Լսումներ Լոռի Բերդում ու Գյուլագարակում՝ «Լոռվա Ամրոց»-ի կողմից «Լորիբերդ-2» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ

Լսումներ Լոռի Բերդում ու Գյուլագարակում՝ «Լոռվա Ամրոց»-ի կողմից «Լորիբերդ-2» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: Հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումն ընկերությունը նախատեսում է անցկացնել 2023թ. մարտի 21-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Լոռի Բերդ, իսկ ժամը 14:30-ին՝ Գյուլագարակ բնակավայրերում:

Ըստ ընկերության կողմից ներկայացված նախագծի՝ «Լորիբերդ-2» ՓՀԷԿ-ը կունենա 26.7 ՄՎտ հզորություն, էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը կկազմի 110.09 կՎտ/ժ, ջրի հաշվարկային ելքը՝16 խմ/վ: ՓՀԷԿ-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 4 տարվա ընթացքում:

ՓՀԷԿ-ը կունենա 10245 մ երկարությամբ և 2,8 մ տրամագծով ճնշումային խողովակաշար: ՀԷԿ-ի շենքը նախատեսվում է կառուցել Ձորագետ գետի ձախ ափում, շենքում կտեղադրվի 3 շերեփավոր Պելտոն տիպի հիդրոագրեգատ, տուրբինների քանակը կլինի նույնպես 3-ը: ՓՀԷԿ-ի գլխային հանգույցի մեջ ընգրկված կլինեն ջրթափային պատվար, ջրընդունիչ, տղմազտարան, ճնշումային խուց, ձկնանցարան և ջրաչափական հոր: Ջրընդունիչի տեղամասում տեղադրված կլինեն աղբապահ ճաղավանդակներ, պարզարանը կունենա 11,60 մ լայնություն և 63 մ երկարությամբ երկու խուց, որը կապահովի կախված ջրաբերուկների 90%-ի նստեցումը: Պատվարի ճակատի աջ մասում կկառուցվի 3,2 մ լայնությամբ և 47,2 մ ընդհանուր երկարությամբ ձկնանց, որի մուտքի նիշը 1211 մ է:

Գլխամասային հանգույցը կառուցվելու է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի տարածքում, որից սկիզբ առնող խողովակաշարը ձգվելու է գետի ձախ ափով մինչև Կողես և Կուրթան բնակավայրեր, ապա թեքվելու է աջ և և շարունակվի մինչև ՓՀԷԿ-ի շենք:

Ըստ նախագծի՝ «Լորիբերդ-2» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է առաքել հանրապետության էներգահամակարգ: Շահագործումից ստացված շահույթը նախատեսվում է ներդնել նոր ՀԷԿ-երի կամ նոր արտադրա-արդյունաբերական հզորությունների կառուցման համար: 

Համաձայն նախագծի՝ բնապահպանական ելքն ըստ ամիսների կկազմի՝

Նշենք, որ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն մտադիր է Ձորագետ գետի վրա կառուցել երկու՝ «Լորիբերդ-1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանները: 2023թ. հունվարի 31-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել էր «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության: ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ Ձորագետ գետը պետք է դուրս բերվի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այն գետերի ցանկից, որոնց վրա արգելվում է փոքր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրել:

Ընկերության՝ Կառավարության դեմ ներկայացված դատական գործից տեղեկանում ենք, որ դատական ակտը բողոքարկվել է և մարտի 6-ին ուղարկվել Վարչական վերաքննիչ դատարան:

Մարտ 09, 2023 at 15:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր