Ինչ կասեն առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները այն ահազանգի մասին, որ կոյուղաջրերը լցվում են Քաղսիի բնակիչների վրա

Ինչ կասեն առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները այն ահազանգի մասին, որ կոյուղաջրերը լցվում են Քաղսիի բնակիչների վրա

ԷկոԼուր

Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչներն արդեն մի քանի ամիս ապրում են սարսափելի գարշահոտության մեջ: «Նրանք չգիտեն, թե ուր փախչեն, որ ազատվեն իրենց ամեն օր հետապնդող գարշահոտությունից… ու մնում են ստիպված, ու շնչում են այդ օդը, ու ջրում են (ես կասեի` «կոյուղաջրում են») իրենց այգիները այդ զզվելի զանգվածով…»,- «ԷկոԼուր»-ի բլոգում (www.ecolur.org/blog) ահազանգում է Սոնա Սիրունյանը: Մաքրման կայանը չի գործում, այդ պատճառով Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների ու հարակից համայնքների  կոյուղաջրերը թափվում են ուղիղ Հրազդան գետ: Եթե նախկինում Հրազդան գետը քշել, տարել է կեղտաջրերը, ապա այսօր գետը ծանծաղել է ու իր հետ ոչինչ չի տանում, եւ կոյուղաջրերը մնում են Քաղսի գյուղի տարածքում: «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան Հրազդանի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի  «Հյուսիս-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Հրազդան» տեղամասի պետ Ա. Սարգսյանը հայտնեց, որ իրենք տեղյակ են խնդրից, բայց  մաքրման կայանի կառուցումը մոտ 15 միլիոն դոլլար կարժենա, իսկ նման միջոցներ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն չի կարող տրամադրել:

 «ԷկոԼուր»-ը ՀՀ առողջապահության նախարարության ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա եւ նախարարությունից հարցնում` ինչպիսին է Քաղսի գյուղի եւ շրջակա գյուղերի համաճարակաբանական իրավիճակը, ինչպիսին է աղեստամոքսային հիվանդացածությունների ցուցանիշը: Իսկ Բնապահպանության նախարարությանը «ԷկոԼուր»-ը խնդրում է պատասխանել` ինչ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի «Հայջրմուղկոյուղի»-ն կատարի կոյուղաջրերի մաքրման իր աշխատանքը, արդյոք բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգումներ անցկացվել են, եւ  ինչ պատժամիջոցներ են կիրառվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ:

Լուսանկարների եւ տեսանյութի հեղինակ Սոնա Սիրունյան


style="height: 390px; width: 640px">

Հուլիս 28, 2011 at 10:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր