ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԱՏԱՐԱՆ

«ԷկոԼուր»

Հայաստանի իրավապահները մտադիր են Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված դատական հայց ներկայացնել դատարան: Այդ մասին Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա նախօրեին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  ասաց «Transparency international» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Panorama.am

Այսօր` շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա նախօրեին, Թեղուտի հիմնախնդրին, մասնավորապես, Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված վերջին տարվա իրադարձություններին ասուլիսում անդրադարձան բնապահպանական մի շարք կազմակերպությանների ներկայացուցիչներ:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը հիշեցրեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված բազմաթիվ ակցիաներից հետո անցյալ տարի իրենց ընդունել է հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու քննարկել են փորձաքննության անցկացման ժամանակ թույլ տված մեթոդաբանական սխալները: Վարչապետի հետ հանդիպումից հետո կազմակերպության անդամները հույս են ունեցել, որ խնդրին ընթացք կտրվի: «Այդ հանդիպման ընթացքում նաև արձանագրություն է կազմվել, որով վարչապետը հանձնարարել է բնապահպանության նախարարին 25 տարվա փորձաքննություն իրականացնել, քանի որ 25-ի փոխարեն 8 տարվա փորձաքննություն էր իրականացվել: Բացի այդ, հանձնարարվել էր կատարելագործել տնտեսական վնասի հաշվառման հետ կապված կարգերը, քանի որ դրանք մեզ մոտ կատարյալ չէին ու հենց դա էր պատճառ դարձել հանքի շահագործման ժամանակ բնապահպանական տնտեսական վնասը սխալ գնահատելու համար»,- ասաց Ս. Այվազյանը:

Նրա խոսքով, հանդիպումից հետո կառավարությունը նշել է, որ իրենք չեն կարող կասեցնել հանքավայրի շահագործումը, պատճառաբանելով, որ այդ քայլը կդիտվի որպես «պետության կողմից մասնավոր ոլորտի գործունեության միջամտում»: «Մենք այսօր պարզապես չունենք այլ լուծում, քան դիմել դատարան: Մենք երբ վարչապետին հարցրինք, մի՞թե այսքան բացահայտումները բավարար չեն գործունեությունը կասեցնելու համար, նա նշեց, որ գուցե բավարար հիմք հանդիսանա դատական հայցը»,-պատմեց կազմակերպության ներկայացուցիչը:

Ասուլիսին ներկա փաստաբան Հայկ Ալումյանը, ով զբաղվելու է այդ խնդրով, նշեց, որ ուրբաթ օրը գործի առիթով դիմելու են դատարան: «Իմ կողմից ուսումնասիրված փաստաթղթերով պարզ դարձավ, որ դեռևս 2001 թվականից ընդունվել են մի շարք վարչական ակտեր՝ կառավարության և տարբեր իրավասու մարմինների կողմից, որոնց ընդունման կարգի մեջ կոպիտ խախտումներ են տեղի ունեցել»,-ասաց Հ. Ալումյանը: Փաստաբանը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են «մի շարք» ինչպես ներպետական օրենքների դրույթներ, այնպես էլ՝ միջազգային պայմանագրերի ու Հայաստանի սահմանադրության մի շարք դրույթներ: Նա նշեց, որ շատ են աշխատել հայցադիմումի վրա ու շուտով այն կներկայացվի Վարչական դատարան:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված խնդրի մասին մտադիր է բարձրաձայնել ԵԽԽՎ-ի հունիս ամսի լիագումար նիստում, քանի որ այնտեղ բնապահպանական հարցերը լուրջ մակարդակի վրա են:

Վերջում նա նշեց, որ կառավարության որոշումը նպաստավոր է մեծ տնտեսվարողի համար, ոչ թե իրապես աշխատատեղեր է ստեղծում, որն էլ ուղղված է պետության զարգացմանը: Զ. Փոստանջյանը համաձայնեց վարչապետի արտահայտած այն մտքի հետ, որ «այն պետությունները, որոնք կառուցվում են հանքավայրեի շահագործման վրա, դրանք հետամնաց տնտեսություն են»: Մինչդեռ, ըստ Զ. Փոստանջյանի, վարչապետի կողմից Ազգային ժողով ներկայացրած ծրագրում տնտեսության բավականին բաղկացուցիչ մաս կախված է հանքավայրերի շահագործումից ստացած եկամուտից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ TRANSPARENCY INTERNATIONAL-Ի ՀԱՅՑԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
ԱրմԻնֆո

Հայաստանի կառավարության դեմ Transparency International-ի հայցը Վարչական դատարան կներկայացվի հունիսի 8-ին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է փաստաբան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ դատարանում բողոքարկվելու է Թեղուտի հանքավայրը շահագործելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Հայց ներկայացնելու պատճառ է դարձել այն, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման նախագծի հաստատման ժամանակ խախտվել է երկրի օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային պայմանագրերը և ՀՀ սահմանադրության հոդվածները: Հայցում պահանջվում է անվավեր հայտարարել այն վարչական ակտերը, որոնք ընդունվել են օրենքների կոպիտ խախտմամբ:«Կարծում եմ, որ դատարանի նկատմամբ մեծ ճնշում է գործադրվելու, քանի որ այն որոշումները, որոնք մենք բողոքարկում ենք, ընդունվել են ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է Ա.Ալումյանը:

Պղնձի քանակությամբ Թեղուտի հանքավայրը Հայաստանում երկրորդն է /առաջինը Քաջարանինն է/: Նախնական գնահատականներով հանքաքարի պաշարը մոտ 450 մլն տոննա է, պղնձի պաշարը՝ 1.6 մլն տոննա /միջինում 0.355 տոկոս պարունակությամբ/ և մոլիբդենի պաշարը՝ 99 հազար տոննա /միջինում 0.021 տոկոս պարունակությամբ/:

ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

Արթուր Հովհաննիսյան, «Հայոց աշխարհ»

«Ուրբաթ» ակումբում երեկ տեղի ունեցավ Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչների ասուլիսը՝ Թեղուտի անտառի մի հսկայական մասի ոչնչացմամբ տվյալ վայրում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի դեմ ձեռնարկվող դատական հայցի, ինչպես նաեւ նախաձեռնող խմբի վերջին այլ գործողությունների վերաբերյալ։

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի հավաստմամբ, իրենք այսօր պարզապես չունեն այլ լուծում, քան դատարան դիմելը, որպեսզի կարողանան դատական կարգով վիճարկել կառավարության գործունեությունը եւ, որոշ դեպքերում, անգործությունը։ Ինչ վերաբերում է միջազգային փորձաքննությանը, ապա նախաձեռնող խումբը դեռեւս 2008թ. դեկտեմբերին կառավարությանը խնդրել էր, որ դիմեն Նիդերլանդների կառավարությանը՝ միջազգային փորձագետներ ներգրավելու նպատակով։

-Նիդերլանդներում գործում է անկախ փորձագիտական հանձնաժողով՝ ամբողջ աշխարհի մակարդակով հայտնի Նիդերլանդների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանձնաժողովը, որը կարող էր նույնիսկ անվճար մատուցել այդ ծառայությունը,- տեղեկացրեց Ս. Այվազյանը։ -Սակայն մինչ օրս կառավարությունը չի դիմել եւ փորձաքննության չեն ներկայացրել այդ ծրագիրը։
  
Փաստաբան Հայկ Ալումյանի տեղեկացմամբ, առաջիկայում վարչական դատարան ներկայացվելիք հայցը նախապատրաստում է ինքը:
   -Ուսումնասիրված փաստաթղթերից պարզ դարձավ, որ դեռեւս 2001 թվականից մեր կառավարությունը եւ պետական իրավասու տարբեր մարմիններ ընդունել են մի շարք վարչական ակտեր, որոնց ընդունման կարգի մեջ կոպիտ խախտումներ են թույլ տրվել,- ասաց Հ. Ալումյանը։

Հայցադիմումն արդեն գրեթե պատրաստ է, իսկ հայցապահանջը հանքավայրի հետ կապված վարչական ակտերն անվավեր ճանաչելն է։ Փաստաբանի հավաստմամբ, ի թիվս այլ օրենսդրական ակտերի, խախտվել են «Բուսական աշխարհի մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքները, մինչդեռ Թեղուտի անտառում կան նույնիսկ միջազգային Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք անտառահատման հետեւանքով ոչնչացման սպառնալիքի տակ են։

«Էկոդար» ՀԿ-ի նախագահ, Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Հրայր Սավզյանի տեղեկացմամբ, վերջին 10 օրվա ընթացքում փոքրաթիվ ուժերով մոտ 5000 ստորագրություն են հավաքել Թեղուտի հանքի շահագործման դեմ երկրի ղեկավարներին ուղղված մի դիմումի տակ։

Հանրապետության նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին ուղղված հիշյալ դիմումի մեջ մասնավորապես նշված է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ բնակիչներս, պահանջում ենք անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը եւ դադարեցնել կատարվող բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Այս ծրագիրը խախտում է սահմանադրությունը, մի շարք օրենքներ եւ միջազգային իրավական նորմեր։ Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում մեր երկիրը կզրկվի իր առանց այն էլ չնչին անտառային տարածքի զգալի մասից, կոչնչանան Լոռու այդ տարածքի բնաշխարհն ու ողջ էկոհամակարգը։

Շրջակա գյուղերի բնակիչները կզրկվեն իրենց մշտական գյուղատնտեսական աշխատատեղերից՝ փոխարենը ստանալով առավելագույնը մինչեւ 50 տարվա ժամանակավոր աշխատատեղեր։ Թունավոր թափոնները՝ ծծումբ, կապար, մկնդեղ եւ այլն, կներթափանցեն հողի, օդի եւ ջրերի մեջ, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները հայտնի է, որ հանգեցնում են քաղցկեղի, չբերության, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների, ինչին արդեն ականատես ենք լինում այլ մետաղական հանքերին կից բնակավայրերում, օրինակ, Քաջարան, Կապան, Ալավերդի եւ այլն»։

Հ. Սավզյանը հայտնեց նաեւ, որ հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պահպանության օրը, Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը երթ է նախաձեռնելու։ 18:30-ին կոնսերվատորիայի դիմացի պուրակից մեկնարկելիք երթի ընթացքում թռուցիկներ են բաժանվելու, բարձրացվելու են ոչ միայն Թեղուտի, այլեւ Սոթքի տարածքում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման դեպքում Սեւանա լճին սպառնացող թունավորման վտանգին, մայրաքաղաքի էկոլոգիական վիճակին առնչվող եւ բնապահպանական այլ կարեւոր խնդիրներ։

Ըստ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի, Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ կառավարության որոշումը նպաստավոր է տվյալ տնտեսավարողի, եւ ոչ թե պետության համար։

-Եթե մենք հաջողություն չունենանք մեր ազգային դատարաններում, միջազգային ատյաններում նույնպես հետապնդելու ենք այս խնդիրը,- ասաց Զ. Փոստանջյանը՝ նշելով, որ ինքը Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության անդամ է, իսկ Եվրոպայի խորհրդում բնապահպանության հարցերը լուրջ քննարկման առարկա են։

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱրմԻնֆո


Թեղուտի հանքավայրի շահագործման մասին կառավարության որոշման օրինականությունը կպարզվի դատարանում: Այսօր «Ուրբաթ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հաղորդել է իրավաբան Հայկ Ալումյանը:

Նրա ասելով, արդեն հունիսի 5-ին գործը կուղարկվի Վարչական դատարան: Հայցի համար առիթ է դարձել այն հանգամանքը, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման նախագիծը հաստատելիս խախտվել է երկրի օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային կոնվենցիաները և ՀՀ սահմանադրության հոդվածները: «Մեր հայցում մենք պահանջում ենք անվավեր ճանաչել այն վարչական ակտերը, որոնք ընդունվել են օրենքի կոպիտ խախտումով», - նշել է Հայկ Ալումյանը:

Բացի այդ, հանքավայրի մշակման ACP-ի ներկայացրած նախագծում մի քանի անգամ նվազեցված են էկոլոգիական ռիսկերը: Ինչպես նշել է Transparency International ՀԿ ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը, այն հայտարարությունները, թե ընկերության կողմից կհատվի ընդամենը 357 հա անտառ, փոքր-ինչ անհիմն են, քանի որ ոչնչացման սպառնալիքի տակ կհայտնվի անտառային զանգվածների անհամեմատ ավելի մեծ տարածք: Ընդ որում հաշվի չի առնվում վնասը, որ կհասցվի ոչ միայն Կարմիր գրքում (այդ թվում Միջազգային կարմիր գրքում) ներառված բույսերի ու կենդանիների տեսակներին, այլև սահմանային Դեբետ գետի ջրերին:

Եվս մեկ վիճելի հարց է հանքավայրի մերձակա բնակավայրերի բնակչությանը մշակման ենթակա հողերի դիմաց չնչին փոխհատուցման հարցը, որը, թեև ներառված չէ Վարչական դատարան ներկայացվող հայցում, սակայն կլուծվի Եվրոպական դատարանում: Ինչպես նշվել է, Հայաստանի էկոլոգները մտադիր չեն սահմանափակվել միայն դատարան դիմելով: Ս.Այվազյանի ասելով, արդեն աշխատանք է տարվում միջազգային էկոլոգիական կազմակերպությունների, այդ թվում «Գրինփիսի» հետ համագործակցություն սկսելու ուղղությամբ:

Հունիս 08, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր