

Aysor.am
Երևանի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնը` Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) աջակցությամբ, նախաձեռնում է վերանայել Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի օրենսդրությունը:
Կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը Aysor-ին հայտնեց, որ օրենսդրություններում բարեփոխումները կմշակվեն փաթեթով և ամեն մի ոլորտի համար հասարակական լսումներ կկազմակերպվեն:
«Պետք է լուրջ վերլուծության ենթարկվեն կենդանական ու բուսական աշխարհների, որսի ու որսորդական տնտեսության, հատուկ պահպանվող բնական տարածքների մասին օրենքները, ապա դրանք կներկայացվեն կլոր սեղանի քննարկմանը»,- ասաց Ա. Իսկոյանը:
Նախատեսվում է ոլորտի ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային համաձայնագրերին, բացահայտել բացերն ու հակասությունները և առաջարկություններ անել դրանց բարելավման համար: Ըստ Ա. Իսկոյանի, հիմնական նպատակն է, որպեսզի օրենքը գործի և որպեսզի այն հասնի իր նպատակին` այսինքն` ապահովի շրջակա միջավայրի որակը, կանխի դեգրադացիան, նվազեցի բացասական ազդեցությունը և այլն:
Բնապահպանական ոլորտի օրենսդրական փոփոխությունների աշխատանքներին մասնակցելու են նաև տարբեր նախարարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Համագորակցելու ենք նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որովհետև իրենց իրավասությունն այս ոլորտում շատ անորոշ է և այն նոր օրենքում պետք է հստակեցվի»,- նշեց Ա. Իսկոյանը:
Նշենք, որ ՀՀ ներկա պետական քաղաքականության մեջ տնտեսական շահերը գերակայում են բնապահպանական խնդիրների հանդեպ։ Նման տնտեսավարման արդյունքում՝ շրջակա միջավայրին տնտեսական գործունեության հասցրած վնասը համարժեք է համախառն ներքին արտադրանքի 8-10 %-ին, մինչդեռ բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով մուտքերը կազմում են ՀՆԱ-ի ընդամենը 0,3-0,5 %-ը, այսինքն՝ համարժեքությունը խախտված է մոտ 23 անգամ։ Մասնագետների կարծիքով, Հայաստանի բնական միջավայրի 80 %-ն անապատացման վտանգի տակ է, նկատվում է ջրային ռեսուրսների 50 % կորուստ, քաղաքներում օդի աղտոտման բազմաթիվ ցուցանիշներ գերազանցում են թույլատրելի սահմանները երկու և ավելի անգամ, կանաչապատված տարածքների մակերեսները սակավ են մոտ 3 անգամ, մայրաքաղաքում ակնհայտ է իրավիճակի վատթարացման միտումը՝ կապված գերխիտ շինարարության, տրանսպորտային հոսքի ավելացման, մի շարք գործարանների արտանետումների հետ և այլն:
Նոյեմբեր 10, 2009
