Ա1+
«Աղբ չթափել». փոքրիկ ցուցանակը տեղադրված է Նուբարաշենի աղբավայր տանող ճանապարհին, մինչդեռ չկա մի աղբատար մեքենա, որն այդ մայրուղով անցնելիս աղբ չթափի: Ճանապարհի 2 կողմերը եւս լի են այս ու այն կողմ նետված պոլիէթիլենային տոպրակներով ու կենցաղային այլ աղբով:
Աղբավայր չկարողացանք մտնել, քանի որ նախորդ օրերի հորդառատ անձրեւի հետեւանքով ճանապարհն այստեղ անանցանելի էր: Փոխարենը հենց աղբավայրում հանդիպեցինք բիոգազի հավաքման եւ այրման կայանի աշխատողներին: Նրանք իրականացնում են ճապոնական «Շիմիզու» կորպորացիայի եւ Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ ծրագիրը:
Կայանի գլխավոր ինժեներ Կարեն Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց, որ ծրագրի նպատակն է հավաքել ու այրել շուրջ 20-25 տարվա հնության աղբը, որից էլ հետագայում պետք է ստանան էլեկտրաէներգիա:
Նա ցույց տվեց աղբավայրի ցանկապատված այն 7 ու կես հա տարածքը, որտեղի աղբը ծածկվել է հողով եւ այստեղից ջերմոցային թունավոր գազերը խողովակներով տեղափոխվում են պոմպակայաններ ու այրվում:
Ծրագիրը իրագործվում է 2009թ. հոկտեմբերից. վերջնաժամկետն է 2023թ.-ն: Ճապոնական կողմը նախատեսված 5,5 մլն ԱՄՆ դոլարից այս պահին արդեն ներդրել է 2,6 մլն-ն: Ավելին` պարոն Սարգսյանը չկարողացավ ասել` նշելով, որ իրավասու չէ:
Երեւանի քաղաքապետի խորհրդական Աշոտ Մնացականյանը մեզ հետ զրույցում ասվածին հավելեց, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն այս ծրագրի 2-րդ փուլն է, որի սկսվելն էլ դեռ հարցականի տակ է: Ըստ նրա` ամեն ինչ կախված է մինչեւ հոկտեմբեր կատարվելիք մոնիթորինգի արդյունքներից, երբ պարզ կլինի, թե ինչ ծավալի գազ է ստացվում աղբավայրից:
Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում մայրաքաղաքից տարեկան 300-350 հազար տոննա աղբ է կուտակվում: Եթե ապագայում հնարավոր լինի էլեկտրաէներգիա ստանալ, քաղաքապետի խորհրդականի ասելով` այն կգնի մեր պետությունը, իսկ գինը կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Իսկ թե որն է լինելու ճապոնական «Շիմիզու» կորպորացիայի շահույթն աղբի այրումից, Աշոտ Մնացականյանը պատասխանեց. «Ճապոնիայի կառավարությունը պարտավորություններ ունի Կիոտոյի համաձայնագրի շրջանակներում. նմանատիպ բնապահպանական միջոցառումների իրականացման դիմաց նրանք ստանում են համապատասխան քվոտաներ, որոնք համաշխարհային շուկայում արժեքավոր են: Ըստ այդ քվոտայի` եթե «Շիմիզու»-ն ունի թունավոր արտադրություններ, իր երկրում կստանա լիցենզիա ու կամ կշարունակի իր գործունեությունը, կամ ուղղակի այն կվաճառի մեկ այլ ընկերության»:
Ապրիլ 26, 2010
