

ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-երը, համեմատաբար քիչ օգուտ տալով, միաժամանակ բավականին մեծ վնաս են հասցնում միջավայրին: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: «Գետի հոսանքի վերին մասում կառուցում են ջրընդունիչ պատվար, ջուրը վերցնում, ուղղում են խողովակների մեջ, հեռացնում են հունից ու տանում են և մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ մեծ բարձրությունից, այդ ջուրը ճնշումային խողովակով լցնում են տուրբինայի վրա և ստանում էլեկտրականություն: Այն հատվածը, որտեղից ջուրը հեռացված է գետից, էկոհամակարգը քայքայվում է: Այսինքն, մենք մի խնդիր լուծում ենք, ջերմոցային գազը նվազեցնելով, բայց միաժամանակ առաջանում է մեկ այլ խնդիր,- ասաց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգողը,- Հայաստանում ինձ հայտնի չէ որևէ պահպանված գետ որպես բնական ջրահոսք։ Առաջ քիչ թե շատ Դեբետն էր, հիմա՝ Այրում փոքր ՀԷԿ-ը կառուցելուց հետո, Դեբետն էլ, որպես բնական էկոհամակարգ, չունենք: Մենք արդեն կորցել ենք մեր գետերում ու լճերում նախկինում բնակվող, այդ թվում էնդեմիկ ձկնատեսակներից շատերին»։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմը խրախուսում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը որպես մաքուր արտադրություն, որոնք ջերմոցային գազեր չեն արտանետում։ Սա է պատճառը, որ պետությունները բարձր սակագին են սահմանում փոքր ՀԷԿ-երի արտադրած էներգիայի համար և դրանով խրախուսում են փոքր ՀԷԿ-երի կառուցումը, որպեսզի զարգացնեն այդ տեսակի վերականգնվող էներգետիկան, չնայած որ ՓՀԷԿ-երի կոմերցիոն պոտենցիալը ցածր է, քան ՀԷԿ-երինը, եւ ազատականացված էներգետիկ շուկայում փոքր ՀԷԿ-երը մրցունակ չեն։
Արամ Գաբրիելյանը նշում է, որ փոքր և մեծ ՀԷԿ-երը թեպետ իրենց աշխատանքի ժամանակ ջերմոցային գազեր չեն արտանետում, սակայն դրանց կառուցման գործընթացն ուղեկցվում է արտանետումներով․ «Բնության վրա վնասակար ներգործությունը պետք է գնահատել ու հաշվարկել ամբողջ շղթայով՝ սկսած խողովակների, սարքերի արտադրությունից ու շինությունների կառուցումից ու ավարտելով այդ ամբողջ կառույցը շահագործումից հանելով: Այս ամբողջ շղթան ուղեկցվում է արտանետումներով ու բնական միջավայրի վրա այլ վնասակար ներգործություններով: Եթե դու վերցնում ես ոչ միայն աշխատանքի ընթացքը, այլ ամբողջ շղթան, ստացվում է, որ ՀԷԿ-ն էլ ունի արտանետում, և հարց է առաջանում, արդյոք այն բնապահպանական օգուտը, որը դու ստանում ես, կոմպենսացնո՞ւմ է բնական միջավայրին հասցրած վնասները»։
Արամ Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել էկոհամակարգային մոտեցումը, որ ՀԷԿ կառուցելիս էկոհամակարգին վնաս չպատճառվի: Արամ Գաբրիելյանն առաջարկում է․ «Կարելի է, օրինակ, ՀԷԿ-երը դնել միայն ոռոգման կամ խմելու ջրի համակարգերի վրա, հարմարեցնել դրանց աշխատանքը ոռոգման ու խմելու ջրի ռեժիմի հետ՝ պահպանելով բնական ջրահոսքերը»:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգողը կարծում է, որ այս պարագայում, երբ խախտվել են գետերի ռեժիմները, քչացել են տեղումները, ջուրը սպասվածից ավելի քիչ է և չի բավարարում գյուղատնտեսության, խմելու համար, արդարացված չէ ՀԷԿ-երը շարունակել զարգացնել: Հակառակը, պետք է գոնե լիցենզիայի ժամկետի ավարտից հետո նոր ժամկետ տալուց նաև դնել բնապահպանական տեսակետից նախընտրելի նոր պահանջ:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 30, 2014 at 12:50
