Հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբը կուսումնասիրի «Ագարակի ՊՄԿ»-ի գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցը

Հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբը կուսումնասիրի «Ագարակի ՊՄԿ»-ի գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցը

Ձևավորվել է հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցի ուսումնասիրման նպատակով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազությունը՝ աշխատանքային խումբը ստեղծվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում: 

Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են աշխատանքային խմբի հայկական կողմի անդամները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի գլխավորությամբ և ԻԻՀ գլխավոր դատախազության բարձրագույն դատարանի դատախազի օգնական, գլխավոր դատախազության տեխնիկական և միջազգային համագործակցության վարչության պետ Սիամաք Սաիդ Ֆավայեդին,   «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են կոմբինատի գործունեության ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև դրանց՝ դեպի Արաքս գետ հոսքը կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները: Հանդիպմանը հաջորդել է այցելություն պոչամբարային հատված, տեղում ուսումնասիրվել է հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության մեջ օգտագործվող ջրերի շրջանառության համար նոր շահագործման հանձնված փակ համակարգի գործունեությունը: Այցելության ընթացքում աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է, որ կոմբինատը կատարել է ջրերի շրջանառության փակ համակարգի ներդրման պարտավորությունը, կոմբինատի գործունեության հետևանքով գետի աղտոտման, կեղտաջրերի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել: 

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և իրականացնել հնարավոր բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հետագայում ցանկացած պահի համապատասխան նմուշառումների միջոցով, տարածաշրջանում լեռնահարստացման գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Աշխատանքային խմբում հայկական կողմից ներգրավված են եղել և Մեղրիում կատարված աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարություններից:

Լուսանկարը՝ ՀՀ դատախազության

Նոյեմբեր 24, 2021 at 11:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր