

Ինչպիսին են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազման և որակի փոփոխության միտումները, ինչ ջրապահանջ ունեն համայնքները և որքան ջուր են ստանում ջրակորուստների պատճառով, ինչ սպառնալիքների առաջ է կանգնած Սևանա լիճը, արդյոք գետերը կարող են մաքրվել հանքարդյունաբերական կեղտաջրերից: Այս և այլ հարցերի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդագրության ջրի որակի հարցերով փորձագետ Լիանա Մարգարյանը սույն թվականի մարտի 30-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «Հայաստանում ջրային ռեսուրսների անվտանգությունը՝ կլիմայական կանխատեսումների սցենարի ներքո» կլոր սեղանի ժամանակ:
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազման և որակի փոփոխության միտումները
Լիանա Մարգարյանը նշեց, որ նկատվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազման միտում։ Ըստ նրա՝ հաստատված ջրառի միջին թույլատրելի՝ 1094,1 հազար խմ ծավալները գերազանցվել են և կազմել համապատասխանաբար՝ 1753.4 հազար խմ 2013թ. և 1608.50 հազար խմ՝ 2016թ.։ Դրան զուգահեռ տեղի են ունեցել ջրի որակի փոփոխություններ: «Ստորերկրյա ջրային հորիզոնների անկման հետևանքով տեղի է ունեցել ջրերի հանքայնացման աստիճանի բարձրացում: Այդ օրինաչափությունը նկատվել է Մասիսի տարածաշրջանի 16 և Արմավիրի մարզի 9 գյուղերի խմելու ջրերի ուսումնասիրությունների արդյունքում։ Կատարված ուսումնասիրություններով արձանագրվել է հետևյալը՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջուրը բնութագրվում է բարձր հանքայնացմամբ՝ կալցիումի, մագնեզիումի և հիդրոկարբոնատների գերակշռմամբ: Ջրհորների ջրում հանքայնացման առավելագույն պարունակությունը դիտվել է Միասնիկյան համայնքում, որտեղ հանքայնացումը կազմել է մոտ 2000մգ/լ, իսկ կոշտությունը՝ 20մգ էկվ/լ։ 1981թ-ի համեմատությամբ 2017թ-ին ջրի հանքայնացումը բարձրացել է 1,2-1,8 անգամ։ Առավելագույն աճը դիտվել է Մասիսի տարածաշրջանում, որտեղ ջրում կալիումի, նատրիումի, քլորիդի կոնցենտրացիաները բարձրացել են մինչև 1,7-2,3 անգամ։ Սա կապված է նաև արտեզյան ավազանի ջրային հորիզոնի նվազման հետ: Մեծ ջրօգտագործումը բերել է որակական կազմի փոփոխության»,- նշեց բանախոսը:
Ըստ նրա՝ խմելու ջրի որակական փոփոխություններից մեկն էլ կոշտության մակարդակի բարձրացումն է: Մասիսի տարածաշրջանի հորերի ջրերի ընդհանուր կոշտությունը խմելու ջրի որակի նորմը (7 մգ էկվ/լ) գերազանցել է 1.5-1.8 անգամ, իսկ Արմավիրի մարզում՝ 1.3-2.5 անգամ։ Խմելու ջրի այլ աղբյուրներ չունենալու պատճառով Առողջապահության նախարարությունն ավելացրել է նորմը Արարատյան դաշտի համար՝ 7 մգ էկվ/լ-ը դարձնելով 15 մգ էկվ/լ: Արմավիրի մարզի Միասնիկյան համայնքի հորի ջրում ընդհանուր կոշտությունը 2.9 անգամ գերազանցել է խմելու ջրի որակի ՀՀ նորմը (7 մգ էկվ/լ)։ «2018թ. Առողջապահության նախարարությունն արգելեց այս հորից խմելու ջրի մատակարարումը, պիտանի չհամարեց: Նույն հորի ջրի հանքայնացումը գերազանցել է խմելու ջրի ՀՀ նորմը (1000 մգ/լ) 2 անգամ, իսկ EPA խմելու ջրի նորմը (500 մգ/լ)՝ 5 անգամ»,- նշեց Լիանա Մարգարյանը:
Հարց է ծագում. արդյո՞ք այդ ջրերը կարելի է ոռոգման համար օգտագործել: Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ ոռոգման ջրում հանքայնացման նորմը կազմում է 2000մգ/լ: «Թվում է՝ կարող ենք ոռոգման համար օգտագործել, սակայն 1000մգ/լ-ից բարձրի դեպքում հարկավոր է կիրառել հատուկ ջրման ռեժիմ, հակառակ դեպքում՝ կդիտվի հողերի աղակալում»,- նշեց բանախոսը։
Ըստ Լիանա Մարգարյանի՝ ուղիղ կապ կա ջրի պիեզոմետրիկ մակարդակի և ջրի հանքայնացման աստիճանի միջև: «Այդ կապի կախվածությունն ուսումնասիրվել է Արարատի մարզի Ակնաշենի և Արմավիրի մարզի Արևաբույրի դիտակետերում, ինչը ցույց է տվել, որ ինչքան ցածր է ջրի պիեզոմետրիկ մակարդակը, այնքան բարձր է ջրի հանքայնացման աստիճանը։ Երբ ինտենսիվորեն սկսեցին արտեզյան ավազանի ջրերն օգտագործել, կտրուկ նվազեց ջրի նիշը, և հանքայնացման կտրուկ աճ նկատվեց»,- բացատրեց նա:
Ըստ Լիանա Մարգարյանի, ջրի մակարդակի նվազման կամ արտեզյան ավազանի չվերականգնման շարունակական լինելու դեպքում կշարունակվի ջրի որակի վատթարացումը, ինչն ի վերջո կբերի ոչ միայն Միասնիկյան համայնքի, այլ՝ մի շարք այլ համայնքներում խմելու ջրի ոչ պիտանի դառնալուն: «Ենթադրաբար կարող ենք ասել, որ եթե կլիմայական պայմաններն այնպիսին լինեն, որ դանդաղի արտեզյան ավազանի վերականգնման տենդենցը, ըստ այդմ կտրուկ նվազելու է նաև ջրի որակը, և մեծ խնդիրների առջև է կանգնելու տարածաշրջանի բնակչությունը»,- ասաց նա:
Կլիմայի փոփոխության ներքո փոխվում է նաև մակերևութային ջրաղբյուրների ջրի որակը և քանակը, որոնք օգտագործվում են խմելու նպատակով։ Այդ փոփոխությունների գնահատականը տրվել է Գեղի, Մեղրի և Մարմարիկ գետերից համայնքների օրինակներով։
Լիանա Մարգարյանը նշեց, որ ուսումնասիրվել են Գեղի, Մեղրի և Մարմարիկ գետերից ջրամատակարորվող ջրի որակի և քանակի փոփոխությունների բնութագրերը։ Ըստ նրա՝ խմելու-կենցաղային նպատակով Գեղի գետից Սյունիքի մարզի Կապան քաղաքի 80%-ի ջրամատակարարման ապահովման նպատակով տարեկան իրականացվում է մոտ 19.3 միլիոն խմ ջրառ, սակայն համակարգում 75-78% ջրակորուստներ կան: «Փաստացի ջրամատակարարվում է միայն միջինում 4.5 միլիոն խմ: Ջրամատակարարում ստանում է մոտ 40 հազար 283 բնակիչ: Մեկ բնակչին օրեկան բաժին ընկնող ջրի քանակը կազմում է 54.4 լ՝ մոտ 3.7 անգամ պակաս, քան անհրաժեշտ է ըստ ՀՀ-ում սահմանված նորմի (200-250լ/օր)։ Կլիմայի գլոբալ տաքացման կանխատեսումներով՝ Գեղի գետի ակունքում բնական հոսքի 2040թ., 2070թ. և 2100թ. համար համապատասխանաբար կնվազի՝ 5-8%-ով, 10-15%-ով և 18-25%-ով: Հետևապես, այս ջրակորուստների պայմաններում Կապան քաղաքի ջրամատակարարման ռիսկը շատ բարձր է, և անհրաժեշտ է կիրառել հարմարվորղականության միջոցառումներ»- նշեց Մարգարյանը։
Նմանատիպ փոփոխություններ նկատվում են նաև Մեղրի քաղաքի ջրամատակարարման դեպքում: «Խմելու-կենցաղային նպատակով Մեղրի քաղաքի 90% բնակչության ջրամատակարարման նպատակով Մեղրի գետից տարեկան ջրառվում է մոտ 3.5 միլիոն խմ ջուր, սակայն 73-82% ջրակորուստների պատճառով, ջրամատակարարվում է միայն մոտ 0.79 միլիոն խմ, որը տրվում է 4700 բնակչի: Մեկ բնակչին բաժին ընկնող ջրի քանակը օրական կազմում է 460 լ՝ մոտ 2.3 անգամ ավելի, քան անհրաժեշտ է: Ըստ կանխատեսումների՝ Կլիմայի գլոբալ տաքացման համատեքստում Մեղրիգետի ակունքում բնական հոսքերի նվազումը 2040թ., 2070թ. և 2100թ. համար համապատասխանաբար կկազմի՝ 8-9%-ով, 16%-ով և 26-27%։ Նույնիսկ վատագույն սցենարի դեպքում 2100թ. 26-27%-ով նվազելու դեպքում, միևնույն է, ջրի մասնաբաժինը բնակչության հաշվարկով բավական կլինի ապահովելու խմելու և կենցաղային կարիքները: Սակայն դա չի նշանակում, որ մենք կարող ենք մեծ ինտենսիվությամբ օգտագործել և այսքան ջրակորուստներ ունենալ։
Մարմարիկ գետից խմելու-կենցաղային նպատակով Հանքավան, Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղերի և հանգստյան գոտիների (Հանքավանում և Ծաղկաձորում) մատակարարման նպատակով տարեկան վերցվում է մոտ 3.6 միլիոն խմ ջուր, սակայն ջրակորուստները կազմում են 80%, ջրամատակարարվում է միայն մոտ 0.72 միլիոն խմ, որից Ծաղկաձոր քաղաքին բաժին է հասնում 0.19 միլիոն խմ-ը։ Ջրամատակարարում ստանում է 6306 բնակիչ: Մեկ բնակչին բաժին ընկնող ջրի քանակը կազմում է 313 լ/օր՝ մոտ 1.5 անգամ ավելի, քան ՀՀ-ում սահմանված նորմից (200-250լ/օր)։ Մարմարիկի ակունքում բնական հոսքի համար կանխատեսվում է 2040թ., 2070թ. և 2100թ. համար համապատասխանաբար՝ 2-4%-ով, 4-5%-ով և 6-12%-ով նվազում»,- ասաց նա:
Լիանա Մարգարյանը նշեց, որ ուսումնասիրվել է նաև այդ մակերևութային ջրաղբյուրների ջրի որակը 2007-2018թթ. և համեմատվել 1980-1990թթ. ջրի որակի հետ: «Ուսումնասիրության համար ընտրվել են թթվածնային ռեժիմի տարրեր՝ լուծված թթվածին և հանքայնացման ռեժիմի տարրեր: Մտահոգիչը թթվածնի կենսաքիմիական պահանջարկի փոփոխությունն է։ Եթե նմանատիպ տեմպով շարունակվի ջրի որակի փոփոխությունը, ապա անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ խորը մաքրում իրականացնել: Այս թվերը հուշում են, որ գետային էկոհամակարգը փոխում է իր հատկությունները, և նվազում է ինքնամաքրման հատկությունը: Արդյունքում ջրային օբյեկտներում օրգանական աղտոտվածությունն սկսում է աճել: Բոլոր ջրաղբյուրների համար առկա է կալցիումի ավելացում 4-12.5%-ով, որը լուրջ խնդիր կարող է առաջացնել՝ ջրի համային հատկանիշների փոխություններով սկսած, մինչև առողջական խնդիրներ առաջ բերելը»,- նշեց նա:
Սևանա լճի խնդիրներ
Անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին՝ Լիանա Մարգարյանը ներկայացրեց լճի հայելու մակերեսի, ծավալի և որակի ցուցանիշները 1933, 2014 և 2019թթ․ համար։ Ըստ զեկուցողի՝ լճի մակերեսը կազմել է՝ 1279 քառ. կմ 2019թ-ին, 1245 քառ. Կմ՝ 2014թ-ին , 1416 քառ. կմ՝ 1933թ.: Ջրի ծավալը՝ 2019թ. կազմել է 38.3 կմ3, 2014թ.՝ 37.7 կմ3, իսկ 1933թ.՝ 58.5 կմ3: Ջրի , որակն ըստ թթվածնային կենսաբանական պահանջի կազմել է՝ 4.2մգ/լ (2019թ.), 4.5մգ/լ (2014թ.), 1.5 մգ/լ (1933թ.)։
1930-ականներին, երբ որոշվեց Սևանա լճի մակարդակի նվազեցնել, լճի հատակային հիպոլիմնիոնի շերտը Մեծ Սևանում նվազեց գրեթե 90%-ով, Փոքր Սևանում՝ 20-30%-ով: «Սկսվեց լճի ճահճացում, հատակային շերտի կենսազանգվածը՝ ազոտն ու ֆոսֆորն անցավ լճի վերևի հատված, և սկսեցին էկոհամակարգի վատթարացման գործընթացներ: Արդյունքում տեսանք ջրի ծաղկում, ինչը մինչ օրս դրսևորվում է տարբեր ինտենսիվությամբ լճի գրեթե ամբողջ մակերեսով»,- ասաց բանախոսը: Նա նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալների համաձայն, 2010-2018թթ. Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունը շարունակում է աճել, ջրի որակը՝ վատթարանալ: «Կենցաղային կեղտաջրերի միջոցով Սևանա լիճ է մուտք գործում տարեկան մոտ 270 տոննա ֆոսֆոր և մոտ 1396 տոննա ազոտ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում ջրիմուռների աճի համար: Մյուս կողմից գումարվում է օդի ջերմաստիճանի բարձրացման ազդեցությունը: Առկա է ուղիղ կապ լճում ֆիտոպլանկտոնի կենսազանգվածի և օդի ջերմաստիճանի միջև: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ նկատվում է ֆիտոպլանկտոնի աճ:
Ջրի մակարդակը գնալով բարձրանում է, բայց լճի որակական փոփոխություններ, էկոհամակարգի բարելավում մենք չենք դիտում: Պետք է հաշվի առնել, որ որքան մակարդակը բարձրանում է, այնքան լճի ջրի մակերեսը նույնպես մեծանում է և լճի ջուրն ավելի շուտ կարող է տաքանալ, իսկ օդի ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է այդ պրոցեսին: Մի կողմից ջուրն ավելի ենք տաքացնում, սփռում, մեծացնում մակերեսը, մյուս կողմից՝ ազոտի և ֆոսֆորի պարունակությունն ավելի մեծացնում լճում: Այսկերպ դիտվում են իդեալական պայմաններ ջրիմուռների աճի համար:
Գիտահետազոտական կենտրոնների կողմից հրապարակված տվյալները հուշում են, որ Սևանա լճի ջրում քլորոֆիլի պարունակությունը 2017-2019թթ-ին աճել է 1,2 անգամ, իսկ 2010-2019թթ-ին լճի ջրի ջերմաստիճանը մայիս-հունիս-հոկտեմբեր ամիսներին աճել է միջինում 0.6°C-ով: Ծաղկման գործընթացներն ավելի ինտենիսվանում են, ավելի երկար են դիտվում, ինչն էլ բերում է էկոհամակարգի վնասմանը»,- նշեց բանախոսը:
Լիանա Մարգարյանն ասաց նաև, որ կլիմայի գլոբալ փոփոխության կանխատեսումներով պայմանավորված օդի ջերմաստիճանը 2040թ. կարող է բարձրանալ 1,7-1,8 °C-ով: «Իսկ մենք տեսանք, որ ընդամենը 0.6°C բարձրանալու դեպքում, որքան ինտենսիվացել է ջրիմուռների աճը: Կարող ենք պատկերացնել, որ 2100թ.՝ 4,5-4,7°C-ով բարձրացումը կհանգեցնի նրան, որ Սևանա լիճ հոսող գետային հոսքը կնվազի 19%-ով, ինչի արդյունքում Սևանա լճում կսկսի ինտենսիվ աճել ֆիտոպլանկտոնը, կակտիվանան Էվտրոֆացման պրոցեսները, լճի մակերևույթից կավելանան մեթանի արտանետումները, որը նկպաստի ջերմոցային էֆեկտին: Որքան ինտենսիվ լինեն լճում էվտորֆիակազման պրոցեսները, այնքան շատ մեթան կարտանետվի մթնոլորտ լճի մակերեսից, որն իր հերթին՝ հանդես գալով որպես ջերմոցային գազ, կնպաստի կլիմայի փոփոխությանը»,- նշեց նա:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հետաքրքվեց, թե հնարավոր է նախկին վիճակի բերել ջրային ռեսուրսները: Ի պատասխան Լիանա Մարգարյանը Սևանա լճի օրինակը բերեց: «Ծաղկման ինտենսիվությունը բնական գործընթաց է, որը ցույց է տալիս էկոհամակարգի պաշտպանական ռեակցիան։ Լիճը ծաղկում է, ջրիմուռները կլանում են ազոտն ու ֆոսֆորը, դուրս բերում լճից: Դա ինքնապաշտպանիչ ռեակցիա է, փորձ է արվում վերականգնել համակարգը։ Չեմ ուզում ասել, որ չենք կարող հետ բերել նախկին վիճակի։ Բայց փորձը ցույց է տալիս, որ երբ էկոհամակարգի վրա ազդեցությունը նվազում է, այն կարողանում է վերականգնվել։ Սևանա լճում եթե մենք կարողանանք թիրախային միջոցառումներ իրականացնել, կկարողանանք վերականգնել։ Սակայն պետք է նաև համբերատար լինել՝ այն մի քանի տարիների ընթաքում չի իրականանա, դա երկարատև պրոցես է։ 30-40 տարիներ անընդհատ մենք աղտոտել ենք լիճը»,- ասաց նա:
Հանքարդյունաբերության և կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա
Բանախոսն անդրադարձավ նաև հանքարդյունաբերության և կլիմայի փոփոխության համատեղ ազդեցությանը ջրային ռեսուրսների վրա: «Հանքարդյունաբերության ազդեցության հետևանքով ջրային ռեսուրսներն աղտոտվում են մեծ քանակությամբ ծանր մետաղներով։ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային զեկույցի շրջանակներում Ողջի-Կապան դիտակետի համար կանխատեսում է արվել, թե ինչպես կփոխվի ջրի որակը շարունակական աղտոտման դեպքում՝ հաշվի առնելով պղինձն ու ցինկը որպես հանքարդյունաբերական ինդիկատորներ և նիտրատն ու ամոնիումը որպես կենցաղային կեղտաջրերի աղտոտման ինդիկատորներ: Կատարվել է գնահատում ըստ երկու սցենարի:
Եթե պայմանականորեն վատագույն սցենարի համաձայն ոչ մի միջոցառում չիրականացվի և շարունակվի աղտոտումը, ապա նիտրատի և ամոնիումի աղտոտվածությունը կշարունակի աճել՝ 1,7-2 անգամ գերազանցել, պղինձի ու ցինկի դեպքում նույնպես: Սակայն բնապահապանական միջոցառումներ ձեռնարկելու դեպքում հինգ տարվա ընթացքում կտեսնենք ամոնիումի մինչև 40 անգամ նվազում, պղնձի՝ երկու անգամ, և ցինկի մինչև 10 անգամ նվազում Ողջի գետում»,- ասաց Լիանա Մարգարյանը:
Ըստ Լիանա Մարգարյանի՝ բնապահապանական միջոցառում իրականացնելու պարագայում ենթադրվում է աղտոտված կեղտաջրերի և հանքարդյունաբերական թափոնաջրերի հոսքը դեպի ջրային էկոհամակարգ: «Եթե կանխարգելվի աղտոտիչների մուտքը ջրային էկոհամակարգ, ապա ջրային էկոհամակարգի ինքնավերականգնվելու ընդունակության հաշվին տեղի կունենա համակարգի վերականգնում և ջրի մաքրում: Ծանր մետաղների դեպքում այս երևույթը բավական երկարատև գործընթաց է, բայց իրենք, մնալով գետի ջրի հատակին, կենսաքիմիական պրոցեսների շնորհիվ կարողանում են վերափոխվել և դառնալ ջրային կենսաբազմանության համար որոշակիորեն փոփոխված, անվնաս և յուրացվող ձևերի»:
Սակայն, հանքարդյուանբերության ազդեցության հետևանքով, ներկայում կան գետերի օրինակներ, որտեղ լիովին վերացել է կենսաբազմազանությունը: «Կարճևան, Ախթալա գետերն արտաքինից էլ բնական ջրային օբյեկտ չեն հիշեցնում։ Սա ցույց է տալիս, որ մենք եղած ջրային օբյեկտները չկորցնելու համար պետք է խելամիտ վերաբերվենք դրանց հետ, չափավոր ջրառ իրականանցնենք և չաղտոտենք»,- ասաց Լիանա Մարգարյանը։
Փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նկատեց, որ ճիշտ կլինի նմանատիպ հետազոտություններն ուղակել շահառու կազմակերպություններին: Լիանա Մարգարյանն արձագանքեց, որ աշխատանքների արդյունքները ներկայացվել են հասցեատերերին, տեղ գտել տարբեր միջազգային ծրագրերում կամ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքներում: «Համագործակցում ենք Շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերների հետ։ Բաց չի մնում նաև գիտական ոլորտը: Աշխատանքները 90 տոկոսը տեղ են գտել տարբեր գիտական հրապարակումներում : Փակ ինֆորմացիա չէ: Ցանկացած ժամանակ պատրաստ ենք կիսվելու»,- նշեց նա: Ինգա Զարաֆյանն էլ հավելեց, թե շահագրգիռ հասարակությունը պետք է բարձրաձայնի այդ փաստերի մասին և լոբբինգ անի այդ հարցերի շուրջ: «Որպեսզի համապատասխան որոշումներ ունենանք լիազոր մարմինների կողմից: Այդ փաստերի հիման վրա կարող ենք ճիշտ ձևավորել հարցումներն ու շեշտադրումները»,- ընդծեց նա։
Ապրիլ 19, 2021 at 10:03