Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղն ունի շուրջ 900 բնակիչ, ովքեր ավանդաբար զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ: Տարիների ընթացքում այստեղ կլիման փոխվել է՝ փոխելով գյուղացիների ավանդական կենսակերպը և ստեղծելով դժվարություններ։
Կլիման և ջուրը
«Կլիմայի փոփոխությունը հիմնականում զգացվում է ջրերի սակավությամբ՝ թե՛ ոռոգման, թե՛ խմելու։ Սրա հետևանքով ունենք և՛ բերքատվության, և՛ անասնաքանակի անկում։ Սա ազդում է մարդկանց եկամուտների վրա։ Բարձր ջերմաստիճանի պատճառով պոպոքը լավ չի աճում։ Եթե ամառվա ամիսներին անձրևներ չենք ունենում, խնձորի որակն էլ է ընկնում։ Այս տարի հուլիսին անձրև չենք ունեցել, եթե օգոստոսն էլ այսպես լինի, բերքի որակը կընկնի, չենք կարողանա իրացնել», - խնդիրը ներկայացրեց Քարագլխի վարչական ղեկավար Վաղարշակ Պետրոսյանը։
Գյուղի վարչական տարածքը 2744 հեկտար է, որից 500-ը, ըստ տեղի բնակիչների, չի ոռոգվում։ «Առաջ սարից առատ ջուր էր գալիս։ Հիմա էդ ջրերը կտրվել են։ 3-4 տարի է՝ ընդհանրապես ջուր չկա, մի կաթիլ էլ չկա։ Հողերն անապատի են վերածվում, մեր ջրամբարն էլ չի լցվում», - նշեց գյուղի բնակիչ Պետիկ Մինասյանը։
Քարագլխի ջրամբարի պատվարը գտնվում է վթարային վիճակում։ «Մեր ջրամբարից օգտվում են Քարագլուխն ու Աղնջաձորը։ Ջրամբարի վիճակն այդքան էլ լավ չէ, կարիք ունի վերակառուցման։ Ջուրը լավ չի պահում, ներծծվում է, դրանից շատ մեծ կորուստ է լինում։ Շատ լավ կլիներ, եթե որևէ ծրագրով վերակառուցվեր ջրամբարը», - ասաց վարչական ղեկավար Վաղարշակ Պետրոսյանը։
«Խորհրդային Միության ժամանակ մեծ ջրամբար են կառուցել, որն ինքնահոս ջրագիծ է ունեցել։ Հիմա դա չի օգտագործվում, անգործության է մատնվել։ Լուրջ է ջրի խնդիրը։ Տեղումները նվազել են։ Էլ նախկին ձմեռները չենք տեսնում, ձյունը քիչ է, ջուրը քիչ է։ Դա անասնապահության վրա էլ է ազդում։ Եթե կենդանին ջուր չի խմում, կաթ էլ չի լինում», - ասաց գյուղի բնակիչ Ասատուր Ասատրյանը։
Գյուղի վարչական ղեկավարի խոսքով՝ անասնապահությունը եկամտաբեր չէ․ «Մեր կլիման թույլ չի տալիս, որ ֆերմաներ պահենք, օգուտ ստանանք, դրա համար անասնապահություն անկում է ապրում։ Մթերքի իրացման խնդիր էլ կա։ Մարդիկ պանիր, յուղ են սարքում, բայց վաճառքի համար շուկա չունենք, խնդրի առաջ ենք կանգնում»։
«Քարագլուխ» փոքր ՀԷԿ-ը ու տուրիզմը
Գյուղի վարչական տարածքում՝ Քարագլուխ գետի վրա, շահագործվում է «Քարագլուխ» փոքր ՀԷԿ-ը։ ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով գրեթե ամբողջությամբ ցամաքում է Քարագլխի եռահարկ ջրվեժը, չորանում է տեղի բուսականությունը։ Սա խնդիր է առաջացնում տուրիզմի զարգացման համար։
Սոցիալական առումով ՓՀԷԿ-ի շահագործումից գյուղացիներն օգուտ չունեն։ «4-5 մարդ է աշխատում այնտեղ։ Կարելի է առաջարկել, որ գյուղին էլեկտրաէներգիա տրամադրեն, անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարը վերցնեն իրենց վրա», - առաջարկեց Վաղարշակ Պետրոսյանը։
Անտառն ու էներգետիկան
Քարագլուխը գտնվում է ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա։ Մարդիկ շուրջ 6 ամիս ստիպված են ջեռուցել իրենց տները։ Գազ չկա, հասանելի ջեռուցման միջոցն աթարն է։ Փայտ և ածուխ էլ են վառում, բայց գինը բարձր է, բոլորին հասանելի չէ։
«6 ամսվա կտրվածքով 15-20 խմ փայտ է պետք։ 1 խմ-ի արժեքը մինչև 30․000 դրամ է։ Հասանելի անտառ չկա, վառելիք չկա, ով կարողանում է՝ գնում է փայտը, ով՝ ոչ, աթար է վառում», - ասաց բնակիչ Պետիկ Մինասյանը։
Քարագլխի վարչական ղեկավար Վաղարշակ Պետրոսյանը նշեց, որ ո՛չ կլիմայի փոփոխության դիմակայության ուղղված, ո՛չ էլ Էներգաարդյունավետության ծրագրեր չունեն։ Բայց ունեն ցանկություն զարգացնելու արևային էներգետիկան։
«Ամեն մարդ իր համար ջերմամեկուսացում անում է․ դուռ, պատուհան է փոխում, ջրատաքացուցիչներ տեղադրում։ Բնակիչների 70 տոկոսն ունի ջրատաքացուցիչներ։
Ես կցանկանայի, որ մեծ արևային կայան կառուցվեր, աշխատատեղեր էլ կստեղծվեին, գուցե էլեկտրաէներգիայի սակագինն էլ ցածր լիներ, սոցիալական որոշ շերտերի համար զեղչեր արվեին», - ասաց Վաղարշակ Պետրոսյանը։
«Արևային ջրատաքացուցիչները ձմռանը չեն օգնում։ Մեզ արևային կայաններ են պետք», - նշեց տեղացի Պետիկ Մինասյանը։
Կոնֆլիկտ կարմիրգրքյան արջի հետ
Ինչպես ամբողջ Եղեգիս համայնքում, այնպես էլ Քարագլխում կա խնդիր՝ կապված գորշ արջի հետ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Արջը մտնում է գյուղեր և մեծ վնաս հասցնում տնտեսություններին։ Նաև սպառնալիք է մարդկանց անվտանգության համար։
Լուսանկարը՝ hy.wikipedia.org
«Արջը մեզ ավիրել է։ Տարեկան 200-300 հազար դրամի վնաս է տալիս ինձ։ Սկսում է կեռասից, խնձորից, տանձից, պոպոքից։ Միրգը թափում է, ծառերը՝ ջարդում, մեղուներին վնասում։ Միանգամից 3-4 արջ մտնում է իմ բակը։ Եթե մի հատ էլ խփես, 8 միլիոն պետք է տաս։ Խնդիրը բարձրացրել ենք, ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել»։
Օգոստոս 25, 2023 at 15:43