«VALLEX GROUP» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՎԱՆՈՒՄ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

«VALLEX GROUP» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՎԱՆՈՒՄ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

ԷկոԼուր

«Vallex Group» ընկերությունը ապատեղեկատվություն անվանեց «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին լուրերը: Այս մասին «Vallex Group»-ին հարցում էր արել «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, որին իր հերթին այդ հարցով դիմել էր Թեղուտի պաշտպանության խումբը:

Ստորեւ ներկայացնում ենք «Vallex Group»-ի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից «ԷկոԼուր»-ին տրամադրված պարզաբանումները

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Թեղուտի պաշտպանության խմբի անդամներից տեղեկացել է, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները բանակցություններ են վարում՝ վաճառելու «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթը կամ մի մասը: Խնդրում ենք պարզաբանել, արդյոք այս տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը:

«Վալլեքս խմբի ընկերությունների կողմից «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը կամ դրանց մի մասը օտարելու վերաբերյալ բանակցություններ  վարելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Վալլեքս» խմբի ընկերությունները նման տեղեկատվություն չեն տրամադրել որևէ անձի և այս պահին չեն փորձում որևէ կերպ մեկնաբանել այդ ապատեղեկատվության ծագումն ու տարածողների նպատակները:

Միևնույն ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունները բազմիցս նշել են, որ ինչպես Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման, այնպես էլ այլ ուղղություններով գործունեության շրջանակներում պատրաստ են փոխշահավետ համագործակցության և տարբեր հնարավոր գործընկերների հետ պարբերաբար վարել են բանակցություններ համագործակցության ձևաչափի և այլ պայմանների շուրջ:

«Վալլեքս» խմբի ընկերությունները ի՞նչ ֆինանսական միջոցներ են ներդնելու Թեղուտի նախագծում, քանի որ VTB-ն պաշտոնապես հայտարարեց Թեղուտի նախագծում ֆինանսական ներդրումների սառեցման մասին:

«Վալլեքս» խմբի ընկերություններն այս պահի դրությամբ շարունակում են Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման աշխատանքները` վերաներդենելով խմբի որոշ ընկերությունների գործունեության արդյունքում ստացված շահույթները և օգտագործելով այլ ներքին ռեսուրսներ: Միևնույն ժամանակ շարունակվում են «ՎՏԲ» բանկի հետ բանակցությունները, որոնց ներկա փուլում համաձայնեցվել են ֆինանսավորման պայմանները և այժմ բանկի ներքին ընթացակարգերով նախատեսված նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում վարկային համաձայնագրի ստորագրման համար:

Շարունակվու՞մ են  Թեղուտի անտառի հատման աշխատանքները եւ որքա՞ն անտառ է արդեն հատվել:

Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի լիածավալ ֆինանսավորման խնդրի լուծված չլինելով պայմանավորված` անցած ժամանակահատվածում անտառահատման ծավալները եղել են պակաս, քան նախատեսված է ՀՀ բնապահպանության նախարարի 2008 թվականի փետրվարի 12-ի № 59-Ա և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008 թվականի փետրվարի 21-ի № 34-Ա համատեղ հրամանով հաստատված «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատման աշխատանքների իրականացման» կարգով: Այս պահի դրությամբ հատված անտառածածկույթի գումարային մակերեսը կազմում է շուրջ 39 հեկտար:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ չնայած այն բանին, որ փաստացի իրականացված անտառահատումները եղել են նախատեսվածից քիչ, «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրով» նախատեսված միջոցառումները կատարվում են ըստ հաստատված ժամանակացույցի: Հիշեցնում ենք, որ այդ ծրագիրը նախատեսում է մրցույթով ընտրված կազմակերպությունների կողմից, ըստ կոնկրետ փուլերի և տարածքների համար մշակված աշխատանքային նախագծերի, անտառապատման աշխատանքների իրականացում հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա):

Փետրվար 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր