Նոր լսումներ Կուրթանում՝ Ձորագետի վրա «Լոռիբերդ» փոքր ՀԷԿ կառուցելու նախագծի վերաբերյալ

Նոր լսումներ Կուրթանում՝ Ձորագետի վրա «Լոռիբերդ» փոքր ՀԷԿ կառուցելու նախագծի վերաբերյալ

Նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան գյուղում տեղի կունենան հանրային լսումներ՝ «Լոռիբերդ» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ: Լսումները նախաձեռնել է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն: Սրանք թվով երկրորդ լսումներն են: Առաջինը կայացել է հոկտեմբերի 21-ին՝ Լոռի Բերդ համայնքում: 

Ըստ ներկայացված տվյալների՝ ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 26,7 Մվտ, տարեկան կարտադրվի 110 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Սա արդեն երկրորդ ՀԷԿ-ն է «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ից հետո, որի հզորությունը գերազանցում է փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված 10 ՄՎտ շեմը: ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշմամբ փոքր ՀԷԿ-երի հզորության վերին շեմը բարձրացվեց 30 ՄՎտ-ի՝ նախկին 10 ՄՎտ-ի փոխարեն: Այդ որոշումը տարածվում էր ընդամենը մեկ ՀԷԿ-ի՝ Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցված «Ձորահէկ» ՀԷԿ-ի վրա, որն ունի 26 Մվտ դրվածքային հզորություն: Ստանալով փոքր ՀԷԿ-ի կարգավիճակ՝ «Ձորահէկ» ՀԷԿ-ը սկսեց օգտվել ՓՀԷԿ-երի համար սահմանված սակագնային արտոնություններից: Հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը դարձավ 25.401 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ 2010թ. 3,42 դրամ/կՎտժ-ի փոխարեն։ 

Նշենք, որ 67 կմ երկարություն ունեցող Ձորագետ գետի վրա շահագործվում է ևս 3 ՓՀԷԿ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ»: 

Փոքր ՀԷԿ-երի` առավելագույն 30 Մվտ հզորության մասին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռևս 2021թ. մայիսին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ էր դրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է նվազեցնել փոքր հիդրոէլեկտրակայանների դրվածքային հզորության շեմը՝ 30 ՄՎտ-ից իջեցնելով 10 ՄՎտ: Այս նախագծի համար հիմք է ծառայել դեռևս 2018թ. «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերի փորձագիտական խմբի կողմից փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին միտված առաջարկը՝ նվազեցնել փոքր հիդրոէլեկտրակայանների դրվածքային հզորության շեմը՝ 30 ՄՎտ-ից 10 ՄՎտ-ի: Մատնանշվել էին նաև կոռուպցիոն ռիսկեր՝ Կառավարության վերոնշյալ որոշման ընդունման հետ կապված: 

Մինչ օրս, սակայն, դրվածքային հզորության շեմը նվազեցնելու վերաբերյալ որոշման նախագիծը դեռ չի ընդունվել:

Շրջակա միջավայրին ինչպիսի՞ վնասներ կհասցվեն

ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում խողովակների անցկացման համար հնարավոր է ծառահատումներ տեղի ունենան: «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը ծառահատումների վերաբերյալ ասել է. «Դեռ չի արվել այդ հաշվարկը: Վերջնարդյունքում տվյալ հատվածները համաձայնեցնելու ենք և՛ անտառտնտեսության, և՛ համայնքի հետ»:

Էներգետիկ բնագավառում գործունեություն ծավալելու մտադրություն ունեցող ընկերության ներկայացուցիչները համայնքի բնակիչների հետ հանդիպմանը խոստացել են սոցիալական ծրագրերի ու ներդրումներ իրականացնել: Տեղի բնակիչները, սակայն, բանավոր խոստումներից զատ պահանջել են այդ խոստումներին իրավական հիմնավորվածություն տալ:

Ըստ «Էներգո ՀԷԿ Շին» և «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ների ղեկավար Սամվել Հունանյանի՝ նախատեսում են հուշագիր կնքել համայնքների ղեկավարների հետ: Սակայն հանրային լսման մասնակիցները նշել են, որ հուշագիրը իրավական ակտ չէ և իրավական ուժ չունի: 

Հանրային լսմանը մասնակցող «Էկոգրուպ» ընկերության ներկայացուցիչ Տարոն Նավասարդյանը նշել է, որ ՇՄԱԳ նախագծի մեջ նախատեսում են ներառել սոցիալական միջոցառումների պլան: 

ԷկոԼուրի դիտարկումները 

1.  ՀՀ կառավարությունը 2021թ. ապրիլի 8-ին ընդունեց «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 488-Ն որոշումը, որով մերժվում է փոքր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրել այն դեպքում, երբ փոքր ՀԷԿ-ը կառուցվելու է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի վրա: Սույն որոշմամբ հաստատված 25 գետերից մեկը Դեբեդի վտակ Ձորագետ գետն է:

2. «Լոռի բերդ-1» փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի որոշակի հատված անցնելու է «Գետնանձավ» անձավային թունել» կոչվող բնության հուշարձանի մոտով, որը գտնվում է Ձորագետ գետի ձախ ափից 40-50մ հեռավորության և 35-40 մ բարձրության վրա: ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի  համաձայն՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է գետերի վրա՝ բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում»:

Նոյեմբեր 03, 2021 at 10:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր