

ԷկոԼուր
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը որոշել է քննարկման ընդունել ԷկոԼուրի կողմից ուղարկված Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բողոքը` ընդդեմ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային միջոցներով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի»:
Այս մասին ԷկոԼուրին նամակով տեղեկացրել է ՄԻՊ-ի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Պաշտպանին բողոք ներկայացնելը չի կասեցնում խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար իրավասու մարմին կամ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի որոշումը:
««ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը 2018 թ-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները զրկված են ջուր ունենալու հնարավորությունից:
Մասնավորապես նշել է, որ 2016 թ-ին Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) աջակցությամբ իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» (IRFSP) վարկային ծրագրի շրջանակներում Աստղաձոր գետի ավազանի ջրերն ուղղվել են դեպի Զոլաքար գյուղ: Արդյունքում Աստղաձոր գյուղի բնակիչները, որոնք նույնպես նախկինում օգտվում էին Աստղաձոր գետից, մնացել են առանց ջրի: Ներկայումս գյուղի բնակիչներն օգտագործում են հորերի ջուրը:
Բողոք ներկայացրած անձը տեղեկացրել է նաև, որ ջրի վերաբաշխումն իրականացվել է Աստղաձոր համայնքի բնակիչների իրավունքների խախտումներով: Մասնավորապես, Աստղաձորում հանրային քննարկումներ չեն իրականացվել, չեն գնահատվել ծրագրի ազդեցության ռիսկերը, Աստղաձորի հորերի ջրերից սանիտարական ստուգումներ չեն իրականացվել և այլն:
Վերոնշյալը հաստատել է նաև Աստղաձոր համայնքի ղեկավարը:
Ի. Զարաֆյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը բարձրացված խնդիրների լուծման հարցում:
Հաշվի առնելով, որ բողոքը համապատասխանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածին և 17-րդ հոդվածի պահանջներին, ղեկավարվելով 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 20-րդ հոդվածով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Ինգա Զարաֆյանի բողոքն ընդունել քննարկման և դրա ուսումնասիրումը հանձնարարել Պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Վարոսյանին:
2. Որոշման օրինակն ուղարկել բողոք ներկայացրած անձին:
ք. Երևան, 27.09.2018 թ.»:
.jpg)
.jpg)
.jpg)
Հոկտեմբեր 09, 2018 at 15:49
