«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի նոր խողովակները փոխում են հներով

«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի նոր խողովակները փոխում են հներով

ԷկոԼուր

«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի մայիսի 13-ի հերթական վթարը բացահայտեց էական տեխնիկական խախտումներ, որոնցով կառուցվել է տվյալ ՓՀԷԿ-ը: Արգիճի գետը Սևանա լիճը սնուցող հիմնական գետերից մեկն է, որտեղ ձվադրում են էնդեմիկ ձկնատեսակները:  

Վթարը տեղի էր ունեցել Վերին Գետաշեն գյուղի տարածքում՝ «Արգիճի» ՓՀԷԿ-ի էլեկտրոկայանից վերև, այն նույն վայրում, որտեղ տեղի էին ունեցել նախորդ երկու վթարները  2013 թ-ի հուլիս և սեպտեմբեր ամիսներին: «Վթարն այնպիսին էր, որ քշել  է տարել մեքենան և էքսկավատորը, հետո դուրս բերեցին: Խողովակներից ձուկը ջրի շիթերի հետ թափվեց մեր դաշտերը։ Մի քիչ ձուկ հավաքեցին, սակայն ջրի հետ այնքան կեղտ կար, որ ձկները սատկեցին եւ մնացին դաշտերում, ոչ ոք դրանք չհավաքեց»,- ԷկոԼուրին ասաց Վերին Գետաշենի մի բնակիչ, ով ականատես էր եղել վթարին:


Հիմնական պատճառը վատ սարքավորումներն են, որոնք տեխնիկապես չեն համապատասխանում այն ծանրաբեռնվածությանը, որը կրում է խողովակաշարը բարձրությունից ջրի մեծ անկման տարածքում: Մենք տեսանք նոր պլաստմասե խողովակներ, մեկումեջ մետաղե  հին խողովակներ: Վթարը տեղի է ունեցել տարբեր նյութերից կազմված խողովակների հանգույցում, և այժմ ընկերությունը փոխում է պլաստմասե խողովակները մետաղյա խողովակներով: Բայց ինչպիսի՞ խողովակներով, խորհրդային ժամանակների հին խողովակներով: Հարցին, թե  ինչու են օգտագործում նման հին խողովակներ, աշխատակիցները պատասխանեցին. «Ինչ կա, դա էլ օգտագործում ենք»: 

Հիշեցնենք, որ 2013թ․ հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարությունն արտոնություններ տվեց «Հիդրոկորպորացիա» ընկերությանը․ երեք տարով՝ մինչև 2016 թ. հուլիսի 13-ը, երկարաձգվեց  «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը կառուցող «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը, որպեսզի ընկերությունը խողովակներ ներկրի ՓՀԷԿ-ի համար։

 «Արգիճի» փոքր ՀԷԿ-ն աշխատում է նախորդ տարվա աշնանից, բայց արդեն հասցրել է վնաս տալ գյուղերին: «Եթե տեսնում ենք, որ այդքան ձկներ են դուրս թափվել խողովակներից, դա նշանակում է, որ ամբողջ ձուկը հայտնվում է տուրբինայի մեջ և այնտեղ մանրացվում է: Իսկ դա մեր հպարտությունն է՝ արծաթափայլ իշխանը, բեղլուն, կողակը, մեր բոլոր ձկնատեսակները: Երեք վթար է տեղի ունեցել, բայց ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ վնաս է հասցվել բնությանը, կարծես սա ոչ թե Արգիճի գետն է, այլ ինչ-որ մի առվակ»,- ասում են բնակիչները:

Մի քանի ընտանիքների դաշտերը գտնվում են անմիջապես վթարի վայրում կամ խողովակաշարից վերեւ: «Ոչ ոք այստեղ արդեն ոչինչ չի անում: Ո՞վ կուզենա կորցնի բերքը: Մեկ անգամ են տվել փոխհատուցում անցյալ տարի, առանց երաշխիք, առանց ոչնչի: Հողի համար նույնպես ոչինչ չեն տվել...Արդեն մեկ տարի պայքարում ենք այդ ընկերության դեմ («Հիդրոկորպորացիա» ՓԲԸ), իսկ նրանք միայն խոստանում են և ոչինչ չեն տալիս...Մեր հողերը մեզանից խլեցին առանց որևէ համաձայնության, առանց թույլտվության, առանց փոխհատուցման, անօրինական կերպով, գյուղապետը միայն թույլտվությունն է ստորագրել, բայց նա ոչինչ չի որոշում...»,- ասում են բնակիչները: 

Կան նաև ավելի խիստ հայտարարություններ: «Եթե ես ոչինչ չստանամ, նրանք նույնպես ինձանից կստանան ինչ պետք է: Ամեն ինչ կոչնչացնենք, ես մենակ չեմ, 5 հազար հոգի ոտքի կկանգնի, ի՞նչ է, 5 հազար հոգու հետ ե՞ն կռվելու...»,- ասաց տուժածներից մեկը՝ հավելելով, որ համբերություն դեռ կա, բայց շուտով կարող է հատել: 

“Իսկ ինձ ինչո՞վ պետք է փոխհատուցեն այս գետի, նրա աղբյուրների, զբոսաշրջային վայրերի կորուստը,- ասաց Մարտունու կանանց ռեսուրս կենտրոնի նախագահ Անահիտ Գևորգյանը,- մենք գենետիկորեն կապնված ենք Սևանա լճի, մեր գետերի, մեր բնության հետ: Բացի դրանից ուրիշ ոչինչ չունենք: Ձմեռը մեզ մոտ տևում է 7 ամիս, բարձրադիր գոտում ենք, ոչինչ չի աճում: Բայց մենք չենք գնացել այլ վայրեր”:

Նշենք, որ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը ֆինանսավորում է ստացել գերմանական  KfW բանկից, որին ԷկոԼուրը նամակ էր ուղարկել՝ նշելով փոքր ՀԷԿ-ի կառուցման անօրինականությունների մասին և առաջարկել էր դադարեցնել ֆինանսավորումը:(http://ecolur.org/en/news/water/open-letter-on-excluding-argitchi-shpp-from-project-list-submitted-for-kfw-funding/5425/):

Մայիս 29, 2014 at 11:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր