Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության հարցն օրակարգային է

Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության հարցն օրակարգային է

Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության հարցն օրակարգային է։ Բնակիչները հիմնականում գնում են Թալինից կամ Գառնիից բերված ջուրը։ Թալինի 1 լիտր ջուրը՝ 10 դրամով, Գառնիի 1 լիտր ջուրը՝ 15 դրամով։

«Խմելու ջուրը գնում են շրջիկ ավտոցիստեռներից կամ ստացիոնար կետերից։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև վերահսկողությունը երկու դեպքում էլ բացակայում է։ Ավտոցիստեռներով բերվող ջուրը լաբորատոր քննության չի ենթարկվում։ Մենք չգիտենք՝ ինչ կերպ են մաքրվում ցիստեռները։ Մենք հաստատ գիտենք, որ երբ Թալինից ջրով մեքենան լցվում է, որևէ մեկը ստուգում չի իրականացնում, չի կապարակնքում։ Ո՛չ բուժհաստատությունը, ո՛չ համայնքի պատասխանատուն չի հաստատում, որ այդտեղից գալիս է մաքուր ջուր։ Իսկ ստացիոնար վաճառքի կետերում՝ բուդկաների մեջ, չգիտենք՝ ինչ տարաներ են դրված, ինչ պարբերականությամբ են մաքրվում, ինչ ջուր է դատարկվում։ Արմավիրում սա լավագույն բիզնեսն է, որը չվերահսկվող է, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում ժողովրդի առողջության համար, մինչդեռ համայնքի ղեկավարը, բնակավայրի վարչական պատասխանատուն, բուժհաստատությունները, տեսչական մարմինը պարտավոր են վերահսկողություն սահմանել», - ասաց Արմավիրի մարզի «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանը։

Լուսանկարը՝ multimedia.alttv.am  

Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» հաշվետվության՝ Արարատյան արտեզյան ավազանում հորատանցքերը հորատելիս հաշվի չի առնվել հորատանցքերի փոխազդեցության շառավիղը (200-500մ), որը սահմանվել է 1966-1984թթ. կատարված հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում:

«Երբ չպահպանվեց այդ հեռավորությունը շատրվանող հորատանցքերի միջև, ընդերքում փլուզումներ տեղի ունեցան, ճնշումային գոտիները խառնվեցին, աղերը լուծվեցին ջրի հետ։ Արդյունքում Արարատյան դաշտի խմելու ջրի կոշտությունն անգամներով ավելացել է, ինչը առողջության համար խիստ վտանգավոր է», - ասաց Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը։

Խաչիկ Դանիելյան                                                                                       Անժելա Ստեփանյան

«Մեծամորի և որոշ բնակավայրերի խմելու ջուրը որակյալ չէ։ Համոզում չկա, արդյոք ցիստեռների ջուրը համապատասխանում է սանիտարահիգիենիկ պահանջներին, արդյոք մենք մաքուր ջուր ենք օգտագործում։ Ծորակից եկող ջրից համ ենք զգում։ Բնակչության մի մասը գնում է ջուրը», - ասաց Մեծամորի բնակչուհի Հասմիկ Հարությունյանը։

Հասմիկ Հարությունյան

Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ համայնքում արդիականացվում է խմելու ջրի ցանցը, 18 բնակավայրում կառուցվում է խմելու ջրի ցանց։ «Զարգացման 5-ամյա ծրագրի առաջին գործերից է։ Մագիստրալը կա, հին խողովակները փոխում ենք նորով», - ասաց Էդգար Հովհաննիսյանը։

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդագրության ջրի որակի հարցերով փորձագետ Լիանա Մարգարյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «Հայաստանում ջրային ռեսուրսների անվտանգությունը՝ կլիմայական կանխատեսումների սցենարի ներքո» կլոր սեղանի ժամանակ հայտնել է․ «Ստորերկրյա ջրային հորիզոնների անկման հետևանքով տեղի է ունեցել ջրերի հանքայնացման աստիճանի բարձրացում: Այդ օրինաչափությունը նկատվել է Մասիսի տարածաշրջանի 16 և Արմավիրի մարզի 9 գյուղերի խմելու ջրերի ուսումնասիրությունների արդյունքում։ Կատարված ուսումնասիրություններով արձանագրվել է հետևյալը՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջուրը բնութագրվում է բարձր հանքայնացմամբ՝ կալցիումի, մագնեզիումի և հիդրոկարբոնատների գերակշռմամբ: Ջրհորների ջրում հանքայնացման առավելագույն պարունակությունը դիտվել է Մյասնիկյան բնակավայրում, որտեղ հանքայնացումը կազմել է մոտ 2000մգ/լ, իսկ կոշտությունը՝ 20մգ էկվ/լ։ 1981թ-ի համեմատությամբ 2017թ-ին ջրի հանքայնացումը բարձրացել է 1,2-1,8 անգամ։ Առավելագույն աճը դիտվել է Մասիսի տարածաշրջանում, որտեղ ջրում կալիումի, նատրիումի, քլորիդի կոնցենտրացիաները բարձրացել են մինչև 1,7-2,3 անգամ։ Սա կապված է նաև արտեզյան ավազանի ջրային հորիզոնի նվազման հետ: Մեծ ջրօգտագործումը բերել է որակական կազմի փոփոխության»։ Ըստ նրա՝ խմելու ջրի որակական փոփոխություններից մեկն էլ կոշտության մակարդակի բարձրացումն է: Մասիսի տարածաշրջանի հորերի ջրերի ընդհանուր կոշտությունը խմելու ջրի որակի նորմը (7 մգ էկվ/լ) գերազանցել է 1.5-1.8 անգամ, իսկ Արմավիրի մարզում՝ 1.3-2.5 անգամ։ Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում հորի ջրում ընդհանուր կոշտությունը 2.9 անգամ գերազանցել է խմելու ջրի որակի ՀՀ նորմը։  

Ոռոգման ջուր

Մեծամորի բնակիչների համաձայն՝ ստորգետնյա ջրերի մակարդակն իջել է, շատերն ունեն ոռոգման ջրի խնդիր, հողատարածքները պարապուրդի են մատնվել։ «Համայնքի ղեկավարությունը փորձում է հերթով լուծել ոռոգման ջրի խնդիրը», - ասաց Մեծամորի բնակիչ Հասմիկ Հարությունյանը։ 

Ըստ Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի՝ եղել են մեծ տարածություններով հողատարածքներ, որտեղ ոռոգում չի իրականացվել, քանի որ ոռոգման համակարգ անցկացված չէր։ «Գյուղացուն առաջինը ջուր է պետք։ 2022-2023 թվականներին վերականգնվել է 25 նոր խորքային հոր, 14-ի սնուցումն ապահովել ենք, բնակիչների առաջին անհրաժեշտության խնդիրը լուծվել է։ Սա շարունակական բնույթ է կրելու, 2024 թվականին էլ խորքային հորերի վերականգնման ծրագրեր ունենք», - ասաց Էդգար Հովհաննիսյանը։

Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2013-2016թթ. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնման ու պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունքում Արարատյան գոգավորությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսել էին բարձրանալ: 2018 թվականից ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2 մ-ով և դադարել է շատրվանել: 2020-2022թթ. ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.57 մետրով։ 

Թեման կշարունակվի հաջորդ հրապարակումներում։

Գլխավոր լուսանկարը՝ multimedia.alttv.am  

Հուլիս 03, 2024 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր