Նոր ռազմավարության նախագծով առաջարկվում է ստեղծել աղբավայրերից գազերի հեռացման կայաններ

Նոր ռազմավարության նախագծով առաջարկվում է ստեղծել աղբավայրերից գազերի հեռացման կայաններ

Մեթանի արտանետումներով թափոնների ոլորտը երրորդն է՝ էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներից հետո։ Այս ոլորտն արտանետում է մեթանի շուրջ 17 տոկոսը:

Թափոնների ոլորտի հիմնական արտանետումները ձևավորվում են աղբավայրերից, թափոնների այրումից և կեղտաջրերի հեռացումից։ 2017 թվականի տվյալներով աղբավայրերից առաջացած արտանետումները կազմել են թափոնների ոլորտի ընդհանուր արտանետումների 68.7 տոկոսը, մինչդեռ թափոնների այրումից արտանետումները կազմել են 3.33 տոկոս։ Կեղտաջրերի հեռացումից առաջացած արտանետումները կազմել են թափոնների ոլորտի ընդհանուր արտանետումների 28 տոկոսը։ Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն» նախագծում։

Աղբավայրերից արտանետումները թափոնների կառավարման համակարգի թույլ զարգացման արդյունքն են, որտեղ դեռ ներդրված չեն լավագույն հասանելի տեխնոլոգիաները և փորձը: «Առաջիկա տարիներին կոշտ և կենցաղային թափոնների կառավարման ազգային և տարածաշրջանային ծրագրերի իրականացումը կլիմայի փոփոխությանն ուղղված հատուկ լրացուցիչ միջոցառումների հետ համատեղ պետք է դառնա թափոնների ոլորտի արտանետումների նվազեցման հիմնական հնարավորությունը», - նշված է նախագծում:

Նոր ռազմավարության նախագծով նախատեսվում է ստեղծել աղբավայրերից գազերի հեռացման կայաններ՝ այդ թվում օրգանական տարանջատ հավաքման համակարգի ներդրումը, բաց այրման բացառումը, ինչպես նաև վտանգավոր թափոնների գործածության ոլորտում՝ մասնավորապես հրկիզման,  հասանելի լավագույն տեխնոլոգիաների ներդրումը։ Այս գործողությունները, ըստ ռազմավարությամբ դիտարկված սցենարների, 20 տարվա ընթացքում կնվազեցնեն արտանետումներն ընդհանուր առմամբ 5 880 ԳգCO2 համարժեք չափով, իսկ 2050 թվականին՝ 140 ԳգCO2 համարժեք չափով։

Ռազմավարության նախագծի «Միջոցառումներով» սցենարով նախատեսվում է կեղտաջրերի մաքրման կայաններից կենսագազի հավաքում և օգտագործում՝  2050 թվականին կեղտաջրերի առնվազն 50 տոկոս օգտահանումով, ինչը թույլ կտա նվազեցնել արտանետումները 735 ԳգCO2 համարժեք չափով 2031-2050 թվականների ընթացքում: Նախագծի ամենահավակնոտ՝ «Լրացուցիչ միջոցառումներով» սցենարով նախատեսվում է ամբողջական օգտահանում՝ կրկնապատկելով արտանետումների նվազեցումը մինչև 1 470 ԳգCO2 համարժեք։

Նախագիծը նաև նախատեսում է շրջանաձև տնտեսության զարգացում` ապահովելով թափոնների նվազեցումն արժեքային շղթայում ռեսուրսաարդյունավետ, թափոններից զերծ տեխնոլոգիաների ներդրման և արտադրական գործընթացների թվայնացման միջոցով։

Մարտ 17, 2023 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր