

ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-երի նախագծերում նշվում է, որ փոքր ՀԷԿ-ի կառուցման շնորհիվ Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երը կկրճատեն իրենց արտադրությունը եւ վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ: Նույնիսկ նշվում է արտանետումների քանակը: Հայտնի է նաեւ, որ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Մաքուր զարգացման մեխանիզմով խրախուսվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը` որպես մաքուր արտադրություն: Այս առնչությամբ զրուցեցինք Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի հետ:
Արամ Գաբրիելյանը նշեց, որ դա ընդհանուր մոտեցում է. «Երբ ասում են, որ, փոքր ՀԷԿ դնելով, արտադրությունն այսքան կպակասի Երևանի ՋԷԿ-ում կամ Հրազդանի ՋԷԿ-ում, դա կարելի է համարել ընդհանուր մոտեցում: Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ մեծ ՀԷԿ-երում կսկսեն քիչ արտադրել, որպեսզի փոքր ՀԷԿ-երից առնեն այդ էլեկտրաէներգիան, որովհետև փոքր ՀԷԿ-երի համար երաշխիք կա, պարտավոր են փոքր ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան գնել, մեծ ՀԷԿ-երում այդպիսի պարտավորություն չկա»:
Անդրադառնալով կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմից խրախուսվող մաքուր զարգացման մեխանիզմի կիրառմանը Հայաստանում, Արամ Գաբրիելյանն ասաց. «Եթե փոքր ՀԷԿ-ը պետք է կառուցեն մաքուր զարգացման մեխանիզմով, ապա պետք է շատ ջուր թողնեն գետում` գոնե 1000 լ/վրկ: Մի շարք փոքր ՀԷԿ-եր են ներկայացվել մաքուր զարգացման մեխանիզմով կառուցվելու համար: Սակայն ոչ մի փոքր ՀԷԿ մաքուր զարգացման մեխանիզմով չի կառուցվել: Մաքուր զարգացման մեխանիզմով աշխատող միակ օբյեկտը Հայաստանում Նուբարաշենի աղբավայրն է»:
Արամ Գաբրիելյանի խոսքով` ոչ փոքր ՀԷԿ-երը, ոչ մեծ ՀԷԿ-երը ջերմոցային գազերի արտանետում չունեն շահագործման փուլում: Սակայն ամբողջ աշխարհում ընդունված է դիտարկել ոչ թե կոնկրետ ՀԷԿ-ի արտանետումը, այլ ՀԷԿ-ի սպասարկման հետևանքով առաջացած արտանետումը: «ՀԷԿ-ը կառուցելուց խողովակներ են դնում գետի վրա, ծառ են կտրում, այսինքն` ջերմոցային գազ ածխածնի կուտակման տեսակետից վնաս են տալիս: Եւ մեր 150 փոքր ՀԷԿ-երը` բոլորը միասին, արտադրում են ընդհանուր էլեկտրաէներգիայի միայն 9-10 տոկոսը: Մինչդեռ Որոտանի կասկադը և Սևանի կասկադը միասին արտադրում են մոտավորապես Հայաստանի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը»:
Փետրվար 19, 2015 at 18:25
