ԲՆԱԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՄԱՆԿՈՒՄ Է ՙԳԻԼԱՆ՚ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԱՐՑՈՒՄ

ԲՆԱԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՄԱՆԿՈՒՄ Է ՙԳԻԼԱՆ՚ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքեց լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե Խոսրովի արգելավայրի տարածքում շինարարական աշխատանքներ են կատարվում, որոնք խախտում են արգելոցի կենսակարգը: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկատվություն տարածեց, թե այն տարածքը, որի մասին խոսվում է, չի մտնում արգելոցի կազմի մեջ, այլ այն առանձին պահպանվող տարածք է` «Գիլան» արգելավայրը, որը նախատեսված է զբոսաշրջության զարգացման համար:

Մենք խնդրեցինք Էկոտուրիստական ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանին մեկնաբանել իրավիճակը: Նա հաստատեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ 24.05.2007թ-ից ստեղծվել է «Գիլան» արգելավայրը: Սակայն մինչև 2007թ. «Գիլան»-ի տարածքի մեծ հատվածը իսկապես Խոսրովի արգելոցի մասն էր եվ ենթարկվում էր խիստ կենսակարգի: «Մեծապես վախեցնում է այն փաստը, որ շարունակվում է հատուկ պահպանության տարածքների կարգավիճակների իջեցման տենդենցը: Այս դեպքում Խոսրովի արգելոցից առանձնացված է 118 հեկտարի չափով հսկայական տարածք, եվ փոխված է նրա կարգավիճակը: Արգելավայրի թույլ կարգավիճակը չի արգելում տուրիստական ենթակառուցվածքի զարգացումը»,- նշեց Ժաննա Գալյանը:

Հիշեցնենք, որ 2001թ. «Սև լիճ» արգելոցի կարգավիճակը փոխվեց արգելավայրի կարգավիճակով: Լիճն անմիջապես վերածվեց հասարակ ձկնաբուծական տնտեսության, այն էլ առանց ավելորդ ծախսերի, եթե հաշվի չառնենք բնական յուրօրինակ ջրամբարի վնասները:

Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե «Գիլան»–ի տարածքի վարձակալը հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներից մեկն է` Հովիկ Աբրահամյանը:

Սեպտեմբեր 24, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր