Շիրակի և Լոռու մարզերում ոռոգվող հողատարածքները կավելանան, 1 միլիոն դոլար կհատկացվի գործող պոմպակայանների արդիականացման համար: Մեկնարկել է «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագիրը: Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային շնորհանդեսը տեղի ունեցավ 2023թ. մայիսի 10-ին:
Ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում նվազեցնել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները, աջակցել կայուն գյուղատնտեսությանը և ավելացնել ոռոգվող հողատարածքները, ինչը կնպաստի փոփոխվող կլիմայի պայմաններում ավելի դիմակայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը Շիրակի և Լոռու մարզերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման գործում:
Ծրագրի շահառուներն են ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն, Լոռու և Շիրակի մարզերի ջրօգտագործողների միությունները և մարզպետարանները: Ենթադրվում է, որ մոտավորապես 6,000 մարդ ուղղակիորեն կշահի ծրագրի արդյունքներից, այդ թվում՝ ֆերմերները և նրանց խմբերը, տեղական մասնավոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման և մարզային մարմինները: Ծրագրի անուղղակի շահառուներն են մոտ 30,000 մարդ՝ նպատակային մարզերի ողջ բնակչության մոտ յոթ տոկոսը։ Ծրագրի ավարտին 1 մլն դոլարով նախատեսվում է Լոռու մարզում գործող թիրախային «Այրում-Ճոճկան», «Ճոճկան» երկաստիճան պոմպակայաններն ու Շիրակի մարզում գործող «Բենիամին» պոմպակայանը էներգաարդյունավետ պոմպերով արդիականացնելու և ցանցին միացված ֆոտովոլտային կայաններով համալրելու համար:
Մայիս 11, 2023 at 17:06