Aysor.am
Երևանի Մաշտոց և Սարյան փողոցների միջնամասում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան այգում կրկին հրդեհ է. այրվում է այգու ծառերի տակ գտնվող խոտածածկ տարածքը:
Նշենք, որ 10 օր առաջ նույն վայրում կրկին հրդեհ էր բռնկվել, և ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա Aysor-ն ահազանգեց «1-01 Հրշեջ ծառայություն»:
Ինչպես 10 օր առաջ, այնպես էլ հիմա Հրշեջ ծառայությունն արագ արձագանքեց ու ահազանգից րոպեներ անց` դեպքի վայրում էր:
Իսկ շաբաթներ առաջ կեսօրին այրվում էր նույն այգու միջնամասում գտնվող խոտածածկ տարածքը, որի արդյունքում այժմ այգու մեջտեղում այրված ծառեր են միայն:
Հարց կա. ինչու՞ է այգում պարբերաբար հրդեհ բռնկվում: Եթե նույնիսկ` «ինքն իրեն բռնկվող» հրդեհ է, ապա այսպես շարունակվելու դեպքում այգուց ապագա շինհրապարակ կմնա։
Ինչևէ. Օպերատիվ գործում ենք` հրդեհները պարբերական բռնկվում են, Aysor-ը պատրաստակամ զանգահարում է Հրշեջ ծառայություն, վերջիններս էլ, ինչպես արդեն
ապացուցեցին` օպերատիվ արձագանքում են:
Միայն թե ամեն անգամ զանգելիս վատ ես զգում. Այս ամառվա տապին մարդիկ (հրշեջները) գալիս են լրիվ համազգեստով, արագ հանգցնում։ Մյուս կողմից էլ` ինչ իմանաս, թե չզանգահարես, ինչ կլինի։
Ուշադիր եղեք, մինչև վաղը քաղաքապետարանից հարցնենք, թե` արդյոք նպատակահարմար չէ այգիներում, որ տեղ ամբողջ խոտն արդեն այրված է, փոցխել դրանք, կամ էլ հողը փորել, կամ` ինչ է նախատեսված ընդհանրապես։
ՇՐՋԻԿ ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Aysor.am
«Այգիներում այս տարի բարեբախտաբար զանգվածային հրդեհների դեպքեր չեն գրանցվել, որովհետև ինտենսիվ ոռոգում է կատարվում»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը:
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ Երևանի Մաշտոց և Սարյան փողոցների միջնահատվածում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան այգում 2 շաբաթվա ընթացքում խոտածածկ տարածքի 3 հրդեհ է բռնկվել, գլխավոր դենդրոլոգը խոստացավ. «Այդ հատվածը մեր կողմից կստուգվի և հարկ եղած դեպքում խոտը կհնձվի»:
Այն բանում, որ այգում պարբերաբար հրդեհներ են գրանցվում, ըստ Ս. Մաքսապետյանի, դիտավորություն չկա:
«Չեմ ուզում հավատալ դրան, ուղղակի այդտեղ բնակչություն կա, հնարավոր է, որ ինչ-որ մեկը չմարված ծխախոտ նետի, դա ուրիշ հարց է, բայց որ միտումնավոր արվի, չեմ հավատա ու չեն էլ կարող ինձ ապացուցել: Մենք նման բան չենք գրանցել»,- հավելեց Ս. Մաքսապետյանն ու խորհուրդ տվեց մի փոքր լավատեսությամբ նայել Երևանին, ու այդ դեպքում «կտեսնենք, ինքներս կզգանք, որ ծառերի ոչ մի հատում, խոտի կամ ծաղկի տրորում չի արձանագրվել»:
Ս. Մաքսապետյանը հայտնեց նաև, որ Երևանի բոլոր այգիներում պարբերաբար խոտհնձի աշխատանքներ են կատարվում: Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ, երբ խոտհունձը կատարվում էր 6-7 անգամ, այս տարի այն հասցրվել է 10-12-ի, որպեսզի այս շոգ ու չոր եղանակային պայմաններում հրդեհներ չգրանցվեն:
«Նախորդ տարիներին հրդեհներ լինում էին Ծիծեռնակաբերդին հարող այգում, Եռաբլուրում, Հաղթանակի զբոսայգում, մինչդեռ այս տարի ոչ մի դեպք չի գրանցվել»,- ընդգծեց Ս. Մաքսապետյանը:
Օգոստոս 20, 2010
