ԼԵՌՆԱՁՈՐ. ԱՊՐԵԼՈՎ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼԵՌՆԱՁՈՐ. ԱՊՐԵԼՈՎ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գայանե Մկրտչյան, ԱրմենիաՆաու

Սյունիքի լեռներն ասես թրով կտրած լինեն: Նրանք վեր են խոյանում հպարտ ու խրոխտ`մեջք մեջքի տված:

Միջազգային նշանակության միակ ճանապարհը, որ տանում է դեպի Իրան, անցնում է հենց այս լեռների խորհրդավոր ոլորաններով: Այդպիսի մի ոլորան անցնելուց հետո հայտնվում է լեռներով ու անտառներով գրկախառնված Լեռնաձոր գյուղը: Այստեղ տներն ասես կախված են լեռների լանջերից:

«Խորհրդային տարիներին Ղափանից մինչև Քաջարան 11 գյուղ կար, որոնց քաղաքը կուլ տվեց, բայց Լեռնաձորը մնաց: Ի տարբերություն շատերի`լեռնաձորցիները, որ Երևանում, Ղափանում, Քաջարանում բնակարաններ ունեն, դռները փակել ու եկել են Լեռնաձոր: Մեր գյուղացին կառչած ա իր հող ու ջրին»,- ասում է Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը:

Լեռնաձորը Երևանից 340 կմ հեռավորության վրա է գտնվում: Սյունիքի մարզկենտրոնից` Կապանից, հեռու է 20 կմ, Քաջարանից, որտեղ գտնվում է մարզի արտադրական հսկաներից մեկը`Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը`6 կմ:

Ի տարբերություն Հայաստանի հեռավոր գյուղերի, որտեղ գործազրկությունը մեծ չափերի է հասնում, Լեռնաձորում այդ վտանգը չկա: Գյուղի բնակչության 70 տոկոսն աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Այս գյուղի մասին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի աղբյուրներում` պատմիչ Փավստոս Բուզանդի մոտ: Այն պատմակայն Հին Ձորքի գավառն է: Ավելի վաղ ժամանակներում գյուղը կոչվել է Տիր, ապա`Քրդիկանց` ի պատիվ Քրդիկ իշխանի:

«1920-ականներին, չըմբռնելով հնագույն անվանումների կարևորությունը, գյուղն անվանափոխեցին Լեռնաձոր,- բացատրում է Լեռնաձորի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը:- Գյուղը ներկայիս տարածք է տեղափոխվել լեռան հակառակ կողմից 1958 թվականին, որտեղ գտնվում էր Քրդիկանցը»:

Տասը տարի անց`1968-ին, երկրաշարժն ավերում է գյուղացիների տները:

Գյուղապետ Ստեփան Պետրոսյանն ասում է, որ տնակները, որոնք նախատեսված էին 17 տարվա համար, ծառայել են գրեթե 40 տարի:

«2005 թվականից սկսած, երկար սպասումներից հետո, կառավարությունը վերջապես անհատույց վարկեր տրամադրեց գյուղացիներին` նոր տներ կառուցելու համար: Այսօր գյուղացիների գրեթե 30 տոկոսն արդեն նորակառույցներում է,- ասում է նա,-սակայն հիմա էլ մի այլ խնդիր է մարդկանց անորոշության մեջ թողել…»:

Լեռնաձորում թեժ քննարկվող թեման ուրանի հանքերն են: Գյուղացիները ցույց են տալիս դիմացի լեռան լանջին` 300 մ հեռավորության վրա գտնվող ուրանի հանքերը:

«Ուրանի ծրագրի հետ կապված մարդիկ մնացել են շվարած`կառուցե՞ն մինչև վերջ իրենց տները, թե՞ չկառուցեն, առանց այն էլ էկոլոգիապես մաքուր տարածքում չենք ապրում, մեր կողքին Քաջարանի արտադրական հսկան է, ընդերք են շահագործում, բաց հանք է: Եթե սկսեն ուրանի հանքերը շահագործել, երևի թե միակ պատճառը կդառնա, որ լեռնաձորցիները լքեն իրենց տները»,- ասում է գյուղապետը:

Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի պաշարների հետազոտության և ուրանի հանքավայրերի շահագործման մենաշնորհը տրված է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին:

Ուսումնասիրություններն սկսվել են 2009 թ. օգոստոսի 5-ից և տևելու են մինչև 2014 թ. օգոստոսի 23-ը:

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որը շոշափում է Հայաստանի ողջ բնակչության շահերը, հասարակական քննարկման չի դրվել, թեպետ Հայաստանը 2001 թ. վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որով սահմանվում է հասարակության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումների կայացմանը:

«Լեռնաձորցու կարծիքը մի հատ հարցնեին էլի, դա նույն է, որ Ղարաբաղի հարցը լուծեն առանց ղարաբաղցիների: Առաջինը մեր կյանքն է վտանգվելու: Նույնիսկ Ղափան տեղափոխվելը չի փրկի, բոլորս էլ կիրթ մարդիկ ենք ու լավ հասկանում ենք, որ պետք է նվազագույնը 60 կմ հեռու բնակվել ուրանի շահագործվող հանքերից»,-ասում է Ռաֆիկ Պետրոսյանը:

Գյուղապետն ասում է, որ իրենց ոչինչ չեն ասում, մինչդեռ լեռնաձորցիներն ուզում են իմանալ իրենց հետագա ճակատագիրը:

«Մեր վերջն ի՞նչ է լինելու, գուցե գյո՞ւղն են տեղափոխելու»,- հարցնում է գյուղապետը:

Ու մինչ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն շարունակում է իր հետազոտություններն ուրանի հանքերում, լեռնաձորցիները շարունակում են ապրել անորոշության մեջ:

74-ամյա Մարուսյա Ղուկասյանը տան բակում չորաթան է պատրաստում ձմռան համար: Բակի պարաններից կախված են ավելուկի հյուսքերը: Նրա ամուսինը` 78- ամյա Ալյոշա Հակոբյանը, ով Կապան-Մեղրի ճանապարհաշինարարներից է եղել, ասում է, որ ուրանի հանքերից մեկն էլ Կապան-Մեղրի ճանապարհի տակ է գտնվում:

«Այդ ճանապարհով ամեն օր հարյուրավոր մեքենաներ են անցնում: Հայաստանի միակ ճանապարհը փակում են, որ ուրան բաց անե՞ն: Մարդիկ կփախչեն այս կողմերից, էլ ո՞վ կմնա Քաջարանի կոմբինատում աշխատելու»,- հարցնում է Ալյոշա Հակոբյանը:

Լեռնաձորցի 65-ամյա Լյուդվիգ Գևորգյանն էլ, ձեռքով սրբելով պատշգամբի երկաթե բազրիքը, ասում է. «Տեսեք` ինչ դեղին փոշի է, քամին Քաջարանից է բերում-հասցնում այստեղ, ու մենք սա շնչում ենք, հիմա էլ` ուրանը: Դա կլինի դանդաղ մահ բոլորիս համար»:

Հունիս 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր