար: Նախատեսվելու է նաև հատուկ հատված շինարարական աղբի ընդունման համար:
• Կոնկրետ պլաստիկի տեսակավորման և վերամշակման ծախսերի առանձին հաշվարկ կատարված չէ:
• Ներկայումս նախնական տեսակավորման և վերամշակման ծրագիրն ակտիվ քննարկվում է, և առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կհայտարարի այս ծրագրի հետաքրքրվածության հայտերի հրավեր: Հետաքրքրվածության հայտերի տրամադրումից հետո պարզ կդառնա տեսակավորման և վերամշակման մեթոդաբանությունը և ծրագրի մոտավոր արժեքը:
• Առաջացող մեթան գազից նախատեսվում է ստանալ էլեկտրաէներգիա, իսկ անհաժեշտության դեպքում մնացորդային գազերն այրել»:
Փետրվար 16, 2017 at 16:23
