

ԷկոԼուր
ԷկոԼուրն իր հրապարակումներում շարունակում է Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների կառավարման վարկի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները: Վերակառուցման և զարգացման եվրոական բանկի (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված վարկերի չափը կազմում է 16 միլիոն եվրո (յուրաքանչյուր բանկը՝ 8 միլիոն եվրո) և ևս 8 միլիոն եվրո՝ Եվրամիության NIF հիմնադրամից:
Այս հոդվածում խոսքը «Հայաստան. Երևանում կոշտ թափոնների կառավարման նախագիծ –բնապահպանական և սոցիալական ոլորտի համապարփակ ուսումնասիրություն «ESDD7» ոչ տեխնիկական ամփոփում» փաստաթղթի մասին է: Փաստաթուղթը պատրաստվել է Երևանի քաղաքապետարանի պատվերով երկու ավստրիական ընկերությունների` «BERNARD Ingenieure ZT GmbH»-ի և «HYDRO INGENIEURE Umwelttechnik GmbH»-ի կողմից:
Հիմնական հարցը, որն առաջանում է փաստաթուղթը կարդալիս, 2014թ-ի մայիսի 7-ի նիստում EBRD-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատված բանկի սոցիալական և էկոլոգիական քաղաքականությանը փաստաթղթի համապատասխանության և նպատակահարմարության հարցն է:
Փաստաթղթում հղումներ են բերված 2014/52/ԵՄ Դիրեկտիվի պահանջների մասին, որը վերաբերում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին, ինչպես նաև 1999/31/ԵՄ Դիրեկտիվին, որը վերաբերում է աղբավայրերին:
Նշենք, որ 1999/31/ԵՄ Դիրեկտիվում թափոնները բաժանվում են ըստ իրենց թունավորության աստիճանի, տեսակի, բնութագրի և այլն: Մասնավորապես որոշվում են իներտ, կենսալուծվող, բժշկական, ոչ տոքսիկ թափոններ: Աղբավայրերին, որտեղ կուտակվում են այդ թափոնները, առաջադրվում են տարբեր պահանջներ: Ավելին, բազմիցս նշվում է թափոնների մշտադիտարկման և վերահսկողության անցկացման անհրաժեշտության մասին:
Երևանում կոշտ թափոնների կառավարման նախագծի ՇՄԱԳ-ում խոսքը կենցաղային թափոնների մասին է՝ չնշելով նրանց տեսակը: Պարզ է, որ այս ուղղությամբ ուսումնասիրություն չկա, թե կոնկրետ ինչ է լցվում Նուբարաշենի աղբավայր: Դրա համար էլ նախագծի այն կետում, որտեղ խոսքը մշտադիտարկման և վերահսկողության մասին է, չկա այս կամ այն տեսակի թափոնին բնորոշ իրական ռիսկերի նկարագրություն, այլ պարզապես արտագրված է Դիրեկտիվի կետը:
Նշենք, որ Երևանում աղբի տեսակավորում չի իրականացվում: Նախագծում ևս տեսակավորում նախատեսված չէ: Սակայն տարբեր ժամանակահատվածներում արված առանձին դիտարկումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանում աշխատում է մի քանի հազար ձեռնարկություն, այդ թվում՝ և փոքր, և չգրանցված ձեռնարկություններ, օրինակ, հայելիների արտադրություն, լվացման և ավտոմեքենաների վերանորոգման կետեր, շինարարական կազմակերպություններ, բժշկական հաստատություններ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ:
Նրանք կարող են արտադրել տոքսիկ թափոններ, վարակված ներարկիչներ, կենսաթափոններ, ուժեղ թթուներ, ալկալի, և այլն: Բոլոր այս ձեռնարկություններն իրենց գործունեության արդյունքում առաջացած թափոններից ձերբազատվում են չկարգավորված կերպով: Նախագծում գնահատված չէ դրանց մասնաբաժինը կենցաղային թափոններում:
Թափոնների հիմնական մասը ներկայացնում է պլաստիկը երբեմն մինչև 50 տոկոս ծավալով: Արդեն մի քանի տարի բանակցություններ են ընթանում վերամշակող գործարանի կառուցման հնարավոր ներդրումների վերաբերյալ: Գնահատվում են ֆինանսական, տնտեսական, էկոլոգիական և սոցիալական ազդեցությունները հնարավոր ներդրողների համար:
Նախագծի տեխնիկական հիմնավորման մեջ հատուկ նշված է, որ թափոնների տեսակավորումը և վերամշակումը նախագծից դուրս է: Հետևաբար վարկային նախագիծը կոնֆլիկտի մեջ է մտնում վերամշակման գործարանի պոտենցիալ ներդրողների հետ:
Նախագիծն ունի «կանաչ» բաղադրիչ՝ մթնոլորտում СО2-ի կրճատում մեթանի այրման հաշվին: Հետաքրքիր է, որ հաշվարկները բերված են աղբավայրի նոր հատվածի համար՝ հաշվի չառնելով այն փաստը, որ նոր հատվածը գործող աղբավայրի բնական շարունակությունն է: Իսկ գործող աղբավայրում 2009թ-ից սկսած վառվում է ջահը, որն այրում է մեթանը հենց ածխածնի սերտիֆիկացված արտանետումների նվազեցման համար (տես նախորդ նյութը «Շիմիզու» ընկերության մասին): Դա նշանակում է, որ նախագծում СО2-ի նվազեցման վերաբերյալ բերված թվերը ճշգրտման կարիք ունեն:
Նախագծում կան տվյալներ այն մասին, որ օգտագործվելու է անտառային տարածք: Ընդհանուր 17.91 հա անտառատնկված տարածքից 2.7 հեկտարն իրական անտառ է, իսկ մնացած հատվածում անտառ չի աճել: Նշված է, որ նոր անտառային տարածքի տեսքով փոխհատուցման համար քաղաքապետարանը բանակցություններ է վարում «Հայանտառ»-ի հետ: Այսինքն, նախագիծը վերցնում է անտառային տարածք աղբավայրի համար, որի վրա թեկուզ և անհաջող, ծախսվել են միջոցներ անտառատնկան համար: Դրանից տուժում է անտառային ֆոնդը, որն ունի ինչպես անտառածածկ, այնպես էլ անտառազուրկ տարածքներ: Այս կապակցությամբ բանակցությունների արդյունքները ներկայացված չեն:
EBRD-ի սոցիալական քաղաքականությունն արտահայտված է գենդերային պահանջներում՝
• EBRD գենդերային ռազմավարական նախաձեռնություն
• EBRD գենդերային 1-ին մեթոդական ուղեցույց
• EBRD գենդերային հարցերով ուսումնասիրությունների անցկացման մեթոդների
հավաքածուներ 1 և 2
• EBRD բնապահպանական և սոցիալական քաղաքականություն, 2008
Հայաստանի օրենսդրություն (ՀՀ օրենք)
• Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար
հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենք
Նշենք, որ այժմ էլ աղբավայրում չսանկցավորված աշխատում են և տղամարդիկ, և կանայք, և անգամ երեխաներ, ովքեր իրենց օրվա հացն են հայթայթում: Տղամարդիկ, որպես կանոն, վարորդներ են, իսկ կանայք և երեխաները տեսակավորում են մեքենաներից բեռնաթափված աղբը՝ բաժանելով եկամուտը իրենց ընտանիքների մեջ: Այսինքն, գենդերային մոտեցումը դրված է հենց կյանքի կողմից, այլ ոչ թե որոշվում է հատուկ տվյալ ծրագրի շրջանակներում:
Փետրվար 01, 2017 at 15:24
