ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՑ ՀԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՑ ՀԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Բնապահպանություն» բաժնից ամբողջովին հանվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մասին տեղեկատվությունը: Հանվել են նաեւ «Թափոնների կառավարում» եւ «Հանրության իրազեկում եւ բնապահպանական դաստիարակություն, կրթության եւ տեղեկատվության մատչելիություն» ենթավերնագրերով բաժինները: «Կանաչապատում» ենթաբաժնից բացակայում է տեղեկատվությունը, թե Երեւանի վարչական տարածքների որ հասցեներում գտնվող բակերում են բարեկարգման աշխատանքներ կատարվել: «Մթնոլորտի պահպանություն եւ կլիմայի փոփոխություն» եւ «Ջրային ռեսուրսների կառավարում» ենթավերնագիրը ենթարկվել են փոփոխության՝ վերանվանվելով «Օդային ավազան» եւ «Ջրային ավազան»: Տեղադրված է նոր տեղեկատվություն օդի աղտոտվածության վերաբերյալ. «…մայրաքաղաքում մթնոլորտի աղտոտվածության գնահատման համար կա 5 դիտակայան և 43 նմուշառիչ դիտակետ։ Վերցրած փորձանմուշներում որոշվում է  մթնոլորտում ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, գետնամերձ օզոնի, ածխածնի օքսիդների և փոշու պարունակությունը։ Ընթացիկ տարվա դիտարկմամբ գրանցվել են վնասակար տարրերի թույլատրելի նորմերը գերազանցող ցուցանիշներ: Երևանում միջին աղտոտվածության կտրվածքով փոշու պարունակության 70-80%-ը բաժին է ընկնում բնական աղտոտվածութանը»։

«Ջրային ավազան»-ից հանվել է Երեւանի  հատակագծով մինչև 2020թ. նախատեսվող միջոցառումների ցանկը՝

1. 2006թ. Երևանի քաղաքապետարանի պատվերով «Հայջրնախագիծ» ինստիտուտը մշակել է Երեւանյան լճի հատակի վտանգավոր տիղմային նստվածքները (մոտ 1,0 մլն խմ) մաքրելու նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Մաքրումը կավարտվի մինչև 2012թ.

2. ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ` «Աերացիա» կայանից Հրազդան գետ արտահոսող հոսքաջրերի նորմատիվային աղտոտվածության մակարդակին հասնելու նպատակով 2009-2020թթ. նախատեսվում է կեղտաջրերի մաքրման կայանում վերագործարկել կենսաբանական շրջափուլը

3. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ Երեւանի քաղաքապետարանը կվերակառուցեն կենցաղային կոյուղու ցանցը:

«Կանաչապատում» ենթաբաժնում մանրամասնորեն ներկայացված է քաղաքապետարանի գործունեությունը: Այս ենթաբաժնում մասնավորապես նշված է. «Երևանի կանաչ զանգվածը կազմում է 6738.5 հա /2007թ. գույքագրում/, որից ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը 832.3 հա է։  Հատկապես 2009-2010թթ. նոր ոռոգման ցանցեր /44.5կմ եւ ընթացքի մեջ է 25 կմ/ ստեղծելու եւ նպատակային  ոռոգելու շնորհիվ վերականգնվել են նախկինում կանաչապատ մի շարք զանգվածներ՝ Եռաբլուրի, Ծիծեռնակաբերդի եւ Հայորդաց տան շրջակայքը, փողոցների եւ զբոսայգիների հատվածները, ինչի շնորհիվ 2003թ. համեմատ ավելացավ  ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը։…

Մայրաքաղաքը համալրվեց 15 000 վարդի թփերով /Սայաթ-Նովա, Թումանյան, Բաղրամյան, Ազատության, Մաշտոցի պողոտաներ և փողոցներ/ եւ 7000 ու 10 000 նորատունկ ծառերով ու թփերով… Ձեռք բերվեց 103 միավոր տեխնիկա /մեքենասարքավորումներ/,  որը 12 վարչական շրջաների կանաչապատման տեղամասերին հնարավորություն կտա գործունեություն կազմակերպել եւ նախատեսվածն իրագործել ժամանակակից չափանիշներին համապատասխան»։

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի տեղեկատվության համեմատությունը «ԷկոԼուր»-ն անցկացրել է սույն թվականի հուլիսի 25-ին եւ օգոստոսի 14-ին:

Օգոստոս 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր