

2022 թվականը Սևանա լիճը կդիմավորի բացասական հաշվեկշռով: Լճի մակարդակն արդեն իսկ ցածր է 2021թ-ի տարեսկզբի մակարդակից: 2021թ-ի հունվարի 8-ին Սևանա լճի մակարդակը 1900.52 մետր էր, և լիճն ուներ դրական հաշվեկշիռ՝ 2020թ-ի նույն օրվա նկատմամբ բարձր լինելով 9 սանտիմետրով: Մինչդեռ 2021թ-ի դեկտեմբերի 3-ին լճի մակարդակը կազմում է 1900.46 մ:
Սևանի մակարդակի անկումը խիստ բացասական ազդեցություն ունի լճի էկոհամակարգի վրա:
Լճի մակարդակի անկման վրա ազդում են հավելյալ ջրառները, գլոբալ տաքացման արդյունքում լիճ թափվող գետերի հոսքերի նվազումը, գոլորշիացումը, սակայն մեր դիտարկումները ցույց են տվել, որ լիճը բացասական հաշվեկշիռ է ունեցել հատկապես այն տարիներին, երբ հավելյալ ջրառ է իրականացվել: Բացառությամբ 2008թ-ի հավելյալ ջրառի, 2012, 2014, 2017, 2018, 2021 թվականներին իրականացված հավելյալ ջրառների արդյունքում գրանցվել են բացասական հաշվեկշիռներ:
2008թ. իրականացվել է 360,0 միլիոն խմ ջրառ, 2012թ-ին՝ 320,0 միլիոն խմ, 2014թ-ին՝ 240,0 միլիոն խմ, 2017թ-ին՝ 270,0 միլիոն խմ, 2018թ-ին՝ 210,0 միլիոն խմ, 2021թ՝- 227. 651 միլիոն խմ:
Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով Սևանա լճից ջրառի առավելագույն չափաքանակ է սահմանված 170 միլիոն խմ-ն:
Դեկտեմբեր 03, 2021 at 15:28