Հայաստանում Էմերալդ ցանցը և մոլորեցված Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը

Հայաստանում Էմերալդ ցանցը և մոլորեցված Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Աննա Մազմանյանը պաշտոնավարման ընթացքում 2021թ-ին 2 նամակ է հղել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն՝ անհիմն որակելով մի խումբ հասարակական կազմակերպությունների բողոքում նշված Ամուլսարի ծրագրի բացասական ազդեցությունները:

Հիշեցնենք, որ CEE Bankwatch Network միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական, «Հայաստանի անտառներ», «Կանաչ Հայաստան» ՀԿ-ները բողոք էին ուղարկել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: 

Բողոքում նշված է, որ Ամուլսարի ծրագիրն արդեն իսկ տեղակայված է «Ջերմուկ տարածք» Էմերալդ թեկնածու տարածքում և հետագայում կարող է նշանակալից ազդեցություն թողնել Էմերալդ ցանցի այլ թեկնածու տարածքների՝ «Սևան» ազգային պարկի (AM0000002) և «Գորհայք տարածք»-ի (AM0000002) վրա:

Բողոքում նշված է, թե Բեռնի կոնվենցիայի հավելվածներում նշված կենդանատեսակները, թռչնատեսակները, ձկնատեսակները և բուսատեսակները (ավելի քան 50 տեսակ) ազդեցություն են կրելու Ամուլսարի ծրագրի իրականացման արդյունքում:

Աննա Մազմանյանը 2021թ-ի ապրիլի 16-ին նամակում նշել է. «Անդրադառնալով 2020/04 Բողոքին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը և դրա ազդեցությունը Էմերալդ ցանցի տեղամասերի վրա, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս իրականացվում են համապատասխան աշխատանքներ պոտենցիալ տեղամասերի բոլոր սահմանների հստակեցման և ճշգրտման համար, այդ թվում՝ «Ջերմուկ», բուսական և կենդանական տեսակների ամենակարևոր կենսամիջավայրերն ու տարածքները Կոնվենցիայի առաջարկություններին համապատասխան ընդգրկելու նպատակով: Համաձայն այս առաջարկությունների՝ Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների բույսերի և կենդանիների տեսակներն ու բնադրավայրերը տարածված են ամեն շրջանում, ինչպես նշված է հետևյալ կատեգորիաներում. A: 15-100%; B: 2-15%; C: 1-2%; D. ոչ էական (1%-ից պակաս)»:

Անդրադառնալով բողոքում նշված կենդանատեսակներին և բուսատեսակներին՝ Աննա Մազմանյանը հերքել է տվյալ տեսակների գոյությունը Ամուլսարի ծրագրի տարածքում՝ նշելով. «Բողոքում ներկայացված հնարավոր բացասական ազդեցություններն անհիմն են և չունեն որևէ գիտական հիմնավորում և ապացույցների վրա հիմնված կանխատեսում, քանի որ բողոքում թվարկված կաթնասունների տեսակները (Կաթնասուններ. Կովկասյան ընձառյուծ (Panthera pardus saxicolor), Գորշ գայլ (Canis lupus), Բեզոարյան այծ (Capra aegagrus), Ջրասամույր (Lutra lutra), Սովորական լուսան (Lynx lynx), Գորշ արջ (Ursus arctos), Խայտաքիս (Vormela peregusna), Սովորական երկարաթև չղջիկ (Miniopterus schreibersii), Սրականջ գիշերաչղջիկ (Myotis blythii), Եռագույն գիշերաչղջիկ (Myotis emarginatus), Հարավային պայտաքիթ (Rhinolophus euryale), Մեծ պայտաքիթ (Rhinolophus ferrumequinum), Փոքր պայտաքիթ (Rhinolophus hipposideros), Մեհելիի պայտաքիթ (Rhinolophus mehelyi), Հայկական մուֆլոն (Ovis orientalis` ունի խոցելի կարգավիճակ) ԲՊՄՄ կարմիր գրքի համաձայն) հանքի տարածքում գոյություն չունեն:

Նշված տարածքում թռչունների տեսակները` Երկնագույն Ալկիոն (Alcedo atthis), Գեղանի Կռունկ (Anthus campestris), Սովորական Այծկիթ (Caprimulgus europaeus), Մարգահավ (Crex crex), Սիրիական Փայտփոր (Dendrocopos syriacus), Այգու Դրախտապան (Emberiza hortulana), Սովորական Շամփրուկ (Lanius collurio), Սևաճակատ Շամփրուկ (Lanius minor), Անտառային Արտույտ (Lullula arborea), Կապտափող Սոխակ (Luscinia svecica), Կարմրակտուց Ճայ (Pyrrhocorax pyrrhocorax), Ճուռականման Շահրիկ (Sylvia nisoria), Կարմիր Բադ (Tadorna ferruginea), Մորուքավոր Արծվանգղ (Gypaetus barbatus), Գիժանգղ (Neophron percnopterus); Քարարծիվ (Aquila chrysaetos), Փոքր Արծիվ (Aquila pomarina), Գաճաճ Արծիվ (Hieraaetus pennatus), Օձակեր Արծիվ (Circaetus gallicus), Կրետակեր (Pernis apivorus), Տափաստանային Ճուռակ (Buteo rufinus), Մարգագետնային Մկնաճուռակ (Circus pygargus), Սապսան (Falco peregrinus), Տափաստանային Հողմավար Բազե (Falco naumanni), Բվեճ (Bubo bubo), Փոքր Առտույտ (Calandrella brachydactyla): Սողուններ. Հայկական լեռնատափաստանային իժ Vipera eriwanensis (հոմանիշներ՝ Vipera ursinii, V. u. eriwanensis), Պալլասի մագլցող սահնօձ Elaphe sauromates (հոմանիշներ՝ Elaphe quatorlineata, E. q. sauromates)) չեն բնադրում: Նրանք թռչում են ներկայիս տարածքով, քանի որ ունեն մեծ որսավայրեր կեր փնտրելու տիրույթում, ունեն բավարար որսի տարածք, քանի որ նրանք արդեն օգտագործում են մոտակա այլ տարածքներ»:

Աննա Մազմանյանը հերքել է նաև ձկնատեսակների և բուսատեսակի առկայությունը Ամուլսարի ծրագրի տարածքում:

Նա Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը տեղեկացրել է, որ Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների վերաբերյալ ապացույցների վրա հիմնված տվյալների ստացումը պահանջում է լրացուցիչ և ծավալուն դաշտային աշխատանք: Նշված գործողություններն իրականացնելուց հետո Շրջակա միջավայրի նախարարությունը Կոնվենցիայի քարտուղարությանը պաշտոնապես կներկայացնի Էմերալդ ցանցի թեկնածու տեղամասերի օպտիմալացված ցանկը:

Աննա Մազմանյանը նույնաբովանդակ նամակ Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ուղարկել է նաև 2021թ-ի հուլիսի 29-ին՝ ասվածին հավելելով միայն, որ իրականացվում է Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների օպտիմալացում, որից հետո Կոնվենցիայի քարտուղարությանը կներկայացնեն թեկնածու վայրերի օպտիմալացված ցուցակը:

Ներկայացնելով Շրջակա միջավայրի նախարարության տեսակետը՝ Աննա Մազմանյանը հղում չի արել որևէ փաստաթղթի կամ գիտական հետազոտությունների վրա, որտեղ նշված կլիներ, թե ինչի հիման վրա և որ տեսակների առկայությամբ պայմանավորված է «Ջերմուկ տարածք»-ը ընդգրկվել Էմերալդ թեկնածու տարածքների ցանկում: Անհասկանալի է, թե ինչպես է Ամուլսարի ծրագրի տարածքը տարանջատվել «Ջերմուկ տարածք» Էմերալդ թեկնածու տարածքից, ինչ հիմնավորմամբ, եթե ըստ Աննա Մազմանյանի նամակի, ընթանում են Էմերալդ թեկնածու տարածքների ճշգրտման աշխատանքներ: Նշենք, որ հասարակական կազմակերպությունների բողոքում նշված տեսակները ներկայացվել են WWF-Հայաստանի և Բուլղարիայի «Վայրի բնության բալկանյան միություն» ՀԿ-ի հետազոտությունների հիման վրա, որոնք նամակով ուղարկվել են Շրջակա միջավայրի նախարարություն: 

2021թ-ի սեպտեմբերի 14-16-ին տեղի է ունեցել Բեռնի կոնվենցիայի բյուրոյի նիստ, որտեղ ՀԿ-ների 2020/04 բողոքի վերաբերյալ կայացվել է որոշում, որում մասնավորապես նշված է, որ ի գիտություն է ընդունել իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը և ըստ իշխանությունների, բողոքում ներկայացված կաթնասունների տեսակները չեն հաստատվել տարածքում. թռչունների տեսակները չեն բնադրում տարածքում, միայն թռչում են երկայնքով և ունեն մեծ տարածքներ շուրջը: Տարածքում չեն բնակվում նաև բողոքում նշված ձկները, անողնաշարավորները և բուսատեսակները։

Բյուրոն խնդրել է իշխանություններին տրամադրել կատարված գնահատումների արդյունքները, որոնք ցույց կտան, որ ծրագիրը որևէ բացասական ազդեցություն չի ունենա տեսակների և աճելավայրերի վրա:

Բյուրոն ևս մեկ անգամ արտահայտել է իր մտահոգությունը Հայաստանում Emerald ցանցի ծածկույթի ակնկալվող մեծ կրճատման կապակցությամբ և կրկին հորդորել իշխանություններին պարզաբանել, թե երբ վերանայված ցուցակը պատրաստ կլինի և կներկայացվի Քարտուղարություն:

Հոկտեմբեր 27, 2022 at 11:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր