

ԷկոԼուր
«Շատ կանաչապատված զանգվածներ գտնվում են բավականին վատ վիճակում: Ընդհանրապես ծանր մետաղների քանակությունը բավականին շատ է, եւ բավականին վատ վիճակում է գետնի մակերեւույթից մոտ 1 - 1,50մ բարձրությամբ օդի հատվածը, որը շատ վնասակար է երեխաների, կենդանիների համար»,-ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը Երեւանի քաղաքապետարանում ապրիլի 13-ին տեղի ունեցած «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման» հասարակական քննարկման ժամանակ: Նրա խոսքերով` Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման արդյունքում կանաչ տարածքների փոփոխություններ չեն նախատեսվում: Փոխարենը նախատեսվում է կանաչ տարածքների ծառերն աստիճանաբար փոխարինել այնպիսի ծառատեսակներով, որոնք ոռոգման մեծ պահանջարկ չունեն եւ կնպաստեն օդի մաքրմանը: Որպես օրինակ Սամվել Դանիելյանը նշեց Իրանը, որտեղ տնկվել են նման ծառատեսակներ:
Գլխավոր ճարտարապետը նշեց նաեւ, որ Երեւանի պատմության մեջ առաջին անգամ` 2007թ., անցկացվել է կանաչ տարածքների մանրամասն գույքագրում: Դրա արդյունքում հստակեցվել է բոլոր համայնքներում շուրջ 1400հա տարածք, որոնք կարելի է, ոչ խիստ միջոցառուներ իրականացնելով, կանաչապատել:
Քննարկման ընթացքում Սամվել Դանիելյանն անդրադարձավ նաեւ Երեւանի արեացիայի համակարգի եւ Երեւանյան լճի խնդիրներին: Նրա խոսքերով` այժմ բավականին մեծ գումարներ են նախատեսվում արեացիայի համակարգի վերականգնման համար: Ինչպես նաեւ նախատեսվում է Հրազդան գետի կոլեկտորի կառուցումը, որով պայմանավորված է Երեւանյան լճի հատակի հետագա մաքրման նպատակահարմարությունը: «Եթե կոլեկտորը չլինի, ապա Երեւանյան լճի մաքրելը դառնում է անիմաստ»,-ասաց գլխավոր ճարտարապետը:
Ապրիլ 16, 2010
