ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ 7000 ՀԱ-ԻՑ ԱՎԵԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Panorama.am

2008 թվականին Հանրապետության ամբողջ տարածքում անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել 7000 հա-ից ավելի տարածքում: Այս մասին Panorama.am-ին ասաց «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Գլխավոր անտառապետի խոսքով, Հայաստանի ողջ տարածքում 2004-2008 թվականների ընթացքում անտառվերականգնման աշխատանքների ծավալը կազմել է 30 հազար հա:

«2004-ից մինչև 2008 թվականները անտառվերականգնման աշխատանքները կատարվել են տարբեր ծավալներով, բայց պետք է նկատեմ, որ 2005 թ-ից սկսած` ոլորտի մասին օրենսդրական նոր փաստաթղթերի ընդունումից հետո, պետության կողմից նշված աշխատանքներին մեծ ուշադրություն է դարձվում, ու ներդրումների ծավալն ավելանում է: Իսկ 2000-2004 թվականներին իրականացվել է 3 350 հա աշխատանքներ»,-ասաց Ռ. Պետրոսյանը:

Ըստ նրա, նոր ծառերի տնկման հետ մեկտեղ իրականացվում է նաև անտառային տարածքների ցանկապատում:

Ինչ վերաբերում է ծառերի կպչողականությանը, ապա Ռ. Պետրոսյանի խոսքով, ոռոգման ջրով ապահոված տարածքներում տնկած ծառերի կպչողականությունը 70 % է, իսկ մյուս տարածքներում՝ շուրջ 60%:

Նշենք, որ արդեն ընթացքի մեջ է 2009-ը և հաջորդող տարիների համար անտառվերականգնման աշխատանքների ծրագրերի կազմումը:

Գլխավոր անտառապետի հավաստմամբ, բացի Արմավիրի ու Արարատի մարզերից, մյուս բոլոր մարզերում անտառվերականգնման աշխատանքների անհրաժեշտություն կա:

Հունվար 20, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր