ՆԱ ՊԱՏՐԱՍՏ Է ԳԵՏԵՐ ԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Անահիտ Փիլոսյան, «Հայք» օրաթերթ

Թեղուտ եւ Շնող գյուղերի ներկայացուցիչներից շատերը  Թեղուտի հանքավայրի շահագործումը համարում են գյուղի բնակչության ապրուստի իրական աղբյուր, իսկ բնապահպանները պնդում են, որ հանքավայրի շահագործումը լուրջ բնապահպանական աղետների է հանգեցնելու:

Այս առճակատմանը կարելի էր երեկ ականատես լինել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, որտեղ տեղի ունեցավ «Սեւ ցուլի զոհերը» ֆիլմի շնորհանդեսը: «ԷկոԼուր» տեղեկատվական հկ-ի ստեղծած այս ֆիլմը թեեւ երեք թեժ բնապահպանական կետերի մասին էր՝ Ալավերդի, Թեղուտ, Ախթալա, սակայն ֆիլմից հետո բուռն, երեք ժամանոց  քննարկում ընթացավ առաջին երկու խնդիրների վերաբերյալ: Պատճառը թերեւս այն էր, որ երկուսն էլ առնչվում էին «Վալլեքս» ընկերությանը, որի շահերն էլ պաշտպանում էին Վահրամ Ավագյանը եւ Ռուբեն Պապոյանը:

«Մենք մեր ֆիլմում ուզեցել ենք տեսնել, թե մարդն այստեղ իրեն ինչպես է զգում: Երբ մենք գնացինք Ախթալա,  հասկացանք,  որ Հայաստանի հյուսիսը գտնվում է շատ ծանր էկոլոգիական վիճակում»,- ֆիլմի պրեմիերայից առաջ ասում էր «Էկոլուր» տեղեկատվական հկ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը: Ֆիլմում ասվում էր, որ «Վալեքսին» պատկանող Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը հիմնական շահույթը ստանում է պղնձի համաշխարհային բարձր գների, բանվորների ցածր աշխատավարձերի եւ բնապահպանական տուգանքների նվազեցման շնորհիվ: Ինչ վերաբերում է Թեղուտին, ապա այստեղ, բացի բնապահպանական խնդիրներից, գյուղացիները խոսում էին էժան գներով իրենց հողերի վաճառքի մասին:

Ֆիլմում հնչեցված մեղադրանքները բնականաբար «Վալլեքս»-ի ներկայացուցիչները հերքում էին: Վահրամ Ավագյանը հայտարարեց, որ ֆիլմն  անհիմն մեղադրանքներ է հնչեցնում, իրենք ոչ մի օրենք չեն խախտել, գյուղացիներին չեն շահագործել, բնապահպանական տուգանքները չեն նվազել: Ռուբեն Պապոյանն էլ ավելացրեց, որ արտանետումների վնասակարությունը նվազեցնող ֆիլտրերը իրենք գնել են, ինչպես խոստացել են, սակայն չեն տեղադրում քիչ արտադրանք տալու պատճառով: Բացի այդ, Ալավերդու կոմբինատը, ամենայն հավանականությամբ, 2009թ. հունվարից կփակվի, «ACP»-ի շահերը ներկայացնողի հավաստմամբ, փակումը լինելու է  ժամանակավոր:

Հետաքրքրական էր, որ երեկվա քննարկմանն անուղղակի կերպով «ACP»-ի շահերն էին պաշտպանում Թեղուտ գյուղի դպրոցի տնօրեն Վառլեն Բաբայանը եւ Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը: Տնօրենն ասում էր, որ իրենք ուզում են բարեկեցիկ ապրել, իսկ դրա համար հանքի շահագործում է անհրաժեշտ, պարոն Մելիքսեթյանն էլ պնդում էր, որ «մայկա հագնելով Թեղուտ չեն պաշտպանում» եւ սրահում հավաքվածներն էլ իրենցից սրտացավ չեն անտառի նկատմամբ: Նրանց այս բացատրությունները, սակայն, դահլիճում դժգոհությունների տեղիք էին տալիս. ընդ որում դժգոհում էին ոչ միայն բնապահպանները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում էր, որ բացի այն, որ տնտեսապես շահավետ չէ, այն ահռելի վնասներ է հասցնելու. «Որքանով է ճշգրիտ այն մոտեցումը, որ գործունեության արդյունքում երեք գետ վերանալու են, ոչ ֆլորան, ոչ ֆաունան էն տեսքով չեն պահպանվելու: Ինձ ավելի շատ վրդովեցնում է այն, որ գետի արժեքը գնահատվել է ձկան արժեքով, որը կազմում է 175 հազար դրամ»: Տնտեսագետը պատրաստակամություն հայտնեց իր համեստ աշխատավարձով գնել եւս մի հինգ գետ եւ նվիրել Հայաստանին:

Մայիս 14, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր