

ԷկոԼուր
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել «Արմօյլ» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող գույքի վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանը որոշում է կայացրել պարտադրել «Արմօյլ» ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճ. 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ Երևանյան խճ. Թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները: Այս հասցեներով է բաժանված Եղվարդում «Արմօյլ»-ի կողմից կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանը:
Որոշումը կայացվել է «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2019 թ. տրված թիվ ԿԴ3/0173/02/19 կատարողական թերթի համաձայն, ըստ որի պետք է.
- Արգելանք դնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճ. 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ Երևանյան խճ. թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
- Արգելել «Արմօյլ» ՓԲԸ-ին և/կամ նրա պատվերով /լիազորությամբ/, խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն՝ կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճ. 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ Երևանյան խճ. թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում:
- Պարտավորեցնել «Արմօյլ» ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճ. 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ Երևանյան խճ. թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Ռիվալ» ՍՊԸ-ն՝ գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով: Ընկերության հանրային կապերի մասնագետ Ելիզավետա Ասատրյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ դատարանի կողմից վերջնական վճիռ չի կայացվել, սակայն կայացվել է որոշում հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին: «Արդյունքում հարկադիրի կողմից որոշում է կայացվել կատարողական վարույթ հարուցելու մասին: Մինչև դատարանի որոշում կայացնելը, ընկերությունը պարտավոր է ենթարկվել հարկադիրի որոշմանը: Քանի որ «Արմօյլ»-ը գործարանի տարածքը բաժանել է տարբեր հասցեներով արտադրամասերի, բոլոր հասցեների վրա որոշումը կիրառվում է», - նշեց Ելիզավետա Ասատրյանը:
Հիշեցնենք, որ «Ռիվալ» ՍՊԸ-ն անմիջապես գործարանի կողքին ունի մեծ այգիներ և չրային տնտեսություն: Ընկերության հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը պնդում է, որ գործարանի շինարարությունն ապօրինի է, ռիսկերը՝ չգնահատված, իսկ շահագործման դեպքում այն կոչնչացնի հարակից այգիները, անդառնալի վնասներ կհասցնի մարդկանց առողջությանը:
Նշենք, որ գործարանի կառուցումը չի անցել բնապահպանական փորձաքննություն:
Մարտ 12, 2019 at 18:34