

«Բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով ռեսուրս կենտրոն» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում հիդրոէներգետիկայի ոլորտի կողմից շրջակա միջավայրին և մարդու իրավունքներին հասցված վնաս» զեկույցը։ Հեղինակներն են Սոֆյա Մանուկյանը, Ռիկարդո Մոտան և Էլլա Սկիբենկոն։
«Զեկույցը ներառում է 32 հիդրոէներգետիկ նախագծերի ուսումնասիրություն Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում՝ կապված մարդու իրավունքների խախտումների և շրջակա միջավայրին հասցված վնասների հետ: Ընդհանուր առմամբ գրանցվել է 265 խնդիր։ «Տարածաշրջանում ներդրողների, վարկատուների և ընկերությունների մոտեցումը պետք է փոխվի», - նշված է տեսության մեջ։ Աշխատանքը հրապարակված է անգլերեն և ռուսերեն լեզուներով
Առանցքային եզրակացություններ
Ուսումնասիրված 32 հիդրոէներգետիկ նախագծերից 17-ը ստացել են ֆինանսավորում միջազգային ֆինանսական կառույցներից։
Ներդրող ընկերությունների 100%-ի վերաբերյալ կան մեղադրանքներ՝ կապված մարդու իրավունքների խախտման և շրջակա միջավայրին վնաս հասցնելու հետ։ Նրանցից և ոչ մեկը չունի մարդու իրավունքների ոլորտում քաղաքականություն՝ հասանելի հանրության համար։
67 խնդիր վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցությանը, 98-ը՝ համայնքի, 25-ը՝ իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության, 20-ը՝ աշխատանքային իրավունքների վրա ազդեցությանը և 55-ը՝ կառավարման և թափանցիկության խնդիրներին:
Վրաստանում ուսումնասիրված հիդրոէներգետիկ նախագծերի 71%-ը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից։ Այդ բոլոր նախագծերի վերաբերյալ կան տեղեկատվության հասանելիության և համայնքների կենսապայմանների վրա անբարենպաստ ազդեցության խնդիրներ:
Հայաստանում ուսումնասիրված հիդրոէներգետիկ նախագծերի 67%-ը (12-ից 8-ը) ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կառույցների կողմից։ 8-ից 7-ն ունեն ջրի հասանելիության խնդիր։
Այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակն է, որպեսզի հիդրոէներգետիկ ընկերությունները և նրանց ներդրողները ձեռնարկեն մարդու իրավունքների հետ կապված ուսումնասիրության արդյունավետ գործընթաց՝ բացահայտելու և վերացնելու մարդու իրավունքների վրա իրենց գործունեության ազդեցության հետևանքները:
Դա շատ կարևոր քայլ է մարդու իրավունքների ոտնահարումից և կլիմայական ճգնաժամի հետևանքների սրացումից խուսափելու համար։ Շտապ անհրաժեշտ են կայուն ծրագրեր, որոնցում ընկերությունները կօգտագործեն այնպիսի մոդելներ, որոնք օգուտ կբերեն ինչպես ընկերություններին, այնպես էլ համայնքներին:
Ավելին, հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումները պետք է վերանայվեն, եթե ընկերությունները, ներդրողները և կառավարությունները չեն ուզում կրել անվերադարձ ծախսեր, որոնք առաջանալու են կլիմայի փոփոխության հետևանքով, ինչն ազդում է գետերի ջրի հոսքի վրա, հետևաբար, փոքր և մեծ ՀԷԿ-երի շահագործման հզորության վրա: Մաքուր էներգիայի վրա հիմնված տնտեսության անցումն արժանապատիվ ապագայի միակ ճանապարհն է։
Հայաստանի վերաբերյալ տվյալները
2021 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գործում է 2 խոշոր հիդրոկասկադ և մոտ 189 փոքր ՀԷԿ։ Փոքր ՀԷԿ-երի թիվը կտրուկ աճել է վերջին տասնամյակի ընթացքում՝ հիմնականում պայմանավորված 2001 թվականին «էներգետիկայի մասին» օրենքի ընդունմամբ, որը պարտավորեցնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ երկրի միակ էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությանը, գնել փոքր ՀԷԿ-երի արտադրած ողջ էլեկտրաէներգիան շահագործման առաջին 15 տարիների ընթացքում։ Արդյունքում բիզնեսը գրավիչ է դարձել ներդրողների համար ոչ միայն վարկերի ամբողջական մարման երաշխիքների, այլև էլեկտրաէներգիայի սպառման շուկայում համեմատաբար բարձր սակագներով մրցակցության բացակայության պատճառով։ Ներկայում փոքր ՀԷԿ-երին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության 10%-ը, իսկ խոշոր ՀԷԿ-երի հետ միասին նրանք արտադրում են Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը։
ՀԷԿ-երի աշխատանքի վերաբերյալ պետական վերահսկողության մեխանիզմներն անարդյունավետ են։ Միայն 2021 թվականին 17 ՓՀԷԿ-երի պատճառած վնասը կազմել է ավելի քան 626 մլն ՀՀ դրամ (մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլար)։ Վերջին տասնամյակի ընթացքում օրենքները չեն պահպանվել նաև այն պատճառով, որ փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը հաճախ պաշտոնյաներ են եղել՝ տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև երկրի բարձրագույն քաղաքական գործիչներ:
Հիդրոէներգետիկայի ոլորտը վնասում է շրջակա միջավայրին՝ ոչնչացնելով գետերի էկոհամակարգերը, առաջացնելով կենսաբազմազանության կորուստ, նվազեցնելով գետերի ջրի որակն ու քանակը, ոչնչացնելով անտառածածկույթը։ Համայնքները բախվում են գյուղատնտեսության համար ջրի հասանելիության և գետերի ռեկրեացիոն ներուժի առավելագույն օգտագործման խնդիրներին։
Փոքր ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ որոշումների կայացմանը տեղի բնակչությունը հաճախ չի մասնակցում։ Տեղի համայնքները օգուտներ չեն ստանում արտադրվող էլեկտրաէներգիայից: Ընկերությունները հազվադեպ են ազդակիր համայնքներին տրամադրում սոցիալական և տնտեսական աջակցություն։
Հստակ օրինակ՝ Եղեգիս գետը և փոքր ՀԷԿ-երը
Եղեգիս գետի և նրա վտակների վրա գործում են 17 փոքր ՀԷԿ-եր՝ սթրեսի ենթարկելով էկոհամակարգը և հարակից համայնքները։ Մոնիտորինգը ցույց է տվել, որ Շատին և Եղեգիս համայնքներն ունեն ոռոգման կամ կենդանիների ջրման հասանելիության խնդիրներ, որոնք առաջացել են Այսաս վտակի վրա «Արատես Էներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցված «Նանե» փոքր ՀԷԿ-ի շահագործման հանձնելուց հետո։ Փոքր ՀԷԿ-ը պատկանում է Եղեգիսի համայնքապետի տեղակալին: Բացի այդ, Շատին համայնքում, որտեղ շահագործվում է Եղեգիս փոքր ՀԷԿ-ը համանուն ընկերության կողմից, համայնքը բարձրացրել է հարց, որ պատշաճ հասարակական լսումներ և խորհրդակցություններ չեն անցկացվել։
Համայնքները նաև մտահոգություն են հայտնել տեղական միկրոկլիմայի փոփոխության վերաբերյալ, ձկների անհետացման վերաբերյալ: Համայնքի կենցաղային պայմանները վատթարացել են նաև խողովակաշարերի վթարների պատճառով, որոնց հետևանքով հեղեղվել են համայնքի հողերը՝ դառնալով ոչ պիտանի հետագա մշակման համար:
Այս տարածքում է գտնվում Եղեգիսի արգելավայրը, որը բնակավայր և միգրացիոն միջանցք է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում (IUCN) գրանցված կենդանիների համար, ինչպիսիք են բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը և կովկասյան ընձառյուծը: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն արգելում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը հատուկ պահպանվող տարածքներում։ Արդյունքում խախտվում են «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքները և Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։
Առաջարկություններ ընկերություններին և ներդրողներին
- Պետք է պնդել, որպեսզի ընկերությունները մշակեն մարդու իրավունքների ոլորտում վստահելի քաղաքականություն և գործելակերպ։
- Ապահովել մարդու իրավունքների և շրջակա միջավայրի վերաբերյալ ուսումնասիրության արդյունավետ գործընթաց յուրաքանչյուր ծրագրի համար համայնքի և աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ՝ բացահայտելու մարդու իրավունքների և շրջակա միջավայրի համար ռիսկերն ընկերությունների գործունեության տարբեր օղակներում։ Մշակել գործողությունների արդյունավետ պլաններ՝ հայտնաբերված ռիսկերը մեղմելու կամ վերացնելու համար:
- Ներդնել իրավական պաշտպանության միջոցների հասանելիության հստակ և հանրությանը հասանելի քաղաքականություն՝ լրացված հաշվեհարդարի անթույլատրելիության քաղաքականությամբ և մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկացմամբ։
Ապահովել տեղեկատվության վաղ և ժամանակին հասանելիություն
- Պետք է կիրառել լծակներ ներդրող ընկերությունների վրա, որոնք խախտում են մարդու իրավունքները և վնաս են հասցնում շրջակա միջավայրին։
Ռեսուրս կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում այս հետազոտության մեջ աջակցության և ներդրման համար հետևյալ անձանց և կազմակերպություններին. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ (Հայաստան), «Կանաչ այլընտրանք» ՀԿ (Վրաստան), «Գետեր առանց սահմանների» միջազգային կոալիցիայի համակարգող Եվգենի Սիմոնով։
Բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով ռեսուրս կենտրոնը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը հետևում է ավելի քան 180 երկրներում ավելի քան 10,000 ընկերությունների կողմից մարդու իրավունքների վրա ազդեցությունը (դրական և բացասական) և հրապարակում է այդ տեղեկատվությունն իր թվային հարթակում 10 լեզուներով:
Հուլիս 08, 2022 at 15:13