

Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Վայք քաղաքում վերջին ամիսներին շրջում է ուրանի ուրվականը: Բնակիչները սարսափով են հետեւում դիմացի սարը փորող մեքենային: Չնայած ծանր սոցիալական վիճակին եւ գործազրկության բարձր մակարդակին, վայքեցիները չեն ցանկանում, որ քաղաքի շրջակայքում հանքարդյունաբերություն սկսվի: Բնակիչների տեղեկություններով, ռուսներն այստեղ ոսկի եւ ուրան են փնտրում:
Վայքեցիների պատմելով` մոտ տասը օր է`քանդման աշխատանքները դադարեցվել են: Հստակ տեղեկություններ, թե ով է հայտնվել այստեղ եւ ինչ է որոնում, նույնիսկ Վայքի քաղաքապետարանում չգիտեն: Վայքի փոխքաղաքապետ Բաբա Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ հաստատ չգիտեն, թե որ կազմակերպությունն է աշխատանքներ կատարում: «Մենք ինչքանով ճշտել ենք, ուրան չեն որոնում, ոսկի է: Քանի որ դա մեր վարչական տարածքում չէ, (աշխատանքները կատարվում են Վայքին հարակից Ազատեկ գյուղի վարչական տարածքում, սակայն տարածքը մի քանի հարյուր մետր է հեռու քաղաքից-Ա.Փ.) բայց մեր քաղաքին շատ մոտ է, դրա համար ինչքան կարողացանք հետաքրքրվեցինք: Հետաքրքրվել ենք բնապահպանական տեսչությունից, այլ տեղերից, ասացին, որ սրանք դեռ նախնական աշխատանքներ են: Հիմա պրոբաներ են վերցնում, որպեսզի իմանան, թե ինչ ծավալներ կան: Ոսկու համար են հիմա հետազոտություններ գնում, եթե իրենց բավարարի պաշարները, ներդրումներ կանեն»,- ասաց փոխքաղաքապետը:
Բաբա Բաբայանի կարծիքով, բնակիչները դեռ իրական անհանգստության առիթ չունեն: Վայքեցիները, սակայն, այլ կարծիքի են: Այն, որ միայն ոսկու հանքանյութն է հետաքրքրում ռուսներին, բնակիչներին չի հանգստացնում: Քաղաքի հնաբնակները գիտեն, որ 1950-60ական թվականներին այստեղ դարձյալ որոնողական աշխատանքներ են կատարվել եւ ուրանի պաշարներ են հայտնաբերվել: Մեզ հետ զրուցած քաղաքացիներից մեկը, որի անունը չենք հրապարակում իր խնդրանքով, ահա, թե ինչ պատմեց մեզ. «Իմ հայրը`Հ.Ջ.-ն, երկրաբան էր: Երբ մենք եկանք՝ Վայքում բնակվելու, ինքն ընդգրկված էր որոնողական աշխատանքների մեջ: Ես շատ լավ հիշում եմ, որ հայրս ասում էր`ինչքան ոսկի գտնում ենք, ուրանն էլ հետն է: Այդպես էլ ոսկու որոնողական աշխատանքները դադարեցվեցին, քանի որ տեսան, որ ինչ հանք էլ բացեն, ուրանն ակտիվանալու է»:
Նշենք, որ տարածքային կառավարման պաշտոնական կայքում գրված է, որ Ազատեկ գյուղում կան ոսկու եւ ուրանի հարուստ պաշարներ: Ահա, թե ինչու են Վայքի բնակիչները վախենում ոսկու «անմեղ» հանքի շահագործումից: Նրանք լավ գիտակցում են, որ այդպիսի հանքի շահագործումը կարող է բերել նաեւ նրան, որ իրենց բնակավայրերից տեղահանեն: Ճիշտ է, կան նաեւ քաղաքացիներ, որոնք ցանկանում են, որ ոսկու գործարան հիմնվի, որը կարող է նոր աշխատատեղեր ստեղծել, բայց նույնիսկ ցանկություն հայտնողները դրա համար լիարժեք չեն ուրախանում, ծայրահեղ անհրաժեշտությունն է ժողովրդին ստիպում մտածել այդ աշխատատեղի մասին:
«Մեր Վայքը կառուցել են ուսումնասիրությունների վրա: Մենք գիտենք, որ մեր սարերում ուրան կա: Հիմա եթե սա բաց հանք եղավ, ճառագայթում է լինելու: Բայց դե ցավն էն է, որ ժողովուրդն էսօր կանգնի, ոչ մի բան էլ չի կարող անել, Թեղուտի համար պայքարեցին, ի՞նչ եղավ: Ես մասնագետ չեմ, գեոլոգ չեմ, բայց ես գիտեմ, որ մենակ ոսկի էլ հանեն, վտանգավոր է, մկնդեղն արդեն, որ ոսկու կորզման ժամանակ օգտագործում են, հերիք է: Պոչամբարներ են էդտեղ կառուցելու, գետ են աղտոտելու: Բայց մյուս կողմից էլ, եթե գործարան են դնելու, մտածում եմ`գոնե էստեղ դնեն, ժողովուրդն օգտվի»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հավաստիացրեց, որ զրուցել է հանքում աշխատող բանվորներից մեկի հետ, նա փոխանցել է, որ հանքի շահագործման թույլտվություն տրված է ռուսական կազմակերպության, նրանք ոսկի են որոնում, բայց մինչ այժմ եղած պաշարներն այնքան էլ չեն բավարարում ռուսներին:
«Առաջին միտքն այն է, որ կարող է ինչ-որ աշխատատեղ բացվել: Բայց խոսակցություններ կան, որ կարող է էկոլոգիապես վնասակար լինի: Դա իհարկե մտահոգում է, բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ առաջին հերթին մտածում են աշխատանքի մասին»,- ասաց մեկ այլ վայքեցի` Ն.Հ.-ն: «Ես չգիտեմ, թե ինչ են որոնում, բայց եթե ուրան լինի, ոչ մեկն էլ չի ուզում: Առանց էդ էլ Վայոց Ձորում ուրանը շատ է, ու եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ էս տարածաշրջանում հիվանդությունները շատ են: Լավ կլիներ, որ մի բան լիներ, ժողովուրդը աշխատեր, բայց ուրանը վտանգավոր է»,- նշեց տիկին Սուսաննան: Ի դեպ, Վայոց Ձորի մարզի բնակիչներից շատերն են պնդում, որ մարզում ուրանի մեծ պաշար կա, բայց պաշտոնապես այդ մասին չի խոսվում: Օրինակ` անցյալ տարի, երբ ուրանի որոնողական աշխատանքների մասին խոսակցություններն ակտիվացան, անգամ երբ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծվեց, բարձրաստիճան պաշտոնյաները միայն Սյունիքի մարզի անունն էին շրջանառում:
Ինչ վերաբերում է Վայքի հարակից հատվածում կատարվող վերջին մեկ ամսվա աշխատանքներին, պաշտոնական աղբյուրներից շատ տեղեկատվություն հնարավոր չեղավ ստանալ: Բնապահպանության նախարարությունից տեղեկացանք, որ հանքը բազմամետաղային է, բնապահպանական փորձաքննություն անցել է, արտոնագիրը տրված է ռուսական ինչ-որ ընկերության: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից էլ փոխանցեցին, որ Ազատեկ գյուղի վարչական տարածքում կա երեք հանքավայր` ոսկու, բազմամետազային եւ ավազի: Լիցենզիա ունեն ռուսական եւ հայ-ռուսական ընկերություններ: Երկու գերատեսչություններն էլ խոստացան մանրամասն պատասխանել միայն գրավոր հարցման դեպքում: Հուսով ենք, որ մեր գրավոր հարցմանը կստանանք լիարժեք պատասխան եւ կհասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ: Բայց, որ բնակիչներն անհանգստացած են եւ ահազանգում են, որ վնասներ են հասցվում շրջակա միջավայրին (աշխատանքների ընթացքում ծառեր են «անհետացել»), վտանգում են իրենց բնակավայրը, դա արդեն իրողություն է:
Հունիս 19, 2009
