Կուսումնասիրվեն Սևանա լճի ծաղկման պատճառները

Կուսումնասիրվեն Սևանա լճի ծաղկման պատճառները

Նոր ուսումնասիրություն, նոր փաստեր Սևանի ավազանի մասին: Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողները հետազոտել, հաստատել են՝ լճի ափամերձ և ստորգետնյա հատվածներում առկա են միկրոբիալիթներ կամ սևանիտներ:

Գիտական աշխատանքները ղեկավարում է Լիլիթ Սահակյանը: Սևանիտները նստվածքային գոյացություններ են, որոնք առաջացել են մի քանի հազար տարվա ընթացքում ցիանոբակտերիաների, այսինքն՝ կապտականաչ ջրիմուռների գործունեության հետևանքով:

Լիլիթ Սահակյան (ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական գծով փոխտնօրեն) - Մենք սկզբում անվանում էինք սևանիտներ, հիմա արդեն միկրոբիալիտները կոչում ենք սևանիտներ: Ցիանոբակտերիաները ամենահին օրգանիզմներն են, մոտ 3.7 մլրդ տարի առաջ դրանք ձևավորել են Երկիր մոլորակի ամենահին նստվածքային ապարները:

Արտադրում են թթվածին՝ օգտագործելով CO2 գազը ֆոտոսինթեզի ժամանակ: CO2-ը կարևոր բաղադրիչ է ցիանոբակտերիաների աճի համար՝ ներառյալ արևի ճառագայթները, ջուրը և ֆոսֆորային ու ազոտական սննդանյութերը:

Սևանիտները տարածված են Սևանի ավազանի որոշ ափամերձ և խորջրյա՝ մինչև 30 մ հատվածում:

Լիլիթ Սահակյան - Մենք ցույց ենք տալիս, որ Սևանա լիճը ծաղկել է նաև նախկինում, այսինքն մենք ունենք նախնական տվյալներ, իզոտոպային հասակագրում, որ 1355 տարի առաջ նույնպես տեղի է ունեցել Սևանի ծաղկում: Սևանիտները բնական պահոցներ են, իսկ դրանց իզոտոպային ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզաբանել Սևանա լճի ծաղկման բնական պատճառները, կառաջարկվեն միջոցառումներ այն չեզոքացնելու համար:

Վերջերս բացահայտել են նաև, որ Սևանի հատակում տեկտոնական խախտումներով պայմանավորված, կա CO2 գազի արտահոսք, իսկ ջրիմուռների ծաղկման համար հարկավոր է հենց CO2 գազ:

Լիլիթ Սահակյան - Կարող ենք ասել, որ 6-7 դարերում Սևանի մակարդակը ավելի բարձր է եղել՝ մինչև 1920 մետր, և այդ ապարներն առաջացել են հենց էդ ափամերձ հատվածներում:

Ծրագրի նախնական ուսումնասիրություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ, ինչպես նաև հայ-ֆրանսիական ծրագրի համագործակցությամբ: Գիտության կոմիտեի՝ «սևանիտները՝ որպես Սևանա լճի պալեոմիջավայրի պահոցներ» ծրագիրը երաշխավորվել է ֆինանսավորման, ինչը հնարավորություն կտա շարունակել ուսումնասիրությունները:

Հետազոտությունները ներկայացվել են երկու գիտաժողովում՝ Հայաստանում և Ֆրանսիայում: Եվս մեկ զեկույց առաջիկա օրերին կներկայացվի Գերմանիայի Գրեյսֆալդի համալսարանում կազմակերպված աշխատաժողովում:

www.1lurer.am



Դեկտեմբեր 06, 2021 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր