Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը:

1993 թվականին ՄԱԿ-ի կողմից հաստատված՝ Ջրի համաշխարհային օրն ընդգծում է քաղցրահամ ջրի կարևորությունը։

ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն` ներկայում 2,2 միլիարդ մարդ չունի անվտանգ ջուր: Միջոցներ են անհրաժեշտ ջրի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս տարի ՄԱԿ-ը որոշել է ուշադրության կենտրոնում պահել ստորերկրյա ջրերի խնդիրները:

Հայաստանում ստորերկրյա ջրերը հիմնականում Արարատյան, Շիրակի, Լոռու, Մասրիկի և այլ միջլեռնային գոգավորություններում են։ Սակայն դրանց մեծ մասը գտնվում է Արարատյան դաշտում: Այստեղ ստորերկրյա ջրերը ենթարկվում են անտրոպոգեն ազդեցության: Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին վտանգվել է ջրի պաշարների վերականգնման բնականոն հավասարակշռությունը: Առաջացել է ջրի առաջարկի-պահանջարկի անհամամասնություն։ Ջրազրկվել է Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք, որոշ տարածքներ ճահճացել են, իսկ մոտ 4000 հա գյուղատնտեսական հողեր դարձրել են անօգտագործելի կամ անջրդի։ Արմավիրի մարզում ստորերկրյա ջրերի հորիզոնների իջնելու հետևանքով փակվել են մոտ 40 ձկնային տնտեսություններ։ Արմավիրի մարզում ջրային հորիզոնների իջեցման արդյունքում նախկին ինքնաշատրվանող 136 հորերից ներկայումս ջրօգտագործողները ջրառն իրականացնում են պոմպերով` դրա համար կատարելով հավելյալ էներգետիկ ծախսեր: Բարձրացել է ջրային ռեսուրսների հանքայնության աստիճանը՝ իջեցնելով հողերի բերքատվության մակարդակը։ Ակնա լճի մակարդակի իջեցման հետևանքով Սև ջուր գետն արդեն իսկ չի սնուցվում լճից, պակասել է նաև սնուցումը ստորերկրյա աղբյուրներից:

Թեպետ ՀՀ կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկում է խնդիրները կարգավորելու, օրինակ, ջրախնայող համակարգերի կիրառման, ձկնաբուծարանների ջուրը երկրորդային օգտագործման, խորքային հորերի փակման միջոցառումներ նախատեսելով, սակայն վիճակի էական բարելավում չկա:

ՄԱԿ-ը ստորերկրյա ջրերի մասին  նշում է. «Մենք պետք է պաշտպանենք նրանց գերշահագործումից՝ ավելի շատ ջուր վերցնելուց, քան համալրվում է անձրևի և ձյան շնորհիվ, և աղտոտվածությունից:

Ստորերկրյա ջրերի ուսումնասիրությունը, պաշտպանությունը և կայուն օգտագործումն առանցքային նշանակություն կունենան կլիմայի փոփոխությանը գոյատևելու և հարմարվելու և աշխարհի աճող բնակչության կարիքները բավարարելու համար»:

Մարտ 22, 2022 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր