

Կոյուղաջրերով Սևանա լճի աղտոտումը կանխելու համար Սևանա լճի առափնյա տարածքներում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի օբյեկտներ, որոնցից 300 մշտական գործող, պետք է իրենց հաշվին կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցեն և շահագործեն:
Ժամանակակից լոկալ մաքրման կայաններ պետք է տեղադրվեն լճի առափնյա գյուղական համայնքներում: Այս միջոցառումները պետք կատարվեն 2022թ-ին և հաջորդ տարիներին: Այս մասին նշված է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագրում: Սակայն ծրագրում հստակեցված չէ, թե որքան մաքրման կայան կշահագորրծման կհանձնվի 2022թ-ին: Իրականացվելիք միջոցառումների թվում է նաև Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծումը Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին: Նշենք, որ այս միջոցառումը, ինչպես նաև ափամերձ հանգստյան և սննդի օբյեկտներում մաքրման կայանների տեղադրման միջոցառումը ընդգրկված են եղել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրում ևս:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2021-2026թթ. իր ծրագրում նշել է, որ պատրաստվում է առաջիկա 5 տարիների ընթացքում ապահովել Սևանա լճի ավազանում ներկայում գործող կեղտաջրերի մաքրման 3 կայաններից արտանետվող կեղտաջրերի ամբողջական մաքրման իրականացումը և այդ գործընթացը համատեղել Սևանա լճի շրջակա բնակավայրերի ամբողջական կոյուղացմամբ և տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների և սարքավորումների տեղադրման համապատասխան պայմանների ստեղծմամբ:
Դեկտեմբեր 07, 2021 at 12:37
