«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու խնդրանքով:
NEWS.am-ի հետ զրույցում բնապահպան Ինգա Զարաֆյանն ասաց, որ եթե երկարաձգվի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը, ապա ընկերությունն առանց նոր ՇՄԱԳ–ի ու այլ թույլտվությունների, կշարունակի իր գործունեությունը։
««Լիդիան Արմենիան» ուզում է առանց նոր հայտի, ամռանը ուժի մեջ մտած օրենքի համաձայն, երկարաձգել իր իրավունքները։ Սա նշանակում է, որ «Լիդիանը» կարող է առանց նոր ՇՄԱԳի ու այլ թույտվությունների, երկարաձգել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը եւ շարունակել իր գործունեությունը, որովհետեւ «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նոր օրենքով, եթե հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժներ, փոթորիկներ կամ այլ բնական աղետներ, պայթյուններ, պատերազմ, ահաբեկչություն, քաղաքացիական պատերազմ, այդ թվում եւ քաղաքացիական անհնազանդություններ են եղել, ապա ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգումը կհամարվի անհաղթահարելի ուժ»,– պարզաբանեց Ինգա Զարաֆյանը։
Բնապահպանի խոսքով՝ նախկին կարգավորումներով, հնարավոր չէր ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգել առանց հայտ ներկայացնելու, ինչը ենթադրում էր ՇՄԱԳ-ի եւ այլ թույլտվություններ։
Բնապահպանները նախկինում էլ բարձրաձայնել էին «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նոր օրենքի թերությունների մասին եւ նշել, որ օրենքով ստեղծված հնարավորությունները «Լիդիան Արմենիայի» համար են, որովհետեւ այլ ընկերություն չկա, որը ինչ–որ գործունեություն է ծավալում տարբեր լիցենզիաներով։
«Ես հիշեցնեմ, որ «Լիդիանը» դադարեցրել էր իր գործունեությունը, որովհետեւ շատ մարդիկ փակել էին ճանապարհները, ասելով, որ հաշվի չի առնվել իրենց բողոքը, եւ հիմա բողոքը այդ կերպ են տեղ հասցնում, ինչը բողոքի ներկայացման նորմալ ձեւ է, բայց փաստորեն նոր օրենքում սա մտել է որպես քաղաքացիական անհնազանդություն, ինչը մեզ համար ընդունելի չէ»,– նշեց Ինգա Զարաֆյանը։
Բնապահպան Նազելի Վարդանյանն էլ ասաց, որ «Լիդիանի» դիմումը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չպետք է բավարարի, որովհետեւ օրենքը հակասահմանադրական է։
«Խախտվում են մարդու սահմանադրական իրավունքները, հետադարձ ուժ են տվել օրենքին, որը կրկին Սահմանադրության խախտում է։ Հետադարձ ուժ չի կարող տրվել մի օրենքի, որը խախտում է այլոց իրավունքները։
Հիմա ի՞նչ է, պետք է փակե՞նք մեր աչքերը այդ խախտումների նկատմամբ, նույնիսկ եթե այդ օրենքը ստորագրված է։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են ապացուցելու, որ արգելք է եղել, որ անհնազանդություն է եղել, բացի այդ արգելքը վերացել է երկու տարի առաջ, երբ պատերազմը սկսվեց, ճանապարհը բացվեց, անցել է երկու տարի, իրենք թույլտվություն են ունեցել իրենց գործունեությունը շարունակելու, ինչո՞ւ այս ընթացքում չեն իրականցրել իրենց գործունեությունը, երկու տարի ինչո՞վ էին զբաղված, ի՞նչն է խանգարել, չէ որ անհաղթահարելի ուժ չկար, գնայիր քո գործունեությունը իրականացնեիր, հետո կգայիր, կասեիր՝ ժամկետը երկարացրու, բայց դու ոչ մի բան չես արել, ամբողջ տեխնիկան վաճառել ես։
«Լիդիանին» այդ ժամկետի երկարաձգումը պետք է, որպեսզի վաճառք անեն, ու իրենք ման են գալիս նոր գնորդներ։ Դե որ վաճառելու լինեին, պետք է ասեին՝ մենք բոլոր թույլտվություններն ունենք, հիմա այդ թույլտվությունների ժամկետը վերջացել է, ու իրենք այդ օրենքի փոփոխության լոբբինգն արեցին, որ իրենց վրա տարածվեր այդ օրենքը, հիմա տեղի ունեցող գործընթացը ապացուցում է, որ հենց իրենց վրա է տարածվում, ոչ մի այլ ընկերություն չի օգտվել է «Ընդերքի մասին լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններից:
ՏԿԵՆ պետք է հարցնի՝ խոչընդոտները վերացվել են դեռ երկու տարի առաջ, ի՞նչ ես արել այս ընթացքում, բացի նրանից, որ քո եղած–չեղածը վաճառել ես։ Եթե ՏԿԵՆ բավարարի այդ դիմումը, մենք դատարանում վիճարկելու ենք»,– ասաց Նազելի Վարդանյանը։
Սեպտեմբեր 08, 2022 at 10:11