Օրերս Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվեցին Երևանյան լճի՝ պոլիէթիլենով ու պլաստիկով աղտոտված լինելու լուսանկարները: /հղում/: «Ինչպես գիտեք, մի երկու շաբաթ լիճն ամբողջովին ցամաքեցվել էր մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով (համենայն դեպս՝ այդպես գիտեի): Հիմա այն նորից ջրով լցվել է, սակայն հիմա ջրի վրա լողացող աղբն ավելի շատ է, իսկ ափերի աղբի պակասեցում ընդհանրապես չի նկատվում: Հակառակը՝ շատացել է: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով լճի փոխարեն կունենանք աղբանոց Երևանի սրտում»,- ահազանգել էր Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:
Արձագանքելով հրապարակմանը Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Երևանյան լճի մաքրման ծրագիրը ներառվել է 2022թ. ՀՀ պետական բյուջեյում և կիրականացվի հաջորդ տարի: ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60,4 միլիոն դրամ գումարի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 113 մլն դրամ։ Միջոցառումն արդեն իսկ ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայքներում» ծրագրի շրջանակներում, և այն կմեկնարկի 2022 թվականին։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Սամվել Պիպոյանի
Նոյեմբեր 25, 2021 at 09:59